Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Մարգարյան. «Այն, որ ՌԴ-ն զենք է վաճառում Ադրբեջանին, մեզ համար վտանգավոր է, անդուր է, պետք է բարձրաձայնել»

Մարտ 20,2015 18:03

«Չեմ կարծում, որ բարեկամությունը ենթադրում է դիմացինին ոչինչ չասել այն մասին, ինչը քո համար մեղմ ասած, շահեկան չի: Այն, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, բնականաբար, մեզ համար վտանգավոր է, անդուր է եւ այդ մասին պետք է բարձրաձայնել: Եթե մենք իսկապես ռազմավարական դաշնակիցներ ենք, ուրեմն պետք է հաշվի առնենք բոլոր նրբությունները: Մեզ համար այս պահին ցանկալի չի այդ զենքի վաճառքը, եւ մեր դաշնակցին պիտի ասենք այդ մասին»,- Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ռուսական զենքի վաճառքի մասին այսպես մեկնաբանեց ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

Հիշեցնենք, որ  «Արարատի ստորոտին» միջազգային մեդիա ֆորումի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մտահոգություն էր հայտնել՝ «Մեզ անհանգստացնում է, որ ՌԴ-ն՝ ելնելով տարբեր պատճառներից, դրդապատճառներից, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին, եւ այստեղ խնդիրը սպառազինության որակը չէ, խնդիրն այն է, որ  մեր սահմանին կանգնած հայ երիտասարդը գիտակցում է, որ իրեն փորձում են ոչնչացնել ռուսական զենքից: Սա է ամենաբարդ հանգամանքը, եւ սա է, որ մեր հարաբերությունների վրա կարող է վատ ազդեցություն ունենալ: Տեւական ժամանակ, 250 տարվա ընթացքում, հայերը և ռուսներն ապրել են կողք կողքի, ունեցել են ընդհանուր թշնամիներ, հակառակորդներ և իրենց երկրում արտադրված զենքերից իրար վրա չեն կրակել:  Սա խնդիր է, պրոբլեմ, եւ այս պրոբլեմը պետք է լուծում ստանա»:
Մեր հարցին՝ ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը հիմա դա ասում՝ Ստեփան Մարգարյանը պատասխանեց. «Դա նորմալ է, ես կարծում եմ, ավելի շուտ պետք է աներ»:

Մեր հարցին՝ դա կապվա՞ծ է նրա հետ, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը մոտենում է ավարտին, եւ նա ուզում է մաքրել իրեն եւ մեղմել այդ վասալային քաղաքականությունը, Ստեփան Մարգարյանը պատասխանեց, որ չի ուզում այդպիսի ենթադրություններ անել. «Ես գոհ եմ, որ այդ մասին ասվել է եւ ասվել է բարձրաձայն: Կարեւորում եմ դա: Մեր տիպի երկկիրը պիտի լինի հավատարիմ իր պայմանագրային պարտավորություններին, լինի կանխատեսելի, բայց ակնկալի նույն բանն իիր գործընկերներից»:

Մեր հարցին՝ Պուտինը չի՞ պատժի մեզ այդպիսի հայտարարության համար, Ստեփան Մարգարյանը պատասխանեց. «Չեմ կարծում, ինչո՞ւ պիտի պատժի: Կարծում եմ, այն, ինչ մենք ասում ենք, ճիշտ է ասել, քան փորձել կուլիսային խոսակցություններ անել: Ի վերջո վերաբերմունք է փոխվում, չէ՞: Երկրի  ներսում կարող են խնդիրներ լինել, իսկ դա ավելի վտանգավոր է: Երբ մեր ազգաբնակչության մոտ է լինում որոշակի կասկածներ գործընկերոջ նկատմամբ, դա լավ չի: Ավելի լավ է ի սկզբանե դա ասել եւ լուծել այդ խնդիրները: Սերժ Սարգսյանի ասածը նորմալ էր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031