Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հաշվարկներով, Արեւմտյան Հայաստանի տարածքում եղել է ավելի քան 170.000 պատմական հուշարձան, իսկ այսօր դրանց միայն 2-3 %-է պահպանված:
«Այն բոլոր առիթները, որ ունենում ենք Արեւմտյան Հայաստանի տարբեր գավառներում շրջելու, նույնիսկ գրավոր աղբյուրներում վկայված հուշարձաններից երկուսից երեք տոկոսն է, որ գոյություն ունի: Այն էլ փշրանքների ու ավերակների տեսքով: Շատ քիչ են այն հուշարձանները, որոնք կանգուն են մնացել, դրանք մի քանի եկեղեցի են, որոնք առանց էական ձեւափոխությունների վերածվել են մզկիթների ու այսօր գործում են որպես մզկիթացված եկեղեցիներ»,- ասաց հուշարձանագետը:
Նրա խոսքով, թուրքական իշխանությունները անցած տասնամյակների ընթացքում հայկական մշակույթի հուշարձանների նկատմամբ իրականացրել են նույնը, ինչը մի քանի ամսում օսմանյան կայսրության խմբավորումները իրականացրին արեւմտահայերի նկատմամբ. «Նույնն են արել, ընդորում, Թուրքիան նյութական մշակույթի հուշարձանների ոչնչացումն իրականացրել է՝ ստորագրելով պատմական ժառանգության հետ առնչվող բազմաթիվ եվրոպական կոնվենցիաներ: Խտրական, ընդգծված վերաբերմունք է դրսեւորել հայ մշակույթի հուշարձանների նկատմամբ, որոնք գնահատվել են պատմական իրականությունը մատնող հուշարձաններ, իսկ ցեղասպանության ճանապարհով նվաճված մեր հայրենիքը Թուրքիա պետություն ամրագրելու միակ ելքը հայկական հուշարձաններից ձերբազատվելն է եղել»:
Հուշարձանագետը հիշեցրեց, որ ցեղասպանության միջոցով է, որ Թուրքիան ունի ներկայիս սահմանները. «Այսօր լսեցի Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունը, թե կապ չունեն օսմանյան կայսրության ժամանակ տեղի ունեցածի հետ, մի անգամ նայեք ձեր վարչական քարտեզին, եթե կապ չունեք, այդ սահմանները ինչպե՞ս ունեք: Հենց ցեղասպանության շնորհիվ ունեք այսօրվա ձեր պետական սահմանները»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ