«Իշխանությունների բոլոր հայտարարությունները մինչեւ այս եղել են շատ զուսպ: Այդ հայտարարությունն էլ ըստ էության, շատ զուսպ է»,- Ադրբեջանցիներին ռուսական զենքի վաճառքի մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունն Aravot.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանը:
Հիշեցնենք, որ «Արարատի ստորոտին» միջազգային մեդիա ֆորումի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մտահոգություն էր հայտնել՝ «Մեզ անհանգստացնում է, որ ՌԴ-ն՝ ելնելով տարբեր պատճառներից, դրդապատճառներից, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին, եւ այստեղ խնդիրը սպառազինության որակը չէ, խնդիրն այն է, որ մեր սահմանին կանգնած հայ երիտասարդը գիտակցում է, որ իրեն փորձում են ոչնչացնել ռուսական զենքից: Սա է ամենաբարդ հանգամանքը եւ սա է, որ մեր հարաբերությունների վրա կարող է վատ ազդեցություն ունենալ: Տեւական ժամանակ, 250 տարվա ընթացքում, հայերը և ռուսներն ապրել են կողք կողքի, ունեցել են ընդհանուր թշնամիներ, հակառակորդներ և իրենց երկրում արտադրված զենքերից իրար վրա չեն կրակել: Սա խնդիր է, պրոբլեմ, եւ այս պրոբլեմը պետք է լուծում ստանա»:
Էդմոն Մարուքյանի դիտարկմամբ, այս անգամ հարցն ավելի բարձր մակարդակով եւ ավելի սուր է բարձրացվում՝ դիվանագիտական լեզվին համապատասխան. «Կարծում եմ, այդ հայտարարությունը պետք է ողջունել: Այն շատ սպասված է, որովհետեւ դաշնակցային հարաբերությունները չեն լինում միակողմանի: Որեւէ մեկը չի կարող պատկերացնել, որ ԱՄՆ-ն իր ռազմավարական գործընկեր Իսրայելի թշնամու վրա զենք վաճառի: Որեւէ բիզնես շահ չի կարող արդարացնել դա: Իսկ ՀՀ նախագահի մտահոգությունը, ըստ էության նաեւ ցույց է տալիս այն հանգամանքը, որ հակառուսական տրամադրվածություն կարող է առաջանալ դրա արդյունքում: Այսինքն, եթե զինվորը մտածում է, որ իրեն ուզում են ոչնչացնել ռուսական զենքով, դա հայ-ռուսական հարաբերություններին ուղղակի դեմ գնացող բան է:
Մեր հարցին՝ սա կարո՞ղ է նախադեպ լինել, եւ Սերժ Սարգսյանը մի օր էլ ձեռքը խփի սեղանին ու ասի՝ Պերմյակովին այստեղ պիտի դատենք՝ Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Պերմյակովի հարցը ավելի շատ իրավական կողմ ունի, քան քաղաքական, բայց ես ոչ մի բան չեմ բացառում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ