Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտելիքների ստուգում՝ քննություններից առաջ

Մարտ 21,2015 13:30

Օրերս Երեւանում եւ մարզերում կայացավ «ԵՊՀ օլիմպիադան», որին հայտագրվել էր 3324 աշակերտ: Աշակերտները հանրակրթական 15 առարկաներից (մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, ինֆորմատիկա, կենսաբանություն, աշխարհագրություն, հայ ժողովրդի պատմություն, մարդու իրավունքներ եւ ժողովրդավարություն, հայոց լեզու եւ գրականություն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ստեղծագործական աշխատանք, հայ եկեղեցու պատմություն) իրենց ուժերը փորձեցին ընդունելության քննություններից առաջ:

Նախկինում ծրագրում ներգրավված են եղել միայն մի քանի մարզերի դպրոցներ, սակայն այս տարի օլիմպիադային մասնակցել են հանրապետության բոլոր մարզերի դպրոցները: Օլիմպիադան նախատեսված է 12-րդ դասարանի աշակերտների համար, սակայն այս տարի մասնակցում էին նաեւ 10-րդ եւ 11-րդ դասարանների աշակերտներ: Ամենամյա օիմպիադան ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ անցկացվում է 2009 թ.-ից:

ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության պետ Վաչագան Գալստյանը նշեց, որ օլիմպիադայի հիմնական նպատակը դպրոցականների մասնագիտական կողմնորոշումն ու ավագ դպրոց-ԵՊՀ կապն ամրապնդելն է. «Սա աշակերտների համար միջազգային օլիմպիադաներին մասնակցելու լավ փորձ է: ԵՊՀ-ի կողմից անցկացվող օլիմպիադայի հաղթողներին կտրվեն արտոնություններ: Դրանք կարող են լինել ընդունելության մուտքի ժամանակ կամ ուսումնառության առաջին տարիներին՝ զեղչերի կամ ուսման վարձավճարների տեսքով: Հաջորդ տարվանից օլիմպիադաները կանցկացվեն երկու փուլով, իսկ այդ արտոնություններից կօգտվեն հենց երկրորդ փուլի հաղթողները: Համեմատության համար նշեմ, որ եթե առաջին տարում օլիմպիադային մասնակցում էին 600, ապա այս տարի` արդեն 3324 հայտագրված աշակերտներ, որոնցից 921-ը Երեւանից են, իսկ 2403-ը՝ ՀՀ մարզերից»:

Պարոն Գալստյանը փաստեց նաեւ, որ աշակերտների թվի աճի դինամիկան կապված է կատարվող աշխատանքների հետ. տարեցտարի ավելանում են հանրապետության դպրոցների հետ համագործակցության պայմանագրերը, պարբերաբար անցկացվում են մասնագիտական կողմնորոշմանը միտված դասախոսություններ դպրոցներում, ինչպես նաեւ «Բաց դռների օր» Մայր բուհում, որի շրջանակում աշակերտները հանդիպում են ֆակուլտետների դեկանների եւ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ:

Նշենք, որ «Բաց դռների օր» ծրագիրն անցկացվեց նաեւ «ԵՊՀ օլիմպիադա-2015»-ից առաջ: Աշակերտները ծանոթացան ԵՊՀ ֆակուլտետներին, շրջեցին լսարաններով եւ հանդես եկան կրթության վերաբերյալ իրենց հուզող հարցերով:

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան Էմիլ Գեւորգյանը կարծում է, որ օլիմպիադան նախ եւ առաջ աշակերտների համար ընդունելության քննություններին պատրաստվելու հիանալի փորձ է, քանի որ թեստային առաջադրանքների մեծ մասը համապատասխանեցվել է շտեմարաններում ներառված առաջադրանքներին. «Այս տարվա թեստերում փորձել ենք այնպիսի հարցեր ներառել, որոնք նախկինում չեն եղել: Օրինակ` նախորդ տարի «Կենսաբանություն» առարկայի օլիմպիադայի մասնակիցների 15%-ը ստացել է բարձր գնահատականներ, իսկ այս տարի ավելի մեծ արդյունք ենք ակնկալում»:

Պարոն Գեւորգյանը թեեւ դժգոհ է նախորդ տարվա «Կենսաբանություն» մասնագիտության ընդունելությունից, այդուհանդերձ համոզված է, որ սեպտեմբերին Մայր բուհի ուսանողների շարքերն են համալրելու հենց «ԵՊՀ օլիմպիադա-2015»-ի մասնակիցները:

Գյումրու «Ֆոտոն» վարժարանի տնօրեն Մանվել Մովսիսյանն «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ Մայր բուհի կողմից անցկացվող օլիմպիադայում տարիներ շարունակ բարձր արդյունքներ են արձանագրում, ինչն էլ պատճառ է հանդիսանում, որպեսզի վարժարանի շրջանավարտներն ընդունվեն հենց ԵՊՀ. «Այս տարի ավելի շատ բարձր արդյունքների ենք սպասում «Անգլերեն», «Պատմություն» եւ «Մաթեմատիկա» առարկաներից: Նման օլիմպիադաները նպաստում են, որպեսզի դիմորդներն ավելի լավ պատկերացնեն իրենց մասնագիտությունը»:

«Ֆիզիկա» առարկայի գծով օլիմպիադայի մասնակից, Երեւանի Սոս Հովսեփյանի անվան համար 115 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Սարո Ասոյանը թեեւ վստահ էր, որ լավ է գրել առաջադրանքները, այնուամենայնիվ կարծում է, որ դրանց մեջ չնչին տարբերություններ ու բարդություններ եղել են. «Խնդիրը հիմնականում կապում եմ բանաձեւերի հետ: Ըստ իս՝ փորձել եմ հաղթահարել այն եւ բարձր արդյունք եմ ակնկալում: Եթե ընդունելության քննություններն էլ բարեհաջող հանձնեմ, կընդունվեմ հենց ԵՊՀ»:

«ԵՊՀ օլիմպիադա-2015»-ի արդյունքների ամփոփումը եւ պաշտոնական փակումը տեղի կունենան մարտի 27-ին՝ ԵՊՀ մեծ դահլիճում: Հաղթողները կստանան 1-ին, 2-րդ եւ 3-րդ կարգի դիպլոմներ, գովասանագրեր, ինչպես նաեւ Մայր բուհի կողմից կպարգեւատրվեն գրքերով ու դիմորդի ուղեցույցներով:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Առավոտ»

20.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031