Շատերս ենք լսել, որ գիրք կարդալը օգտակար է, բայց թե ո՞րն է նրա օգտակարությունը, «Adme.ru» կայքը հրապարակել է գիտնականների ուսումնասիրությունները, ըստ որի՝ կարդալը մարդուն դարձնում է ավելի լավը եւ ազատում խնդիրներից: Եթե նախընտրություն պետք է տալ զբոսնելուն կամ երաժշտություն լսելուն, որպեսզի հաղթահարեք սթրեսը, ապա «Սասեքսի» համալսարանի գիտնականները գտնում են, որ ամենաարդյունավետ միջոցը սթրեսը նվազեցնելու` կարդալն է:
Եթե կան մարդիկ, որոնք տառապում են անքնությամբ, ապա կարող են քնելուց առաջ որոշ ժամանակ տրամադրել ընթերցանությանը, որն օգնում է հանգստանալ եւ տրամադրվել քնելուն: Վառ լույսը, հեռուստացույցը կամ հեռախոսը ուղեղին արթնանալու ազդակներ են ուղարկում, իսկ գրքի ընթերցումը հակառակ ազդեցություն է թողնում:
Ընթերցանությունը ձեզ ավելի զգայուն է դարձնում: Կարդալու ժամանակ դուք ուղեկցվում եք գրքի հերոսների կյանքով: Գիտնականների հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ մարդը, երբ գիրք է կարդում, ներթափանցում է տվյալ ստեղծագործության մեջ եւ սկսում է ձեռք բերել կարեկցելու ունակություն, դիմացինին հասկանալու ընդունակություն:
Ընթերցանության շնորհիվ լավացնում եք նաեւ ուղեղի աշխատունակությունը: Ամեն անգամ, երբ գիրք եք կարդում, մարզում եք ուղեղը: Կարդալը լավացնում է հիշողությունը եւ մտածելու ունակությունները: Նոր լեզու սովորողներին նույնպես հաճախակի ընթերցումները օգնում են մտապահել ինֆորմացիան եւ ավելի լավ հիշել սովորածը: Ըստ «Էմորի» համալսարանի գիտնականների` գիրք կարդալուց հետո մարդու մոտ մի քանի օրվա ընթացքում աճում է ինտելեկտի մակարդակը, իսկ ինքնուսուցման գրքերը օգնում են պայքարել դեպրեսիայի դեմ:
Հաճախակի ընթերցանությունը ձեզ դարձնում է ավելի գրավիչ, քանի որ կարդալու շնորհիվ ձեռք եք բերում բարձր ինտելեկտ, որն էլ մարդկանց աչքին դարձնում է ավելի գրավիչ: Հնարավորություն է տալիս ցանկացած թեմայի շուրջ գրագետ խոսել, ծանոթության ժամանակ պատշաճ ներկայանալ եւ որոշ դեպքերում ավելի ճկուն խոսակցություն վարել:
Կարդալն օգնում է կողմնորոշվել կյանքի նպատակներում եւ հաղթահարել դժվարությունները: Գիտնականները հայտնաբերել են, որ մարդ ինչքան շատ է գիրք կարդում, այնքան նա նույնացնում է իրեն գրքի հերոսների հետ՝ տեղափոխելով գրքի հերոսի վարքի մոդելը իր կյանք:
Կարդալը զարգացնում է նաեւ լսելու ունակությունը, ընդլայնում ստեղծագործական ունակությունները, իսկ ծնողների եւ երեխաների համատեղ ընթերցանությունը բերում է ծնող-երեխա փոխհարաբերության բարելավմանը, որն ավելի է ամրապնդում նրանց կապը, քան եթե նրանք միասին հեռուստացույց նայեն կամ որեւէ այլ բանով զբաղվեն:
Երեխաների վրա նույնպես լավ է անդրադառնում հաճախակի կարդալը՝ նրանք ավելի լավ են հասկանում դասերը եւ ավելի լավ սովորում:
Կարդացեք նաև
Ինչքան շատ կարդաք տարբեր պատմություններ, այնքան ավելի լավ կարող եք ձեր մասին պատմել: Դուք կտարբերեք կարեւոր եւ ոչ կարեւոր ինֆորմացիան եւ կներկայանաք ավելի հետաքրքիր ու լսելի:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
20.03.2015