«Հայոց ցեղասպանության փաստն այնքան խոսուն է, որքան լուսնի ու արևի առկայությունը երկնքում»,-խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը`դիմելով Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանին: Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահը, ըստ «Հուրրիյեթ»-ի, Օսմանյան արխիվի շենքում կազմակերպված «Համաշխարհային պատերազմի փաստաթղթերը՝ 100-րդ տարում» սիմպոզիումի ու ցուցահանդեսի բացմանը, դիմելով հայկական սփյուռքին ասել էր. «Սփյո՛ւռք, Հայաստանի՛ ղեկավարություն, մեր փաստերն այստեղ են: Դու էլ, ինչ փաստեր ունես, հանի՛ր դրանք: Երկրներով շրջելով ու որոշ տեղերում փող կերցնելով արշավներ կազմակերպելով արդյունքի չեք հասնելու»: Էրդողանը հայտարարել է, թե ինքը միշտ կոչ է արել, այժմ էլ է կոչ անում, որ գան, ուսումնասիրեն թուրքական արխիվները:
Այնուհանդերձ, եթե Էրդողանը փաստեր է ուզում, ՀՀԿ խոսնակը նրան առաջարկում է ապրիլի 24-ին գալ Երևան, այցելել Ծիծեռնակաբերդ, պատմության թանգարան և ծանոթանալ փաստերին: «Իսկ ավելի խոսուն փաստերը հազարավոր պղծված եկեղեցիներն են, հազարավոր քանդված գյուղերն են, միլիոնավոր հայերից զուրկ տարածքները։ Միլիոնավոր հայկական համայնքն է, որ ապրել է Օսմանյան կայսրությունում և մազապուրծ է եղել, Դեյր Զորն է, փաստաթղթերն են, հենց իրենց Ռազմական դատարանի 1919 որոշումն է, դա Երիտթուրքական կուսակցության գաղտնի որոշումն է, դա 1915 թ. մայիսի 24 -ի՝ Անտանտի երկրների հայտարարությունն է, ըստ որի` հայերի հանդեպ իրականացված հանցագործությունը քաղաքակրթության նկատմամբ իրականացված հանցագործություն է, դա ՄԱԿ-ի բազմաթիվ կոնվենցիաներն են և 301 հոդվածը, որ առ այսօր գործում է Թուրքիայում»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ