Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցեղասպանության մասին ես չեմ խոսի բեմից, քանի որ երաժշտությունն ինքը կխոսի». Տիգրան Համասյան

Մարտ 20,2015 20:40

Ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը և Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Հարություն Թոփիկյան) Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նոր նախագիծ են սկսում:

«Լոյս ի լուսոյ» խորագրով նախագծի շրջանակներում նրանք մեկ տարվա ընթացքում 100 համերգ կունենան տարբեր երկրներում, որոնք կնկարահանվեն ու կներկայացվեն ֆիլմի տեսքով:

Համերգների մեկնարկը կտրվի մարտի 24-ին Երևանում՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնում:

Ջազ դաշնակահարն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ համերգային ծրագիրը ներառում է բացառապես հոգևոր երգեր: 5-19-րդ դարերի հայ հոգևոր երաժշտությունը կհնչի նոր մեկնաբանությամբ:

Տիգրան Համասյանը հայ հոգևոր և ժողովրդական երաժշտության միջև ամուր կապեր է տեսնում. դրանց հիմքում նույն մեղեդայնությունն է. «13-14 տարեկանում հասկացա, որ հոգևոր երաժշտության ասպարեզում մենք հսկայական մշակույթ ունենք, և սկսեցի հետաքրքրվել դրանով: Նարեկացու տաղերն ուղղակի ներխուժեցին սիրտս. անընդհատ լսում էի, բայց չէի համարձակվում դիպչել դրանց, մշակել: Միայն երկու տարի առաջ զգացի, որ հոգևոր երաժշտությունն արդեն բավականաչափ եփվել է իմ մեջ, ու կարող եմ ինձ թույլ տալ մշակելու փորձեր անել»,- ասաց Տ. Համասյանը:

Նա տեղեկացրեց, որ նախագծի առաջին՝ երևանյան համերգից հետո երգչախմբի փոքր կազմով կմեկնեն Ֆրանսիա, որտեղ էլ ապրիլի 18-ին կկայանա ծրագրի հաջորդ համերգը, իսկ մյուս համերգների օրերը դեռ հստակեցման փուլում են:

Հայաստանի մի շարք եկեղեցիներում (Սուրբ Գայանե, Սաղմոսավանք, Նորավանք, Տաթևի վանք, Դադիվանք և այլն) համերգներ ունենալուց հետո ծրագիրը երկու համերգով կներկայացվի Ջավախքում, որից հետո խումբը կմեկնի Թուրքիա և 8 համերգ կունենա հայկական հին եկեղեցիներում:

«Լոյս ի լուսոյ» խորագիրը Տ. Համասյանն ընտրել է իր գրաբարի ուսուցչի օգնությամբ. «Ուզում էի գրաբարով մի անուն գտնել, որն առանց դժվարության կկարողանան կարդալ նաև օտարերկրացիները»,- նշեց նա՝ հավելելով, որ նախագծի երգերն արդեն ձայնագրված են, և սեպտեմբերի սկզբին կթողարկվի ալբոմը:

«Տ. Համասյանի՝ հոգևոր երաժշտության այս ծրագիրը բացառիկ նշանակություն ունի,- այսպիսի համոզմունք հայտնեց Երևանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Հարություն Թոփիկյանը.- մենք տեսնում ենք երիտասարդների խանդավառությունը, իսկ դա նշանակում է, որ այս ամենը մեծ ազդեցություն է ունենալու նրանց արժեհամակարգի ձևավորման վրա և նրանց դարձնելու է հայ մշակույթի կրող: Սա նաև շատ գրավիչ երաժշտություն է, որը Տիգրանի մատուցած ձևով բավականին հեշտ է ընկալվում: Այնքան, որ անգամ օտարին է հեշտությամբ գրավում»:

Հ. Թոփիկյանը նաև շեշտեց, որ համերգներն անցնելու են Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորագրի ներքո՝ ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրելով այդ հարցի վրա և հիշեցնելով բոլորին, որ կա նման չլուծված հարց:

Տ. Համասյանն էլ հավելեց, որ Ցեղասպանության թեմայով չի խոսելու բեմից, քանի որ երաժշտությունն ինքը կխոսի: «Այս ծրագիրը, այսպես թե այնպես, քաղաքականացվում է, քանի որ ելույթ ենք ունենալու նաև Թուրքիայում: Մեր այս ուխտագնացության իմաստն այն է, որ մեզ հասած հոգևոր մշակույթը տանենք այն վայրերը, որտեղից դրանք սկիզբ են առել: Պայմանագիր ենք կնքելու թուրքական կազմակերպության հետ, որի տնօրենը Հրանտ Դինքի մոտ ընկերն է եղել, և կարծում եմ, որ որևէ խնդիր չի առաջանա համերգների հետ կապված: Կարևորը, որ հայ հոգևոր երաժշտությունը հնչեցնենք հայկական եկեղեցիներում և հասցնենք Աստծուն. երբ երաժշտությունը միանում է հոգևոր աշխարհին, առավել տպավորիչ է լինում: Իսկ ամենակարևորն այն է, որ այն մշակույթը, որ ունեցել ենք և ունենք, շարունակվի»,- ասաց Տ. Համասյանը՝ նկատելով, որ ծրագրի առաջնային նպատակներից մեկն էլ այն է, որ գտնվեն մարդիկ, որոնք նոր մշակումներ կանեն. «Թող որ վատ անեն, միայն թե սկիզբը դրվի, հետո կմաքրվի: Ինձ համար անընդունելի է Կոմիտասի ստեղծածը թանգարանային նմուշ սարքելը»,- ընդգծեց երաժիշտը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031