«Պետք չէ Ստալինին ատել, եթե ուսումնասիրեք նրա կյանքն ու գործունեությունը դիտարկեք այդ ժամանակաշրջանի պրիզմայով, ապա, գուցե, բացասական չլինի ձեր վերաբերմունքը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է Գորիում գտնվող Իոսիֆ Ստալինի թանգարանի ցուցանմուշների բաժնի ղեկավար Մզիա Նաուչաշվիլին: Նրա խոսքերով` շատ հայտնի դեմքեր հենց այսպիսի կարծիք էլ հայտնել են իրենց հիշողություններում:
Մանրամասները` տեսանյութում
Վերջերս հայ լրագրողների խումբ էր մեկնել Վրաստան, այս երկրի տուրիզմի ազգային վարչության հրավերով: Ստալինի թանգարան այցի ժամանակ, այն փակ էր, չնայած աշխատանքային ժամը դեռ չէր ավարտվել: Ուկրաինացի, բելոռուսցի ու հայ լրագրողների խմբի էքսկուրսավարի մեծ ջանքերի շնորհիվ թանգարանի դռները բացվեցին զբոսաշրջիկ-լրագրողների համար. թանգարանի ընդհանուր մթնոլորտը սառն ու մռայլ. լրագրողները նույնիսկ կատակեցին` «Այստեղ կարծես թե Ստալինի հոգին է ապրում»:
Մզիա Նաուչաշվիլիի հետ զրույցում ասացի, որ Ստալինի զինակից Անաստաս Միկոյանի արձանը Երեւանում տեղադրելու որոշմանը շատերն ընդդիմացան, քանի որ Միկոյանը դիմել էր Ստալինին` առաջարկելով հակասովետական 700 հայերի էլ ընդգրկել գնդակահարման առաջարկված 2000 անձանց ցուցակում: Տիկին Նաուչաշվիլին Միկոյանի ցուցակի պատմությանը քաջատեղյակ էր եւ մեր դիտարկմանն այսպես արձագանքեց` «Իսկ դուք պատմության շարունակությունը գիտե՞ք: Ստալինը Միկոյանին առաջարկել է վերանայել այդ ցուցակը»: Մեր հարցին` ավելացնե՞լ մարդկանց թիվը, թե՞ նվազեցնել, թանգարանի աշխատակիցն ասաց` «Վերանայել` դրական իմաստով»:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին` կարո՞ղ եք ասել Ստալինն իր հայրենակիցներին` վրացիներին էլ է ռեպրեսիաների ենթարկել, գնդակահարել, աքսորել, տիկին Նաուչաշվիլին ասաց` «Այո, իհարկե»: Իսկ թե քանի վրացի է գնդակահարվել Ստալինի հրամանով թանգարանի աշխատակիցը դժվարացավ ասել:
Այս կինը Ստալինի մասին խոսելիս դրական էր արտահայտվում. երբ մենք հետաքրքրվեցինք` երեւի երկար տարիներ ուսումնասիրելով Ստալինի կյանքը, ի տարբերություն միլիոնավոր մարդկանց, դուք, կարծես թե, սիրում եք նրան, տիկին Նաուչաշվիլին ասաց. «Գիտեք, չէի ասի` սիրել, բայց շատ եմ հարգում: Այնքան լուրջ, ականավոր մարդիկ են նրա մասին դրական խոսել, նա այնպիսի հզոր, խելացի անձնավորություն էր, որ ես ո՞վ եմ, որ չհարգեմ նրան»:
«Եթե այդպես գովաբանում եք նրան, կարո՞ղ եք Ստալինի կյանքից մի դրական, բարի դրվագ պատմել»,-խնդրեցինք տիկնոջը: Վերջինս մի պատմություն ներկայացրեց, որը դժվար թե Ստալինի բարության չափանիշ լինի, այնուամենայնիվ, այս պատմությունը թանգարանի աշխատակիցը միանգամից հիշեց, իսկ պատմությունը հետեւյալն է` «Մի անգամ Ստալինի անձնական վարորդը գտնվում էր նրա առանձնատներից մեկում եւ չէր սպասում, որ իր առաջնորդն այդ օրը պիտի վերադառնա: Երբ վարորդը լոգանք էր ընդունում Ստալինի բաղնիքում, դուռն անսպասելի թակում է Ստալինը. վարորդը վախեցած դուրս է թռնում բաղնիքից, իսկ Ստալինը նրան տեսնելով ասում է` ինչո՞ւ վախեցար, լողացիր, լողացիր, բաղնիքդ անուշ»:
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Ստալինը ոչինչ չուներ մահվանից առաջ, հարստության չէր դիզել։ Միայն այս հանգամանքը խորը հարգանքի է արժանի