Լրահոս
Օրվա լրահոսը

Գոռ Վարդանյան. «Մենք սովորեցնում ենք կյանքում դժվարությունները հաղթահարել»

Մարտ 21,2015 13:00

«Առավոտը» որոշ վերապահումներով է անդրադառնում Հայաստանում արեւելյան մարտարվեստներին: Բացառության կարգով զրուցեցինք Միջազգային «Դուքենդո» ֆեդերացիայի եւ Ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանի հետ:

– Պարոն Վարդանյան: «Դուքենդո» թարգմանաբար ի՞նչ է նշանակում:

– «Արա: Կարող ես»: Յուրաքանչյուր մարդ կյանքում, դա լինի սպորտ, արվեստ, թե ցանկացած այլ ոլորտ, հայտնվում է որոշակիորեն դժվար իրավիճակում: Եվ եթե այն հաղթահարելու ուժ եւ ցանկություն կա, քաջալերանքի կարիք է ունենում: Այդ պահին պետք է լինի այն մարդը, որը նրան քաջալերի, ուժ եւ ճիշտ ճանապարհ ցույց տա: Այդպես սպորտում է հաճախ պատահում, երբ մարզիկը հայտնվում է հոգեբանական բարդ վիճակում: Կյանքում էլ՝ ինչ լավ գործ անես, դժվարություններ, հիասթափություններ միշտ լինում են: Պետք է կամք դրսեւորես՝ ժամանակի մեջ դրանք հաղթահարելու եւ հաջողության հասնելու համար: «Դուքենդոյում» կա կենդանական հինգ նշան. Արջ՝ բարություն եւ ուժ, Կատու՝ ճկունություն, Օձ՝ ռեակցիա, Արծիվ՝ դիպուկություն եւ Առյուծ՝ կեցվածք: Այսինքն, յուրաքանչյուրին նմանվելով՝ ձեռք ես բերում նրա որակը, իսկ բոլորին միասին՝ գնում ես դեպի կատարելություն:

– Որտե՞ղ եւ ինչպե՞ս է ծնվել «Դուքենդոն»:

– Իր կանոնակարգով, մարզչական, մանկավարժական մեթոդիկայով մարզաձեւն ամբողջությամբ հաստատվել է Ամերիկայում եւ ամերիկյան մարզաձեւ է, որի հիմնադիրը ես եմ: Ծանոթ լինելով արեւելյան մարտարվեստների մեծ մասի բազային, որոնք ստեղծվել են 100 տարի առաջ, տեսա, որ այս ընթացքում կյանքը, մարդը շատ է առաջ գնացել ու որոշ բաներ սկսել են կաղալ: «Դուքենդոն» պաշտոնապես գրանցվել ու հաստատվել է Ամերիկայում, իսկ այժմ աշխարհի 14 երկրներում գործում է պաշտոնապես, եւս 16-ը ունեն լիցենզիա, որոնք ուսումնասիրում եւ յուրացնում են ծրագրերը:

– Տարօրինակ չե՞ք համարում, որ Հայաստանի նման մի բուռ երկրում գործում են արեւելյան մարտարվեստների մի քանի տասնյակ դպրոցներ, որոնք հիմնադրել են տեղացի հայերը, ու որ ավելի կասկածելի է՝ բոլորն էլ ունեն «սեւ գոտի»: Հավանաբար, Չինաստանում ու Ճապոնիայում սեւ գոտի ունեցող այդքան վարպետ չկա:

– Չեմ բացառում, որ կան մարդիկ, որոնք դպրոց են բացում, դրամ հավաքում: Կարելի է խանութից սեւ գոտի գնել, ասել՝ այն վաստակել եմ ու բիզնես անել: Բայց եթե մարզվողին տալու գիտելիք չունես, երկար չես դիմանա: Այդպիսիք ցեխ են շպրտում իսկական դպրոցների վրա: Դա, գուցե, նրանից է, որ Հայաստանում վերահսկող մարմին չկա: Բայց հավատացեք, որ ունենք լավ վարպետներ, որոնք քիչ բան չեն անում մեր երկրի համար՝ առողջ, ամուր, մարտունակ սերունդ են դաստիարակում: Որ մեզանում արեւելյան մարտարվեստների նկատմամբ թերահավատություն կա, դա գալիս է նաեւ նրանից, որ լավ վարպետների աշխատանքը կամ չի լուսաբանվում, կամ քիչ է լուսաբանվում, որ նրանք դրան կարեւորություն չեն տալիս: Այդ բացը լրացնելու նպատակով ես Հայաստանում հիմնադրել եմ նաեւ «Հայկական մարտարվեստների միացյալ խորհուրդ», որի նպատակն ընդհանուր աշխատանքները ճիշտ կազմակերպելն ու ճիշտ մատուցելն է:

– Հայաստանում «Դուքենդոյով» շա՞տ մարդ է զբաղվում:

– Շատ: Աշնան տվյալներով՝ յոթ հազարից ավելի: Մեր խմբերը կենտրոնացված են Երեւանում, բայց մարզերում էլ ունենք: Մենք մարզերում իրար հետեւից դպրոցներ չենք բացում այն պատճառով, որ մարզիչը պարտադիր պետք է որակավորում ունենա, ծրագրին տիրապետի: Մեզ մոտ յուրաքանչյուր մարզիչ ամեն տարի ատեստացիա է անցնում եւ պարտադիր պետք է ամեն տարի լիցենզիա ստանա:

– Հատկապես երեխաների ընտրությունն ի՞նչ սկզբունքով է կատարվում: Ծնողն իր երեխային մարտարվեստի տալիս է, որպեսզի փողոցում կարողանա կռիվ անել, որպեսզի չնեղվի:

– Նախ, երեխան ինքն է ցանկանում մարտարվեստով զբաղվել: Բայց դահլիճում մի քանի պարապմունքից հետո, որոշում է՝ շարունակե՞լ, թե՞ ոչ: Մեր մարզիչներն իրենց սաներին առաջին հերթին սովորեցնում են իրենց ներաշխարհը եւ մարմինը ճանաչել: Մարդը եթե հասկանում է, թե ինքն ով է եւ ինչ է ուզում կյանքից, կհասկանա նաեւ շրջապատին: Ցանկացած երեխայի, պատանու, երիտասարդի մեջ, թեեւ այդ բառը չեմ սիրում, «կռիվ անելը» կա: Մեր խնդիրը նրան ճիշտ մտածողություն տալն է: Մեզ մոտ նա մարզադահլիճում սովորում է պայքարել, կամքի ուժ է ձեռք բերում, որը տարածվում է նաեւ, ասենք, դպրոցում դասերը սովորելու վրա: Նա տարիների ընթացքում ձեռք է բերում հոգու եւ ֆիզիկականի ներդաշնակություն, հասկանում իր առավելությունները եւ աշխատում մարզադահլիճում սովորածը դրսում չկիրառել՝ որքան հնարավոր է: Մենք դրան ենք ձգտում:

– Ձեր ֆեդերացիայի սաները մարզական ի՞նչ հաջողություններ ունեն:

– Շատ-շատ են: Հիմա կդժվարանամ միայն անցած տարի միջազգային խոշորագույն մրցումներում չեմպիոնների ու մրցանակակիրների ինչ-որ թիվ հրապարակել: Ասեմ միայն, որ ավելի քան 60 դիպլոմ ու պատվոգիր եմ ստորագրել:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031