Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Աստանայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում, հայտարարել է նավթի գների իջեցման հետեւանքով Եվրասիական տնտեսական միությանը սպառնացող ռիսկերի մասին. հաղորդում է Segodnya.ua-ն:
«Մեր շրջապատում մենք քննարկել ենք Եվրասիական տնտեսական միության հարցը, բայց մինչեւ վերջ չենք հասցրել այն: Հունվարի 1-ից միությունը սկսել է աշխատել: Ցավոք սրտի այսօր մեր միության վրա մեծ փորձություններ են դրված, որովհետեւ արտահանման գները իջել են, հատկապես՝ Ռուսաստանում եւ Ղազախստանում նավթի եւ այլ արտահանման արտադրանքների»,- ասել է նա եւ ավելացրել, թե իրենք գիտեին, որ այդպիսի վտանգներ կլինեն եւ գնային անհամամասնություն եղել է, անհանգստություն՝ նույնպես:
Moscow-post.com-ն էլ նշել է, որ հանդիպման ընթացքում Վլադիմիր Պուտինը նույնպես հույս է հայտնել, որ ԵՏՄ-ն կկարողանա հաղթահարել տնտեսական դժվարությունները, որոնք այսօր կան աշխարհում: «Համաշխարհային տնտեսությունում իսկապես դժվար իրադրություն է, եթե հաշվի առնենք շուկաներում տիրող իրավիճակը: Բայց ես համոզված եմ, որ ձեր անմիջական մասնակցությամբ ամբողջ հետխորհրդային տարածքներում ստեղծված տնտեսությունը եւ սոցիալական ոլորտը, անպայման, կօգնեն հաղթահարել այդ դժվարությունները»:
Պուտինը նաեւ կոչ է արել ապրիլի 26-ի Ղազախստանում կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում աջակցել Նուրսուլթան Նազարբաեւին. «Բոլոր նրանք, ովքեր սիրում են Ղազախստանը, նրանք, ում համար թանկ է նրա կայունությունը եւ զարգացումը, պետք է այս օրերին աջակցեն Ղազախստանի նախագահին: Եվ ես, իհարկե, նրանց մեջ եմ մտնում: Հաջողություններ եմ ցանկանում»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ