ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի նախագահությամբ մարտի 20-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության քրեակատարողական նոր օրենսգրքի նախագիծը մշակող հանձնաժողովի անդրանիկ նիստը:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներ Արման Թաթոյանը և Սուրեն Քրմոյանը, ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետ Միքայել Մինասյանը, ԱՆ կազմակերպական-իրավական վարչության պետ Նորայր Բալայանը, ՀՀ ԱՆ ՔԿՎ կազմ-վերլուծական, իրավական և միջազգային հարաբերությունների բաժնի պետ Միքայել Զախարյանը:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի ղեկավար, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանն ու պրոֆեսոր Հարություն Խաչիկյանը:
Հանձնաժողովի նիստում քննարկվել են Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի հայեցակարգային դրույթները, աշխատանքային խմբի հետ մասնագիտական համագործակցության ձևաչափը, ինչպես նաև սահմանվել են նախագծի ներկայացման ժամկետները:
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ողջունել է հանձնաժողովի անդամներին և վստահություն հայտնել, որ համագործակցության արդյունքում հնարավոր կլինի ունենալ որակապես նոր օրենսգիրք:
Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի խոսքով՝ հայեցակարգային դրույթների նախագիծը կազմվել է՝ հաշվի առնելով միջազգային առաջավոր փորձն ու այն հիմնական ուղղությունները, որոնք պայմանավորված են ՀՀ պարտավորություններով:
Արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը հանձնաժողովի անդամներին է ներկայացրել ՀՀ քրեակատարողական ապագա օրենսգրքի հիմնական հայեցակարգային դրույթները, մասնավորապես՝ դատապարտյալի նկատմամբ անհատական վերաբերմունքի և նրա վարքագծի ռիսկային գնահատման մոտեցման ներդնումը, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման գործող համակարգի վերանայումը, ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքում այնպիսի իրավանորմերի սահմանումը, որոնք կապահովեն պրոբացիոն համակարգի ներդաշնակ գործունեությունը, նոր օրենսգրքի համապատասխանեցումը քրեական արդարադատության ոլորտի այլ հիմնարար իրավական ակտերի հետ և այլն:
Հանձնաժողովի անդամները միաձայն հավանության են արժանացրել հայեցակարգային դրույթները և նախնական պայմանավորվածություն ձեռք բերել հայեցակարգի և նոր օրենսգրքի նախագծի ներկայացման ժամկետների վերաբերյալ:
ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի մշակումը նպատակ ունի ապահովել ՀՀ քրեակատարողական օրենսդրության բարեփոխման առնչությամբ միջազգային կազմակերպությունների իրավական չափանիշների ամբողջական իրացումը, ինչպես նաև ՀՀ քրեակատարողական համակարգի բարեփոխման իրավական հիմքերի ամրապնդումը: Խոսքը նախևառաջ վերաբերում է քրեակատարողական ոլորտում մարդու իրավունքների ապահովման գործուն երաշխիքների սահմանմանը, ինչպես նաև դրանով պայմանավորված՝ պետության քաղաքականության ուղղությունների իրավական հստակեցմանը:
Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի մշակումը նախատեսվում է իրականացնել Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) աջակցությամբ, ինչպես նաև մյուս գործընկերների հետ համագործակցությամբ:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն