ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը ելույթ ունեցավ Հայաստան-Եվրամիություն Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի երևանյան նիստին
Մարտի 20-ին Երևանում կայացավ Հայաստան-Եվրամիություն Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստը, որին մասնակցեց նաև ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը:
Նախարարի տեղակալը խորհրդարանականներին ներկայացրեց հայկական կողմի առաջնայնությունները ԵՄ հետ շարունակական համագործակցության շրջանակներում: Նշվեց, որ Հայաստանը պատրաստ է զարգացնել ԵՄ հետ հարաբերությունները` ուղղված ժողովրդավարական կառույցների և դատական համակարգի բարեփոխմանը, մարդու իրավունքների խրախուսմանը, համագործակցել տնտեսական միջավայրի բարելավման, կոռուպցիայի դեմ պայքարի և մի շարք այլ բնագավառներում:
Անդրադարձ կատարվեց նաև վերջերս ամփոփված ՀՀ-ԵՄ մտքերի փոխանակման գործընթացին, որի նպատակն էր քննարկել ապագա իրավապայմանագրային հիմքի շրջանակները` հիմնված նախկինում արձանագրված առաջընթացի և Հայաստանի նոր միջազգային պարտավորությունների վրա:
Կարդացեք նաև
Կարևորելով խորհրդարանական դիվանագիտության դերը մի շարք առանցքային խնդիրների կարգավորման հարցում` Կարեն Նազարյանը ողջունեց Եվրոպական խորհրդարանի վերջերս ընդունած Տարեկան զեկույցը Մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ, ուր կոչ էր արվում ԵՄ անդամ պետություններին և ԵՄ կառույցներին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` ճանաչել Հայոց ցեղասպանությունը և նպաստել ճանաչման գործընթացի տարածմանը: Նախարարի տեղակալ Նազարյանն իր խոսքում անդրադարձ կատարեց նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և հայ-թուրքական հարաբերություններին:
ՀՀ ԱԳՆ