Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչպես կպատասխանի Պուտինը Սերժ Սարգսյանին

Մարտ 21,2015 12:00

Բրյուսել Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին մեկնելուց ժամեր առաջ Սերժ Սարգսյանի հայտարարությունը` Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու թեմայով, գնահատվեց որպես սենսացիոն: Մինչդեռ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը դեռ անցյալ տարվանից իշխանությունները տարբեր մակարդակով բարձրացնում են, եւ, ըստ էության, Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունը նորություն չէ, սա արդեն չորրորդ նմանատիպ հայտարարությունն է ՀՀ իշխանությունների կողմից:

Այսպես` «Արարատի ստորոտին» միջազգային մեդիա ֆորումում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանելով Հայաստանի` ԵՏՄ անդամակցության եւ ԼՂ հակամարտության կողմերին Ռուսաստանի կողմից զենքի վաճառքի մասին մոսկովյան լրագրողի հարցին՝ նշել է. «ՀՀ ԶՈՒ ստեղծումից ի վեր մենք երախտապարտ ենք եւ շնորհակալ մեր դաշնակցին՝ մեզ օժանդակելու համար: Իհարկե, այս հարաբերություններում մեզ անհանգստացնում է, որ ՌԴ-ն՝ ելնելով տարբեր պատճառներից, դրդապատճառներից, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին, եւ այստեղ խնդիրը սպառազինության որակը չէ, խնդիրն այն է, որ մեր սահմանին կանգնած հայ երիտասարդը գիտակցում է, որ իրեն փորձում են ոչնչացնել ռուսական զենքից: Սա է ամենաբարդ հանգամանքը, եւ սա է, որ մեր հարաբերությունների վրա կարող է վատ ազդեցություն ունենալ: Տեւական ժամանակ, 250 տարվա ընթացքում, հայերը եւ ռուսներն ապրել են կողք կողքի, ունեցել են ընդհանուր թշնամիներ, հակառակորդներ եւ իրենց երկրում արտադրված զենքերից իրար վրա չեն կրակել: Սա խնդիր է, պրոբլեմ, եւ այս պրոբլեմը պետք է լուծում ստանա»:

Մի քանի օր առաջ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սլովենական «Dnevnik» օրաթերթին տված հարցազրույցում անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման թեմային` նշեց. «Մենք կնախընտրեինք, որ Ռուսաստանն Ադրբեջանին զենք չվաճառեր: Մենք չենք խնդրում մեր բարեկամ երկրներին, գործընկերներ պետություններին Հայաստանի համար ինչ-որ բան անել` ընդդեմ ուրիշների: Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման առումով մեր ակնկալիքը մի կողմին աջակցելը չէ՝ ընդդեմ մյուսի, այլ միջազգային հանրության մոտեցումը ներկայացնող Մինսկի խմբի համանախագահների կողմից արտահայտված դիրքորոշմանը սատարելը: Իսկ Ռուսաստանը երեք համանախագահներից մեկն է»:

Նախ` այստեղ անհասկանալի է, թե ինչու մեր բարեկամ, գործընկեր, ավելին` դաշնակից երկրներին չենք խնդրում կամ առաջարկում Հայաստանի համար ինչ-որ բան անել` ընդդեմ ուրիշների, օրինակ` Ադրբեջանի: Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի հետեւողական աշխատանք է տանում բոլոր միջազգային կառույցներում, բազմաթիվ երկրների հետ եւ հաճախ հաջողությունների է հասնում: Վերհիշենք մարդասպան Սաֆարովի արտահանձնումը, այժմ Ադրբեջանը լծվել է ԼՂ-ում ազատազրկման դատապարտված ադրբեջանցիներ Դիլհամ Ասկերովին եւ Շահբազ Գուլիեւին վերադարձնելու գործին, եւ տպավորություն է ստեղծվում, որ հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետ է պաշտոնական Բաքուն աշխատում այդ ուղղությամբ:

Գանք, սակայն, հայ-ռուսական հարաբերությունների թեմային: ՀՀ իշխանությունները չեն կարող վերանայել իրենց որոշումը եւ ԵՏՄ-ում ՀՀ անդամակցության դադարեցման հարց բարձրացնել: Սա պարզ է: Կամ գոնե այս փուլում դա իրատեսական չէ ակնկալել: ՀՀ իշխանությունները գուցե դեռ համարում են, որ կայացրել են ճիշտ որոշում, ընդ որում՝ հստակ է, որ դա քաղաքական որոշում էր, ոչ թե տնտեսական նպատակահարմարությամբ եւ շահավետությամբ թելադրված հրամայական: Այդ կառույցը եթե կայանա, դեռ միայն դրանից հետո կարող են հիմքեր ստեղծել, որպեսզի ուսումնասիրվի Հայաստանի ինտեգրացիոն զարգացման հնարավորությունները եվրասիականի շրջանակներում:
Հայաստանը, սակայն, կարող է վերանայել իրավիճակը Ռուսաստանի հետ փոխհարաբերություններում` ի շահ Հայաստանի ավելի նրբանկատ քաղաքականություն վարելով: Դրա համար պարտադիր չեն մշտապես հրապարակային ելույթներն ու ակնարկները: Ընդհակառակը՝ Հայաստանի իշխանությունը դիվանագիտական ասպարեզում ունի անելիք, որը միշտ չէ, որ պետք է երեւա հանրությանը: Նախընտրելի է, որպեսզի երեւան կատարված աշխատանքի արդյունքները:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ իշխանությունները անցյալ տարվանից արդեն հրապարակայնորեն բարձրաձայնում են ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին ու մտահոգություն հայտնում, կարելի է եզրակացնել, որ կուլիսներում նրանք այդ հարցը ռուսական կողմի առջեւ չեն բարձրացնում, այլ նախընտրում են սահմանափակվել հրապարակային ուղերձներով: Սա կարելի է նույնիսկ ահազանգ համարել ՀՀ իշխանությունների կողմից, որը դժվար թե ուրախությամբ ընդունվի Մոսկվայում:
Անցյալ տարի ամռանը Բուենոս Այրեսում Clarin թերթին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանն առաջին անգամ հրապարակավ դժգոհեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու առիթով. «Մեզ համար դա շատ ցավոտ թեմա է, եւ մեր ժողովուրդը շատ է մտահոգվում, որ մեր ռազմավարական գործընկերը զենք է վաճառում Ադրբեջանին»: Իսկ անցյալ տարի աշնանը ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի թեմային անդրադառնալիս ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ասաց. «Հակառակորդի սպառազինումը միշտ էլ մեր ուշադրության կենտրոնում է, եւ մենք մեր մտահոգությունները բոլոր ատյաններում էլ արտահայտում ենք»:

Ադրբեջանի սպառազինման թեման մշտապես պետք է բարձրացնել տարբեր ատյաններում եւ միջազգային կառույցների հետ աշխատելիս, սակայն հայ-ռուսական «ռազմավարական» հարաբերությունների մակարդակը ենթադրում է ավելի կոնկրետ լուծում այս հարցում: Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է` Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի հետ, կատարում է մի առաքելություն, որի նպատակը ղարաբաղյան բանակցություններով խաղաղության հաստատմանը հասնելն է, կողմերին հաշտեցնելը: Բայց Ռուսաստանն անում է ճիշտ հակառակը. զենքի վաճառքով ՌԴ-ն Ադրբեջանին դրդում է ուժային լուծման կամ առնվազն դրա քարոզչության իրականացման:

Իհարկե, բոլորի համար պարզ է, որ եթե ՌԴ-ն չվաճառի զենք Ադրբեջանին, Ալիեւը այլ երկրներից կհայթայթի, որպեսզի իր երկրի քաղաքացիներին ցույց տա, թե որքան «հայրենասեր» է եւ ինչի վրա է ծախսում գումարներ: Բայց մի՞թե հայ-ռուսական «ռազմավարական» հարաբերությունները արժանի չեն, որպեսզի ՌԴ-ն Ալիեւին զենք չվաճառի այնպես, ինչպես ԵԱՀԿ Մինսկի խումբը եռանախագահող ԱՄՆ-ն ու Ֆրանսիան դա չեն անում:

Հայաստանն անդամակցեց ԵՏՄ-ին՝ հավանաբար, Ռուսաստանի տված անվտանգության երաշխիքները հիմք ընդունելով, եւ հրաժարվեց ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից։ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը ոչ միայն չի բարելավվել, այլեւ մեր հակառակորդ երկիրն ավելի սանձարձակ ու ցինիկ է դարձել։
Պաշտոնական Մոսկվան չի արձագանքել Սերժ Սարգսյանի` արդեն երկու, ՀՀ պաշտպանության նախարարի` ամիսներ առաջ, ինչպես նաեւ ՀՀ արտգործնախարարի` ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու բավական թափանցիկ եւ միանշանակ հայտարարություններին: Ինչպես ասում են` գնդակը ռուսական կողմում է:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031