Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ զինվորականներին ստիպում էին փոս փորել ու կենդանի թաղվել». թուրքագետ

Մարտ 20,2015 17:53

«Մինչեւ Թուրքիայի Սահմանադրություն վերահռչակումը երկրում բնակվող ոչ մահմեդականները օսմանյան բանակ զորակոչվելու իրավունք չունեին: Ավելի ուշ Սահմանադրության վերահռչակումից հետո հայերը պայքարեցին, որ իրենց էլ հնարավորություն տրվի ծառայել օսմանյան բանակում, եւ պայքարի արդյունքում 1910-ին օսմանյան խորհրդարանը ընդունեց օրենք, որի հիման վրա երկրի ոչ մահմեդական բնակչությունը հնարավորություն ունեցավ ծառայել բանակում»,- այսօր «Դեբատ» ակումբում պատմեց թուրքագետ Անի Ոսկանյանը:

Նրա պատմելով՝ 1914-ին, երբ սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը, հայերը նույնպես մասնակցեցին ընդհանուր զորահավաքին. «Հայ ժողովրդի արական սեռի ներկայացուցիչներից գրեթե բոլորը արդեն զորակոչված էին օսմանյան բանակ, թուրքական հրամանատարության տիրապետության տակ: 1915-ին  Էնվեր փաշայի հրամանը եղավ՝ զինաթափել եւ ձերբակալել բոլոր հայ զինվորականներին, պատրվակը Սարիղամիշի ճակատամարտում խոշոր պարտությունն էր, իբրեւ թե  հայերը կարող էին անցնել թշնամու կողմը, դասալքել եւ այլն: Հայ զինվորներին զինաթափում ու ընդգրկում էին տարբեր բանվորական գումարտակներում՝ բեռնափոխադրական, շինարարական զորամիավորումներով: Հայ զինվորականներին այդ գումարտակներում լավ աշխատեցնելուց հետո խմբերով տանում էին ամայի վայրեր ու ոչնչացնում»:

Թուրքագետի խոսքով, 1918-ին Էնվեր փաշայի նույն հրամանը կրկնվում է ու ողջ մնացած հայ զինվորներին կրկին զինաթափեցին ու ոչնչացրին. «Հայ զինվորականների տանջանքների մասին կան լուրջ փաստեր:  Դիվանագիտական հաղորդագրություններում եւ  այդ ժամանակահատավածում այդտեղ գտնվող տարբեր միսիոներների հուշագրություններում գրված են հայ զինվորականների ոչ միայն ոչնչացման, այլեւ տանջանքների մասին, որոնց միջով անցնում էին:  Օրինակ՝ հայ զինվորներին խմբով տեղափոխում էին մի վայր, որտեղ ստիպում էին ձեռքերով փոս փորել ու թաղել օսմանյան բանակի կոմղից սպանված իրենց հայրենակիցներին, հետո ստիպում էին փոսեր փորել իրենց համար, որ կենդանի թաղվեն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031