«Արարատի ստորոտին» միջազգային մեդիա ֆորումի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մտահոգություն էր հայտնել՝ «Մեզ անհանգստացնում է, որ ՌԴ-ն՝ ելնելով տարբեր պատճառներից, դրդապատճառներից, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին, եւ այստեղ խնդիրը սպառազինության որակը չէ, խնդիրն այն է, որ մեր սահմանին կանգնած հայ երիտասարդը գիտակցում է, որ իրեն փորձում են ոչնչացնել ռուսական զենքից: Սա է ամենաբարդ հանգամանքը եւ սա է, որ մեր հարաբերությունների վրա կարող է վատ ազդեցություն ունենալ: Տեւական ժամանակ, 250 տարվա ընթացքում, հայերը և ռուսներն ապրել են կողք կողքի, ունեցել են ընդհանուր թշնամիներ, հակառակորդներ և իրենց երկրում արտադրված զենքերից իրար վրա չեն կրակել: Սա խնդիր է, պրոբլեմ, եւ այս պրոբլեմը պետք է լուծում ստանա»:
Մեր հարցին՝ սա նո՞ր քաղաքականություն է իշխանությունների կողմից՝ Պուտինին բաց տեքստով ասելու, թե ինքն ով է՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Կոշտ եք ձեւակերպում: Սերժ Սարգսյանն ընդամենը ասել է այն, ինչ միշտ է ասվել մեր նախագահի կողմից: Բարձրաձայն ասվել է անհատական հանդիպումների ժամանակ, ռուսական կողմի հետ առանձին հանդիպումների ժամանակ: Իրոք, հոգեբանական խնդիր կա, երբ մեր ստրատեգիական գործընկերոջ, մեր բարեկամի կողմից վաճառված զենքով հակառակորդը կարող է մեր զինվորի վրա հարձակվի: Դա, իրոք, հոգեբանական խնդիր է, որից մեր զինվորը պետք է ազատվի»:
Վահրամ Բաղդասարյանը վստահեցրեց, որ Սերժ Սարգսյանն ընդամենը ձեւակերպումն է փոխել. «Այն ժամանակ ձեւակերպումը եղել է, որ դա մտահոգիչ է»:
Մեր հարցին՝ դա կապվա՞ծ է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետի ավարտի հետ, նա ուզում է մեղմել այդ վասալային քաղաքականությունը գնալուց առաջ՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Բացարձակապես կապված չէ: Սերժ Սարգսյանը քաղաքականության մեջ է, կլինի քաղաքականության մեջ: Նա այդ դիրքորոշմանը եղել է եւ բազմիցս այդ մասին ասել է մեր ռուս գործընկերներին»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ