Ազատության հրապարակում մարտի 20-ին «Ժառանգություն» կուսակցության հավաքի ընթացքում լրագրողները «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվեցին՝ արդյո՞ք կուսակցության ներսում լարվածություն կա՞:
Նա պատասխանեց, որ այդ հարցին կանդրադառնա խորհրդակցությունից հետո. «Մենք լարվածություն չենք էլ ունեցել, ունեցել ենք քննադատություն, որը կարող եմ ասել՝ մնում են օրակարգում, բայց լարվածություն չունենք»:
Դավիթ Սանասարյանը հավելեց, որ Հայաստանի Հանրապետությունում չկան «Ժառանգություն» կուսակցության ներքին խնդիրներ, այլ կա իշխանությունից ազատվելու խնդիր. ««Ժառանգությունում» ինչպես յուրաքանչյուր ընտանիքում կամ կուսակցությունում խնդիրներ լինում են, բայց դա չէ խնդիրը. Խնդիրներ լինում են, նրանք կհարթվեն: Մենք բոլորս՝ «Ժառանգության» անդամներս ունենք մի հստակ պահանջ՝ պետք է հասնենք իշխանափոխության»:
Ազատության հրապարակում ներկա էր նաեւ Արմեն Մարտիրոսյանը, հարցին, թե հավաքի ընթացքում, ինչո՞ւ ելույթ չունեցավ, նա պատասխանեց, որ պարտադիր չէ, որ բոլոր հավաքներին ելույթ ունենա: Իսկ լրագրողների՝ կուսակցության ներսում լարվածության մասին բոլոր հարցերին պարոն Մարտիրոսյանը պատասխանում էր. «Կլինի վարչության նիստ, նիստի ընթացքում կքննարկենք, կարծում եմ՝ հայտարարություն կլինի»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ