«Իննսունական թվականներին, երբ «Բարբի» տիկնիկը բերեցին Խորհրդային Միություն, մինչև այդ բոլորը ուզում էին ձեռք բերել: Մի աղջնակ, որը չուներ տիկնիկ, դիմեց Գորբաչովին, որ իրեն Բարբի տիկնիկ տրամադրեն: Ստացավ իր իսկ դիմում- նամակը՝ տարբեր մակագրություններով, բայց Բարբին չստացավ, հիմա դուք ստացել եք ձեր պատասխանը Բարբիի տեսքով»,- այս պատմությունն այսօր խորհրդարանում հիշեց ՀՀԿ-ական պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը` պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որտեղ քննարկվում էր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած «Վալերի Պերմյակովին ՀՀ-ին փոխանցելու մասին» նախագիծը:
Հարցի հարակից զեկուցող Լևոն Մարտիրոսյանն այդ կերպ ուզում էր պաշտպանել գլխավոր դատախազ Կոստանյանին, ում հասցեին Զարուհի Փոստանջյանը մեղադրանք հնչեցրեց, թե ինքը չի տեսել ՌԴ գլխավոր դատախազին Գեւորգ Կոստանյանի ուղղարկած նամակը: Լեւոն Մարտիրոսյանն ասաց, որ իրենք էլ չեն տեսել այն նամակը, որը Փոստանջյանն ուղարկել է Վլադիմիր Պուտինին և ՌԴ գլխավոր դատախազին:
«Ձեր հումորը տեղին չի, եթե դուք իրազեկ չեք այդ խնդրով և հարակից զեկուցող եք, ամոթ է: Դուք նման բարբիների օրինակներ եք բերում և չեք պատրաստվել հարակից զեկույցի համար: Չգիտեք, թե ինչպիսին է եղել իմ նամակը և պատասխանը»,- Մարտիրոսյանի՝ «Բարբի» տիկնիկի պատմությանն այսպես արձագանքեց Զարուհի Փոստանջյանը և ՌԴ գլխավոր դատախազին իր ուղղարկած նամակի օրինակը հանձնեց Լևոն Մարտիրոսյանին: «Հուսամ, որ ռուսերեն կարդալ գիտեք, կարդացեք: Հարիր չէ, որ այս հարցի շուրջ նման պատմություններ եք պատմում»,- ասաց Փոստանջյանը: «Հարիր է, շատ լավ հարիր է»,- պատասախանեց Լևոն Մարտիրոսյանը:
Հարակից զեկուցողի փոխանցմամբ՝ Պերմյակովին Հայաստանին փոխանցելու որոշման նախագծի վերաբերյալ ԱԺ իրավաբանական վարչությունը եզրակացություն չի ներկայացրել: Քվեարկության արդյունքում Փոստանջյանի նախագիծը չընդգրկվեց ԱԺ նիստերի օրակարգ: Նախագծն ԱԺ օրակարգ մտցնելուն կողմ քվերկեցին ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը և Զարուհի Փոստանջյանը:
Նիստում որոշվեց նաեւ, որ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը պետք է նամակներ ուղարկի ՀՀ իրավապահ մարմիններին՝ այդ գործի հետ կապված որոշակի հարցերի պատասխաններ ստանալու համար:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ