Այսօր Շիրակի մարզպետարանի դահլիճում փոխգյուղնախարար Գրիշա Բաղյանի ու մարզի անասնաբույժների հանդիպումն անցավ բավական անկեղծ մթնոլորտում: Անասնաբույժները, որոնք վերջին շրջանում բողոքավոր են դարձել ցածր աշխատավարձերի պատճառով, առանց կաշկանդվելու, համարձակորեն բարձրաձայնում էին իրենց հուզող հարցերը, անհրաժեշտության դեպքում էլ քննադատում: Իսկ Գրիշա Բաղյանը ուշադրությամբ լսում էր նրանց ու գրեթե ամեն հարցից հետո շնորհակալություն հայտնում՝ այդքան լուրջ խնդիրներ բարձրաձայնելու համար: Խնդիրները տարբեր էին ՝ սկսած ցածր աշխատավարձից, անասնաբույժներին ասեղներ չտրամադրելուց. դրանք թողել են անասնաբույժի գրպանի հաշվին և սա իրենով վարակի բույն է, սիբիրախտի դեմ պատվաստումները վերացնելուց, ոչխարի միսը Շիրակի մարզից պետական մակարդակով չգնելուց և այլն..: Սկզբում փոխնախարարը հաշվետվություն ներկայացրեց, թե քանի գլխաքանակ անասուն կա Հայաստանում, քանիսն են ներկրված, խոսեց կաթնատվությունից, ոչխարաբուծության զարգացումից: Եվ երբ հերթը հասավ աշխատավարձերի բարձրացմանը, սկսվեցին արձագանքներ դահլիճից:
Գրիշա Բաղյանը հայտարարեց, որ գյուղնախարարության հաստատագրված աշխատավարձի անցնելու ցանկությունը չստացվեց, սակայն կառավարությունը 2015 թվականին անասնաբույժների աշխատավարձը ավելացրեց 68 միլիոն դրամով: Ըստ փոխնախարարի, սա փոքր թիվ է, սակայն տեղաշարժ է, տարիներ շարունակ այդպիսի տեղաշարժ չի եղել: Ըստ նրա, կառավարությունն ամեն տարի ավելացնելու է աշխատավարձը, 2016 թվականի կավելացնի 70 միլիոնով, 2018 թվականին շուրջ 80 միլիոնով, 2019 թվականին՝ 90 միլիոնով: Դահլիճում նստածներն արձագանքեցին. «Դա մեզ չի վերաբերվի, մենք էդ ժամանակ չենք լինի»:
Կարդացեք նաև
Փոխնախարարն ասաց, որ ամեն տարի 10 միլիոնով ավելացումը քիչ չէ և հորդորեց չբողոքել, մտնել պետության վիճակի մեջ,քանի որ Հայաստանն այսօր պատերազմող, կռվող երկիր է, այսօր զենք զինամթերք գնելու, զինվորին կերակրելու խնդիր կա: Երբ հերթը հասավ հարցեր հնչեցնելուն, անասնաբույժները մեկ մյուսին հերթ չտվեցին: Քարաբերդի անասնաբույժը հետաքրքրվեց, թե էդ ինչպե՞ս են զարգացնելու ոչխարաբուծությունը, երբ ցանկացած անասնապահի տանը 500-700 կիլոգրամ բուրդ կա. եթե բուրդը չի իրացվում, ոչխարաբուծությունը կզարգանա՞ Հայաստանում: Փոխնախարարն ասաց, որ ոչխարի բրդի իրացումը իրոք խնդիր է, որը պիտի լուծվի: Ըստ պաշտոնյայի, թեև Հայաստանում բրդից թել ստանալու նպատակով կա իրացում, բայց դա քիչ է: Ըստ Գրիշա Բաղյանի, ոչխարաբուծության զարգացման հայեցակարգ է մշակվում, որը ներկայացնելու են կառավարությանը: Փոխնախարարն ասաց նաև, որ մեր հարևան երկրները շահագրգռված են ոչխարները գնելու հարցում, մասնավորապես Իրանի իսլամական հանրապետությունը, կա հետաքրքրություն նաև արաբական երկրներից:
Հովիտ համայնքի անասնաբույժն էլ, շարունակելով ոչխարի իրացման թեման, ասաց որ Շիրակի մարզից ոչխարների ոչ մի պետական գնում չի կատարվում: «Մի հատ եզդի կա՝ բերանը մի ատամ, 3 կալոսով գալիս, մատով ցույց է տալիս ոչխարին, ասում է՝ սա 20 հազար, էս գառը 18 հազար, գնումների պետական գործակալություն չկա՞: Շիրակի մարզը անասնապահության երկիր է, ոչխարները մնում են, մորթում գցում են շանը, եզդուն չեն տալիս, պետականորեն պիտի գնումները կատարեն, լավ տեսակի ոչխարներ բերեք, սաղն էլ յալվար են պահելու: Խոշոր եղջերավորներն էլ բերում,տանում եք ֆերմերին, որը գաղափար չունի :Դուք բերեք տվեք անասնաբույժին էդ բարձր կաթնատու կովերը, մենք գիտեք ոնց վարվենք, բերում տալիս եք էնպիսի մարդու, որ մի տարի հետո կովն էլ է սատկում, հորթն էլ սատկում, ինքն էլ հարստանում ու վերջացավ, մեզի հաշվի առնող չկա», -ասաց անասնաբույժը: Մեկ ատամով եզդու պատմությունը բավական զվարճացրեց նախարարին, նա ժպտալով սկսեց բացատրել , թե ինչ մեխանիզմով են Հայաստանում կատարում գնումները:
Մանրամասները` տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Մեկ ատամով եզդու պատմությունը իհարկե զվաճանալի է սակայն սա դառը իրողությունն է:
Հետգրություն Առավոտ էմ դուք այս վայրում հիշատակում էիք չոգտագործելու կանոնը Չօգտագործել վիրավորանքներ արդյոք վիրավորական չի հնչում ԵԶԴՈւ ….
“Մի հատ եզդի կա՝ բերանը մի ատամ, 3 կալոսով գալիս, մատով ցույց է տալիս ոչխարին, ասում է …”
Ռասիստական կատակ է, ու երևի չեն հասկանում, որ իրենց հետ ապրող մի ամբողջ ազգի են վիրավորում: Ախր եդ տեսակ մեծամտությունը հայերի քթից են բերում եդ ձեր եզդիները: Քանի ատամ որ ունեն սաղ ձեր դեմ են պահում, ու ենքան կա երեսուներկու փայլուն ատամով, գեներալի կոստյումով, պատգամաորի մանդատով: