Քիչ առաջ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը իր ՖԲ էջով տարածեց հետեւյալ հայտարարությունը. «Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի գրությունը՝ գրիպի և սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության աճի վերաբերյալ` այսօր որոշում եմ կայացրել մեկ աշխատանքային շաբաթով, մինչև ս/թ մարտի 29-ը ներառյալ, դպրոցների գարնանային արձակուրդները երկարացնելու մասին:
Դպրոցի տնօրեններին հանձնարարվել է մինչև ուսումնական տարվա ավարտն ապահովել առարկայական ծրագրերի կատարումը` դասացուցակներում համապատասխան փոփոխությունների միջոցով:
Համապատասխան գրություններով պաշտոնապես կտեղեկացվեն նաև բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունները և այլ պատկան մարմինները»:
Նկատենք, որ արձակուրդների երկարացման վերաբերյալ լուրերը տարածվել էին դեռ մեկ-երկու օր առաջ, եւ երեկ՝ «Առավոտի» հարցին այդ մասին, ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն ասել էր, որ նման բան չկա: