Aravot.am- հետ զրույցում այսօր այս մասին ասաց Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Քարաբերդ գյուղի անասնաբույժ Գուրգեն Ասլանյանը, որը մարզի մյուս բոլոր անասնաբույժների հետ եկել էր Շիրակի մարզպետարան՝ գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղյանի հետ հանդիպելու:
«Գյուղի 99 տոկոսը վարկերի տակ են, անասուններին դնում, մորթում են վարկերը փակելու համար, անգամ կթու կովերին չեն խնայում: Մեր գյուղում ցորեն, գարի են աճեցնում, անձրեւ եկավ, բերք կլինի, չեկավ՝ չի լինի, մարդը որտե՞ղից փակի վարկերը, ստիպված անասուններին է մորթում: Շատ են դեպքերը, երբ գյուղացիները մի բանկից վարկ են վերցնում մյուս բանկի վարկը մարելու համար, բանկից բանկ են ընկնում մարդիկ: Գառը չի իրացվում, ոչխարը չի իրացվում, էսօր ցանկացած մարդ ցանկացած գյուղից ցածր գնով կարող է հսկայական գլխաքանակ գնել, վերավաճառողն այսօր ավելի շատ գումար է աշխատում, քան անասուն պահողը: Մենք հեռուստատեսությամբ տեսնում ենք, հենց պամիդորի քոլին կարկուտը զարկում է, ամբողջ նախարարությունը քնում է էդտեղ, որպեսզի մի բանկա տոմատի սոկ ավել արտադրի, բայց չեն մտածում, որ զինվորը էսօր միս ու կարագ պիտի ուտի, որ կարողանա սահման պահի: Պետռուշկով, համեմով զինվոր չի ապրի.. .», – նեղվեց անասնաբույժը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ