Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանցիների կառուցած բլինդաժը ստրատեգիական նշանակություն չունի, որ ռմբակոծենք»

Մարտ 20,2015 16:57

Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչները երեկ մտահոգություն էին հայտնել այն մասին, որ Ղազախի շրջանի Աշաղի Աքսիբարա (թարգմանաբար՝ Ներքին Ոսկեպար) գյուղի տարածքում ադրբեջանցիները սկսել են մեծ փոս փորել եւ բլինդաժներ կառուցել, եւ հայ սահմանապահներն ադրբեջանական էքսկավատորի աշխատանքին չեն խոչընդոտում:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Արցախյան պատերազմի մասնակից, ԵԿՄ անդամ Վարդան Դեւրիկյանը վստահեցրեց, որ մտահոգվելու կարիք չկա. «Բլինդաժներին խոչընդոտելը նույնն է, ինչ, ասենք, տուն սարքելուն խոչընդոտելը: Այդ տարածքները վերահսկվող են, եւ եթե դա բլինդաժ է, անիմաստ է դա հրետակոծության ենթարկելը: Դա ոչինչ չի նշանակում»:

Վարդան Դեւրիկյանն ասաց, որ  բլինդաժի կառուցումը ստրատեգիական նշանակություն չունի. «Դա պատճառ  չպիտի հանդիսանա, որ մեր կողմը զինադադարը խախտի: Եթե դա իրենց հենակետերի ամրացում բերեր, ես հավատացած եմ, որ մերոնք կխոչընդոտեին: Եթե չեն խոչընդոտում, նշանակում է՝ խնդիր չկա: Գետնափոր է սովորական: Երբ դիրրքերում հերթափոխ է լինում, գնում բիլնդաժներում մնում են: Կրակ կարելի է բացել, եթե առաջնային գիծը առաջ տան կամ ասենք, կրակային գծեր վերեւում տեղադրեն, որոնք կարող են խփել ներքեւում ավիրել, բայց  բլինդաժի համար հիմք չկա կրակելու: Կարող է դպրոց սարքեն, ասենք՝ դպրոց են սարքում, ռմբակոծենք: Եթե դա անգամ երկրորդ ամրացնող պաշտպանական դիրք լինի, էլի ռմբակոծելու անհրաժեշտություն չկա: Խփում են այն ժամանակ, եթե դիրքերի բարելավում է լինում եւ դիրքերի ամրացում է լինում»:

Երեկ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարված իրավիճակ էր՝ ունեցանք 3 զոհ, 4 վիրավոր: Մեր հարցին՝ այդ լարվածությունն ու ակտիվացումն ինչի՞ հետ է կապված, հնարավո՞ր է դա իրենց Նոր տարվա հե՞տ է կապված, որովհետեւ ասում են՝ մուսուլմաններն այս օրերին իրենց «Նովրուզ բայրամն» են նշում եւ խնդիր ունեն իրենց խոսքերով՝ հնարավորինս ավելի շատ «գյավուրներ» սպանելու, Վարդան Դեւրիկյանը պատասխանեց. «Ադրբեջանցիների համար մարդը արժեք չունի: Եթե իրենց համար մարդը արժեք չունի, բնականաբար, իրենց ամեն մի նման գործողությամբ մի նպատակ են հետապնդում՝ հնարավորինս մարդկային կորուստներ պատճառել մեզ եւ շոշափել պաշտպանական գծի ամրությունը, տեսնել որտեղ է այն խոցելի, որտեղ՝ չէ, որ հետո սկսեն ավելի մեծածավալ ռազմական գործողություններ ձեռնարկել: Դիվերսիան իրենց ոչինչ չի տալիս: Եթե նույնիսկ պաշտպանական հենակետեր, ասենք, գրավեն, միայն մի դիրքը պահելով՝ չես կարող վերահսկողություն իրականացնել եւ իրավիճակի տերը լինել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031