Ուժեղ ամպամածությունն այսօր թույլ չտվեց նկատել արևի խավարումը: Մի երևույթ, որը նախկինում մարդկանց մեջ խուճապ էր առաջացնում, իսկ այսօր առավել հետաքրքրում է՝ արդյո՞ք այն վտանգավոր չէ:
Բյուրականի աստղադիտարանի ավագ գիտաշխատող, Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը վստահեցնում է, որ արևի կամ լուսնի խավարման մեջ որևէ արտառոց կամ սարսափելի բան չկա: Դրանք զուտ տիեզերական երևույթներ են, որոնք որևէ ազդեցություն չեն թողնում մեզ վրա, վտանգավոր հետևանքներ չեն ունենում, առողջական խնդիրների չեն հանգեցնում, ինչպես շատերն են կարծում:
Պարոն Միքայելյանի դիտարկմամբ՝ այսպիսի մտավախությունները զուտ հոգեբանական են: «Հատկապես հին ժամանակներում քրմերն օգտագործում էին խավարման երևույթը՝ մարդկանց հնազանդ պահելու համար: Քրմերը սովորել ու կարողանում էին հաշվարկել խավարման պահերը և համապատասխան օրը տրամադրվածություն էին ստեղծում, թե Աստված հիմա կբարկանա որևէ անհնազանդության կամ մեկ այլ բանի համար»,- նշեց Ա. Միքայելյանը:
Կարդացեք նաև
Պարզվում է՝ արևի առաջին խավարումը մ.թ.ա. 585 թվականի մայիսի 28-ին է եղել: «Այդ ժամանակ ճակատամարտ էր տեղի ունենում լիդիացիների և մարերի միջև, բայց արևի խավարման շնորհիվ այն ընդհատվեց, որովհետև մարդիկ մտածեցին, որ Աստված բարկացել է: Դրանից հետո այդ ժողովուրդների միջև երկար ժամանակ ձգվող պատերազմն առհասարակ դադարեց»,- պատմեց աստղագետը:
Իսկ ինչպե՞ս է խավարում տեղի ունենում:
«Լուսինը հայտնվում է արեգակի ու երկրի միջև: Լուսնի սկավառակը, անցնելով արեգակի սկավառակի առջևով, խավարում է վերջինիս լույսը»,- հստակեցրեց պարոն Միքայելյանը՝ հավելելով, որ տարբերում են արևի մասնակի և լրիվ խավարումներ: Մեզ մոտ այսօրվա խավարումը մասնակի էր՝ լույսի մոտ մեկ քառորդն էր ծածկված, որը մենք առանձնապես չզգացինք:
Ա. Միքայելյանի տեղեկացմամբ՝ լրիվ խավարումը տևում է առավելագույնը մի քանի րոպե, իսկ մասնակի խավարումն ավելի երկար է տևում, քանի որ լուսինը հենց սկսում է եզրից ծածկել արևի սկավառակը, արդեն դա համարվում է մասնակի խավարման սկիզբ, և կարող է տևել մոտ չորս ժամ:
«Տարեկան, սովորաբար, 2-3 անգամ են լինում արևի խավարումներ: Կա նաև լուսնի խավարում, երբ լուսինը հայտնվում է երկրագնդի ստվերում: Դա էլ տարեկան 2-4 անգամ է լինում»,- նշեց աստղագետը՝ հայտնելով, որ այս տարի արևի ևս մեկ խավարում կունենանք սեպտեմբերի 13-ին:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ