«Արարատի ստորոտին» միջազգային մեդիա ֆորումի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մտահոգություն էր հայտնել. «Մեզ անհանգստացնում է, որ ՌԴ-ն՝ ելնելով տարբեր պատճառներից, դրդապատճառներից, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին, եւ այստեղ խնդիրը սպառազինության որակը չէ, խնդիրն այն է, որ մեր սահմանին կանգնած հայ երիտասարդը գիտակցում է, որ իրեն փորձում են ոչնչացնել ռուսական զենքից: Սա է ամենաբարդ հանգամանքը եւ սա է, որ մեր հարաբերությունների վրա կարող է վատ ազդեցություն ունենալ: Տեւական ժամանակ, 250 տարվա ընթացքում, հայերը և ռուսներն ապրել են կողք կողքի, ունեցել են ընդհանուր թշնամիներ, հակառակորդներ և իրենց երկրում արտադրված զենքերից իրար վրա չեն կրակել: Սա խնդիր է, պրոբլեմ, եւ այս պրոբլեմը պետք է լուծում ստանա»:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին՝ ինչի՞ հետ է կապված Սերժ Սարգսյանի այդ բաց տեքստով հայտարարությունը, նա ուզում է մեղմե՞լ այդ վասալային քաղաքականությունը՝ ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը պատասխանեց. «Ողջ հասարակությունը խոսում է այդ մասին, բոլոր քաղաքական ուժերն ասում են, մենք մշտապես դատապարտել ենք: Վերջապես հասավ իշխանությանն էլ, որ դա լկտի պահվածք է մեր ստրատեգիական պարտնյորի կողմից: Սա դեռ առաջին քայլերն են, բայց սա սկիզբն է: Մենք պետք է բաց խոսենք մեր ստրատեգիական պարտնյորի հետ եւ մատնանշենք, որ կան բաներ, քայլեր, որոնք խոչընդոտում են մեր հարաբերությունների խորացմանը, ընդլայնմանը: Այնպես որ սա ճշմարտության փաստի արձանագրությունն է: Պետք է նույնկերպ ասվեն ու արձանագրվեն Գյումրիի դեպքերի հետ կապված մեր իրավունքները: Տարբեր ոլորտներում պետք է կամաց-կամաց մատնանշել եւ մեր գործընկերները կհասկանան, թե ինչպես է պետք գործել կոնստրուկտիվ դաշտում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ