«Այս իշխանությունների եւս մեկ օր ավել գոյությունը Հայաստանի Հանրապետության կառավարման մարմիններում եւս մեկ օր վտանգի տակ է դնում Հայաստանի Հանրապետությունը»,- մարտի 30-ին Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության հավաքի ընթացքում հայտարարեց Դավիթ Սանասարյանը:
Նա ներկաների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հայկական կողմը սահմանում կորուստներ է ունեցել՝ հավելով, որ «Ժառանգություն» կուսակցության նիստի ընթացքում քննարկվելու են նաեւ սահմանային միջադեպերը. ««Ժառանգությունը» կոնկրետ առաջարկներով հանդես է գալու եւ դիմելու է բանակին եւ մեր գիտնականներին: Այսպես շարունակել՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես մաշվելով մենք չենք կարող, դրա համար կոնկրետ քայլեր են պետք: Խնդիրները շատ են, խնդիրներն իրար հաջորդում են, բայց մենք չենք տեսնում լուծումներ, որոնք որ կփոխեն այս իրավիճակը, կարող եք ասել, թե արդյունավետ չեն այս հանդիպումները, բայց այս պահի դրությամբ՝ մենք այդ լուծումները չունենք, մենք մեր կոչի տերն ենք եւ մնալու ենք հրապարակում այնքան ժամանակ, մինչեւ որ կարողանանք ստեղծել այդ միությունը եւ այդ միության արդյունքում կարողանանք երկրում իրավիճակը փոխել»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ