«Ավետիսյաններին նման նախագծերով գցում են թյուրիմացության մեջ»,- այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց նախկին զինդատախազ, ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:
Նիստում քննարկվում էր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած «Վալերի Պերմյակովին ՀՀ-ին փոխանցելու մասին» նախագիծը: «Թյուրիմացության մեջ Դո՛ւք եք փորձում գցել»,- Ջհանգիրյանին պատասխանեց Փոստանջյանը: «Ես կողմ եմ քվեարկելու նախագծին, որ դու մենակ չմնաս, իմ հետ մի վիճի»,- ասաց Ջհանգիրյանը`մանրամասնելով. «Եթե մենք նայում ենք միջպետական պայմանագրերը, ապա՝ եթե ձերբակալումը կատարվել է ՀՀ-ի իրավապահ մարմիների կողմից, ապա ձերբակալվածը գտնվում է մեր իրավազորության ներքո, եթե ՀՀ տարածքում ձերբակալումը կատարվել է ռուսական բազայի կամ ռուս իրավապահ մարմիների կողմից, ապա նա գտնվելու է ռուսական իրավապահների հսկողության ներքո»:
Փոստանջյանն էլ արձագանքեց, որ ինքը մենակ մնալուց չի վախենում:
Իր խոսքում, Զարուհի Փոստանջյանը նշեց, որ հայ իրավապահ մարմինները դատապարտվել են անգործության և ոչ մի քայլ չեն ձեռնարկում Գյումրիում Ավետիսյանների ընտանիքին սպանած Վալերի Պերմյակովին Հայաստանին հանձնելու ուղղությամբ. «Խախտվել է թե՛ ՀՀ Սահմանադրությունը, թե՛ մեր օրենքները, իրավական ընթացակարգը մատանանշում է, որ ՀՀ գլխավոր դատախազը, ոստիկանապետը կամ ԱԱԾ պետը պետք է վերցնեն ձերբակալման որոշումը, գնան ռուսական ռազմաբազա և վերցնեն Վալերի Պեմյակովին, պետք է նրան տանեին ժամանակավոր պահման մեկուսարան, այնուհետև քրեակատարողական հիմնարկ: Սա է պահանջում ՀՀ օրենսդրությունը, որն այս պահի դրությամբ մեր իրավապահ մարմինները հրաժարվում են իրականացնել»:
Խոսելով ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի կողմից ՌԴ գլխավոր դատախազին ուղարկված նամակի մասին՝ Փոստանջյանն ասաց, որ ինքը ոչ այդ նամակն է տեսել, ոչ էլ դրա պատասխանը.«Ես չգիտեմ, թե ՀՀ գլխավոր դատախազը ի՞նչ դիմում է ներկայացրել իր ռուս գործընկերոջը, բայց նա Գյումրիում հայտարարեց, որ միջնորդություն է ներկայացնելու Վալերի Պերմակովին Հայաստան փոխանցելու վերաբերյալ: Հետո մենք մամուլից տեղեկացանք, որ նա նամակ է գրել Ռուսաստանի գլխավոր դատախազ Չայկային, սակայն ոչ այդ նամակը մենք տեսել ենք, ոչ էլ այդ նամակի պատասխանը»: Պատգամավորի կարծիքով, բացի սպանության գործից, պետք է քրեական գործ հարուցվի նաև սահմանը ապօրինի հատելու վերաբերյալ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ