Լրահոս
Օրվա լրահոսը

«Պոեզիան բաց զրույց է ազգի հետ՝ ժամանակի մասին». Աբգար Ափինյան

Մարտ 20,2015 22:54

«Հայ գրականությունն այսօր ամբողջ խորությամբ հետազոտում է մեր կյանքը և արձագանքում դրան: Այսինքն՝ մեր գրականությունն արտացոլում է ժամանակակից կյանքի ողջ համապատկերը, և եթե որևէ մեկը տարիներ հետո թերթի արդի գրականության էջերը, բավականին շատ բան կիմանա մեր օրերի մասին»,- այսպես է կարծում Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը՝ շեշտելով, որ իր ասածը «իսկական» գրողներին է վերաբերում. «Այսօր հասարակության մեջ սխալ ըմբռնում կա գրողի մասին: Եթե որևէ մեկը գիրք ունի, սկսում են նրան գրող անվանել, բայց ինչպե՞ս կարելի է այդ բարձր կոչումը բոլորին տալ: Իսկական գրողը ազգի համար տառապող, պայքարող մարդն է»,- համոզված է Երևանի գրողների միության նախագահը:

Նրա համոզմամբ՝ մեր ընթացիկ գրականության մեջ շատ լուրջ արժեքներ կան: Ժամանակակից գրողները ցույց են տալիս ապագան, ցույց են տալիս այն ճանապարհը, որով մեր ժողովուրդը պիտի գնա: «Այսօր մենք բոլորս ընդունում ենք, որ Հայաստանում կա ճգնաժամ, արտագաղթ, կուտակված այնպիսի խնդիրներ, որոնց առջև շվարած ենք մենք, բայց կարդացեք ժամանակակից պոեզիա և այնտեղ կտեսնեք ելքը: Ահա թե ինչու ես շատ խանդավառված եմ մեր գրականության նշանավոր դեմքերով և շատ ուրախ եմ, որ ավագների (Ռազմիկ Դավոյան, Հրաչյա Սարուխան) գործը շարունակում են մեր երիտասարդները (Դավիթ Ասատրյան, Դավիթ Մշեցի, Սուսաննա Ղազարյան, Հարություն Կարակուշյան), որոնք տաղանդով, հավատով ամուր մարդիկ են»,- ասաց Ա. Ափինյանը՝ նկատելով, որ գրողին գնահատելիս ինքն առաջին հերթին նայում է ոչ թե տպագրած էջին, այլ մարդկային հատկանիշներին. «Նրա սրտին, հոգուն, աչքերին, արյանը… Ինձ համար գրողն այդտեղից է սկսվում: Եթե նա կյանքում շողոքորթ, քծնող, եղկելի մարդ է, ապա ես երբեք չեմ ձգտի թերթել նրա գրքի էջերը»:

Ա. Ափինյանը գտնում է, որ գրողը պետք է հաճախ երևա հասարակության մեջ և հնարավորինս բաց լինի նրա հետ. «Պոեզիան բաց զրույց է ազգի հետ՝ ժամանակի մասին»,- կարծում է նա:

Իսկ ահա երիտասարդ գրող Հարություն Կարակուշյանը մտահոգվում է, որ միասնական գրական դաշտ չկա, համապատասխան հարթակներ չկան, որտեղ գրողը հնարավորություն կունենա հասարակությանը ներկայացնելու իր պոեզիան:

Բանաստեղծ Դավիթ Մշեցու մտահոգությունն այլ է: Նրա կարծիքով, հայ ժամանակակից գրականությունը շատ է հեռացել ազգային արմատներից. «Եթե մենք մեր տեսակից կարողացել ենք Նարեկացի, Սայաթ-Նովա, Թումանյան, Իսահակյան, Չարենց բխեցնել, որոնք անգնահատելի արժեքներ են, ինչո՞ւ ենք փախչում ինքներս մեզնից, հանուն ինչի՞: Ինչո՞ւ ենք արտագրում համաշխարհային գրականությունից, ինչո՞ւ է մեզ թվում, որ եթե Կաֆկայից մի երկու տող վերցնենք, ձևափոխենք, դնենք, կդառնանք Կաֆկա: Ո´չ, այդպես չի լինում. Կաֆկա լինելու համար ամենաքիչը պիտի հրեա լինես: Մենք չպետք է այդքան օտարամոլ լինենք, պիտի կարողանանք մեր տեսակից ինչ-որ բաներ բխեցնել»,- համոզված է Դ. Մշեցին:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մանե says:

    Ափինյան, դու՞ պետք է որոշես՝ ով է գրող, ո՞վ ոչ: Պատմության մեջ հայտնի են շատ գրողներ, որոնք չեն ունեցել մարդկային մեծ հատկանիշներ, բայց այսօր իրենց հանճարի շնորհիվ դեռ ապրում են: Մարդը կարող է մեկ գիրք տպել և մնալ պատմության մեջ: Բոլորին ցանկանում եք խրատել: Ռազմիկ Դավոյանը մեծ գրող է, Սարուխանն էլ վատը չէ, բայց մյուսներին դեռ շատ ճանապարհ ունեն անցնելու:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031