Լրահոս
Օրվա լրահոսը

Շուտով հնարավոր կլինի առանց խանութ գնալու տան ձեւավորումն անել

Մարտ 21,2015 12:30

Հայ երեք ծրագրավորողներ ստեղծել են մի կայք, որի միջոցով շուտով հնարավոր կլինի առցանց, լիովին անվճար, առանց խանութ գնալու տան, գրասենյակի եւ այլ վայրերի ձեւավորումն անել: Կայքը կոչվում է «Homeplanning.me»: Այն թույլ է տալիս, օրինակ, վերցնել պաստառ եւ փակցնել պատին, գորգ, կահույք եւ այլ անհրաժեշտ պարագաներ տեղադրել: Վերջում ստացված արդյունքը հնարավոր է դիտել 3D ձեւաչափով: Ապրանքների ընտրության արդյունքում գոյանում է զամբյուղ, որտեղ երեւում է ամբողջական գումարը եւ ապրանքների գինն առանձին-առանձին:

Նախագծի հեղինակներից Միհրան Բաբայանն «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ իրենք համագործակցելու են մի շարք խանութների հետ. «Կայքում ձեւավորում անելն անվճար է: Իսկ եկամուտ ակնկալում ենք ստանալ մեր գործընկերներից, խանութներից, իրենց տրամադրած ապրանքների գովազդից: Բացի այդ, կայքում ներկայացված ապրանքների վաճառքից է լինելու որոշակի գումար: Եվ եթե մարդիկ չցանկանան ինքնուրույն անել իրենց տան դիզայնը, կարող են դիմել մեզ, եւ մենք կտրամադրենք փորձառու դիզայների, որը կանի դա: Այդ ծառայությունը նույնպես վճարովի է»:

Հեղինակը նշեց նաեւ, որ գաղափարն առաջացել է 2014 թվականին, այն բանից հետո, երբ վերջացրել է իր տան վերանորոգումը. «Այդքան շատ խանութներ գնալուց հետո հասկացա, որ ինչ-որ բազա է պետք ստեղծել, որտեղ մարդն ամեն ինչ կգտնի եւ ժամերով չի գնա խանութներով պտտվի: Ու սկսեցինք աշխատել այս նախագծի վրա»:

7-2-2

Ծրագրի հեղինակներից մյուսը՝ Վահագն Հովհաննիսյանը նշեց, որ կայքն այժմ փորձնական փուլում է գտնվում. «Դեռեւս 2D ձեւաչափն է գործարկված, շուտով կլինի նաեւ 3D-ն: Հիմնականում մեր ծանոթներն են փորձարկում այն, փորձում են տեսնել՝ ինչ խնդիրներ կարող են առաջանալ եւ ինչ կուզեին այնտեղ տեսնել: Սակայն այժմ էլ ցանկացած մարդ կարող է մտնել, գրանցվել, տեսնել, թե ինչ է թույլ տալիս կայքը, առաջարկներ անել մեզ, որոնք մենք հաշվի կառնենք»:

Վահագնը չի կարծում, որ այս եւ նմանատիպ այլ ծրագրերը մի օր կարող են ամբողջությամբ փոխարինել սովորական խանութներին, սակայն «այժմյան տենդենցները ցույց են տալիս, որ թվային տեխնոլոգիաները շատանում են, մարդկանց մտածելակերպը փոխվում է: Նրանք փորձում են ամեն ինչ ինքնուրույն անել, հաճախ նույնիսկ առանց տանից դուրս գալու: Բայց խանութ գնալը, դիզայներներին դիմելը կմնա երկար տարիներ»:

Տղաներն այս ծրագրով մասնակցել են Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում Հայաստանում անցկացված «Սթարթափ Ուիքենդին» եւ ժյուրիի որոշմամբ դարձել են հաղթողներից մեկը: Նրանք նաեւ մասնակցել են ծրագրի երկրորդ մասին՝ «Սթարթափ Թուրքիային» եւ բավականին շատ կապեր են ձեռք բերել: Միհրան Բաբայանը նշեց, որ այդ մարդկանց հետ հիմա էլ շարունակում են շփվել: Վահագն Հովհաննիսյանն էլ հավելեց. «Նրանք առաջին մակարդակն են: Մեզ, իհարկե, ներդրողներ են պետք եւ մարդկանց հետ այդ շփումը իրենն ասաց, կապեր ձեռք բերեցինք, որը շատ կարեւոր է: Բացի այդ, մենք խորհրդատվություն ենք ստացել մասնագետների կողմից: Այսինքն՝ ծրագրի շրջանակներում Թուրքիայից մենք ունենք խորհրդատու, որը մեզ փորձում է աջակցել եւ խորհուրդներ է տալիս»:

Հայաստանում տեղի ունեցած «Սթարթափ Ուիքենդում» հաղթող ճանաչվելուց հետո նրանք այժմ ակսելերացիայի փուլում են: Զուգահեռ նրանք նաեւ ակսելերացիայի են մասնակցում «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանում», որը շուտով իր ավարտին կմոտենա: «Ծրագրի ավարտին, բոլոր մասնակիցները ներկայացնելու են իրենց գաղափարները, որոնք, հնարավոր է, հետաքրքրեն ներդրողներին: Նույնը լինելու է Հայաստան-Թուրքիայի ակսելերացիայի փուլի վերջում: Ծրագրերը ավարտվում են, բայց մեծ հնարավորություններ են տալիս շարունակել այլ ակսելերացիոն ծրագրերում եւ մեծ կապեր ձեռք բերել»,- ասում է Միհրան Բաբայանը:

Հետագայում հեղինակները նախատեսում են իրենց ծրագիրը ներկայացնել այլ էքսպոների եւ սթարթափերի: Մասնավորապես՝ ապրիլ ամսին մեկնելու են Լեհաստան, իսկ մայիսին էլ Լաս Վեգասում տեղի ունենալիք միջոցառման համար դիմում են ներկայացրել եւ սպասում են պատասխանի:

ԱՇՈՏ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Լուսանկարը՝ «Հանրային լրագրության ակումբ» հ/կ-ի

«Առավոտ» օրաթերթ
20.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Արտակ says:

    Շատ հետաքրքիր է, թե կայքի հեղինակներն ինչ կապ ունեն http://www.wanaplan.com ֆրանսիական կայքի հետ։ Հոդվածում նշված կայքում պարզապես օգտագործվում ա ֆրանսիականում վաճառվող wanaplan մոդուլը։

    • Վահագն says:

      Շնորհակալություն հարցի համար: Կայքը դեռ գործարկված չէ, այն թեստային փուլում է, այս պահին wanaplan մոդուլի միջոցով մենք փորձում ենք հասկանալ օգտագործողների կարիքը, մոդուլում առկա հնարավորությունների օգտագործման բարդությունը` մեր կայքը մաքսիմալ պարզ ու հարմար դարձնելու համար: Ցանկացած առաջարկություն կամ հարց կարող եք ուղղել այս հասցեով` [email protected]

      • Արտակ says:

        Շնորհակալություն պատասխանի համար։ Հիմա հաջորդ հարցը։ Իսկ ով պետք է լրագրողին կամ հոդվածագրին բացատրի, որ հոդվածում գրվածը տեքստը ոչ մի աղերս չունի ներկայիս իրականության հետ։

        ——————
        Ծրագրի հեղինակներից մյուսը՝ Վահագն Հովհաննիսյանը նշեց, որ կայքն այժմ փորձնական փուլում է գտնվում. «Դեռեւս 2D ձեւաչափն է գործարկված, շուտով կլինի նաեւ 3D-ն: Հիմնականում մեր ծանոթներն են փորձարկում այն, փորձում են տեսնել՝ ինչ խնդիրներ կարող են առաջանալ եւ ինչ կուզեին այնտեղ տեսնել: Սակայն այժմ էլ ցանկացած մարդ կարող է մտնել, գրանցվել, տեսնել, թե ինչ է թույլ տալիս կայքը, առաջարկներ անել մեզ, որոնք մենք հաշվի կառնենք»:
        ——————–

        Ո՞ւր է գործարկված 2D-ն, ո՞ւր է ծրագրի հեղինակների գրած ծրագիրը, որը ցանկացած մարդ կարող է մտնել ու տեսնել։ Եթե լրագրողը նյութին ծանոթ չի, միգուցե դո՞ւք պետք է բացատրեիք նրան։

        • Աշոտ Իսրաելյան says:

          Հարգելի Արտակ,

          Ուզում եմ նշել, որ մինչեւ հարցազրույց անցկացնելը ուսումնասիրել եմ կայքը: Հարցազրույցի ընթացքում, որպեսզի սխալ ինֆորմացիա չտամ, խնդրեցի մանրամասն նկարագրել, թե ինչպես է աշխատում համակարգը: Պատասխանը ամբողջությամբ չակերտներով տեղադրել եմ նյութում:

          Նաեւ ուզում եմ նշել, որ նյութը հրապարակելուց 1 շաբաթ է անցել, բայց արդեն փոփոխություններ կան կայքում: Մարտի 27-ին հրապարակված այս հոդվածում նշված է, որ գործարկված է 3D համակարգը: https://www.itel.am/am/news/6961/

          Նյութը գրելու ժամանակ, ըստ ծրագրի հեղինակների, աշխատում էր 2D համակարգը, որի միջոցով էլ պատրաստել եմ նյութի մեջտեղում տեղադրված նկարը:

          Իսկ մնացած խորը մասնագիտական հարցերին, կարծում եմ, ավելի ճիշտ կլինի, որ պատասխանեն ծրագրի հեղինակները:

          • Արտակ says:

            Հարգելի Աշոտ։
            Ձեզ ևս շնորհակալ եմ պատասխանի համար։
            «Եթե լրագրողը նյութին ծանոթ չի» գրելով ի նկատի ունեի, հենց այն, որ նյութում ներկացավում է շատ մասնագիտական թեման, որին դուք ծանոթ չեք։
            Ես չգիտեմ, թե գրելու պահին կայքում ինչ է եղել, բայց այս պահին, երբ կայքում «արդեն գործարկված է» 3D տարբերակը, այս ծրագիրը ոչ մի կապ չունի հայ ծրագրավորողների ու նրանց ստեղծած ծրագրի հետ։
            Իմ համար տարօրինակ է այն փաստը, որ նույն կայքի համար կա արդեն իսկ 2 տարբեր հոդված, սակայն հեղինակները դեռևս չեմ ուղղում լրագրողին, նշելով, որ կայքում ամենևին էլ իրենց գրած ծրագիրը չի, որ նրանում ոչ մի գնի հաշվարկ կամ շուկայում առկա ապրանքների ցուցակ չկա։
            Որ այն ամենը ինչի մասին նրանք պատմել են, նախատեսվում է ապագայում անել։
            Իսկ այս պահին կայքում պարզապես ֆրանսիական ծրագիր է։
            Սա այնքան մասնագիտական հարց է, որ լրագրողը կարող է չիմանալ ու հոդվածը գրել, կայքի տիրոջը վստահելով։
            Հիմա հարց է ծագում, թե ինչ հիմք ունի լրագրողը վստահել, եթե ես արդեն ցույց տվեցի, որ հարցազրույցում տրված ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը։

        • Աշոտ Իսրաելյան says:

          Հարգելի Արտակ,

          Սա թերթում հրապարակված հոդվածի էլեկտրոնային տարբերակն է: Կարող է հրապարակելուց մեկ օր անց, կամ ամեն օր ինչ որ բան փոխվի: Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է հետեւենք այդ զարգացումներին ու հոդվածն ըստ այդմ փոխենք, ոչ էլ ծրագրի հեղինակներն են պարտավոր մեզ ամեն անգամ հուշել, որ այսինչ բանը փոխվել է:

          Ինչ վերաբերում է գնի հաշվարկին կամ շուկայում առկա ապրանքների ցուցակին, նշեմ, որ նյութում գրված է, որ կհամագործակցեն խանութների հետ: Այսինքն՝ եթե դեռ չեն համագործակցել, պայմանավորվածություն չկա, գներն էլ չեն կարող լինել: Ապառնի ժամանակով է գրած: Նրանք չեն ասել, որ դա արդեն հնարավոր է, ասել են՝ ապագայում:

          Նյութում նաեւ խոսք չկա այն մասին, որ կայքում առկա ծրագիրը հենց իրենց ծրագիրն է: Գրել եմ, որ կա այդպիսի: Այդ հարցին էլ Ձեր առաջին մեկնաբանությանն ի պատասխան Վահագն Հովհաննիսյանը գրել է, որ իրենց ծրագիրը դեռ գործարկված չէ:

          • Արտակ says:

            Դուք հիմա փորձում եք ինձ համոզել, որ
            1. Հոդվածից հասկացվում է, որ ծրագիրը դեռ ոչ մի տեղ ներկայացված չի, իսկ կայքում ներկայացվածը լրիվ այլ ծրագիր ա։
            2. Որ հոդվածը գրելու պահին կայքում եղել է նրանց գրածը 2D տարբերակով, բայց հոդվածի դուրս գալուց հետո իրենցը հանել են, տեղը դրել ֆրանսիականը՝ 3D-ի աջակցումով։
            Կարող եմ ձեզ վստահեցնել, որ 2 կետերում էլ սխալվում եք։ Հոդվածի շարադրանքից դա չի հասկացվում և, դատելով հոդվածում առկա սքրինշոթից, նույնիսկ 2D տարբերակը նույն ֆրանսիական ընկերության ծրագիրն է։
            Փաստորեն արդեն երկու հոդված նվիրված է մի ծրագրի, որը ծրագրավորողներից բացի ոչ ոք չի տեսել։
            Թագավորը, կարծես թե, մերկ է։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031