Զարուհի Փոստանջյանի կարծիքով՝ հայ ժողովրդի իրավունքները ոտնահարելով են Վալերի Պերմյակովին պահում 102-րդ ռազմաբազայում
«Մեր հասարակությունը կարծես թե այն պահն է ապրում, երբ ինքն է փախչում ազատությունից»,- մարտի 20-ին Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության հավաքի ընթացքում ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Նա ներկաներին հիշեցրեց, որ փետրվարի 20-ին պետք է տեղի ունենար հանրահավաք եւ շատերը ասել էին, որ իրենք մասնակցելու են այդ հավաքին, սակայն հանրահավաքը չկայացավ. «Մեզ մոտենում ասում էին՝ մենք պետական պաշտոնյա ենք, ունենք վախեր, բայց այդ հավաքին մասնակցելու ենք, ինչո՞ւ պետք է միայն այդ հավաքին մասնակցենք, եկե՛ք մասնակցենք բոլոր հրապարակներում մեր հավաքին, այլ ոչ թե ուղղակի 1 օր հայտարարված եւ հաջորդ օրն արդեն չեղյալ հայտարարված հավաքին, մեր խնդիրը դա է: Մենք՝ որպես ժողովուրդ, եթե չենք կարող ինքնակազմակերպվել, մենք չենք կարողանալու այս հարցը լուծել»:
Տիկին Փոստանջյանը առաջարկեց ներկաներին ցանցային միջոցառումներ կազմակերպել եւ այդպես ինքնակազմակերպվել. «Մենք 1 կուսակցականով մենք չենք կարողանում այս բիրտ ուժի դեմ պայքարել: Մենք խնդիր ունենք նաեւ փոխել մեր ուժային կառույցների մոտեցումը այս կամ այն հարցին: Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունից հետո երիտասարդությունը ոտքի կանգնեց, բողոքեց եւ պահանջում էր իր իրավունքը, դրանից հետո այդ բողոքը ճնշվեց, երիտասարդների նկատմամբ սկսվեց քրեական հետապնդում: Ի՞նչ ենք անում յուրաքանչյուրս մեր տեղում՝ այդ երիտասարդներին պաշտպանելու համար, ինչո՞ւ են դա անում ուշային կառույցները, նրա համար, որպեսզի բողոք չլինի, մարդիկ միշտ վախեցած զգան եւ փախնեն ազատությունից: Այդ իրավապահ մարմինը, որը երբեմն փորձելու է մեր իրավունքը պաշտպանել, բայց հիմնականում պաշտպանում է մի փոքր խմբակի իրավունքները, որը մեզնից վերցրել է մեր իշխանությունները»:
Կարդացեք նաև
Նա նկատեց, որ ապօրինությունները չեն վերացել. «Վլադիմիր Գասպարյանի, Գեւորգ Կոստանյանի եւ ապաշնորհ քաղաքական ղեկավարության անգործության հետեւանքով մենք այսօր չգիտենք ինչպես պետք է բացահայտենք այդ եղեռնագործությունը: Այսօր մեր իրավունքները ոտնահարելով՝ Պերմյակովին պահում են 102-րդ ռազմաբազայում եւ որեւիցե մեկը չի ցանկանում միջամտել: Մենք պետք է սրանցով զբաղվենք»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ