Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Համաշխարհային բանկի պատվիրակության հետ քննարկել է ոռոգման համակարգի բարելավման խնդիրները  

Մարտ 20,2015 14:24

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը, որի կազմում էին ջրային ռեսուրսների ավագ մասնագետ, Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի ղեկավար Ուինսթոն Յունը, ՀԲ ծրագրերի պատասխանատու Արուսյակ Ալավերդյանը, սոցիալական հարցերով ավագ մասնագետ Սառա Մայքլը և այլ պաշտոնատար անձինք:

Հանդիպմանը ներկա էին նաև Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը և Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Ֆելիքս Մելիքյանը:

«Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումն այսօր մեր երկրի գյուղատնտեսության ոլորտի առաջնային խնդիրներից է, ուստի հարկավոր է ավելի ակտիվ միջոցառումներ իրականացնել այս ուղղությամբ, հատկապես հաշվի առնելով կլիմայի գլոբալ փոփոխությունների հետևանքով առաջացող սակավաջրության խնդիրները», – ողջունելով հյուրերին` նշել է նախարարը:

Հյուրերը նախարարին տեղեկացրել են, որ բանկի աջակցությամբ Հայաստանում իրականացվող ոռոգման համակարգերի բարելավման քառամյա ծրագրի շրջանակում այցելել են հանրապետության մարզեր, կազմակերպել քննարկումներ ջրօգտագործողների ընկերությունների ներկայացուցիչների, ինչպես նաև հանդիպել համայնքների բնակիչների հետ:

2014 թվականի սկզբին մեկնարկած այդ ծրագրով մասնավորապես նախատեսվում է հանրապետության մի շարք տարածաշրջաններում կառուցել ինքնահոս համակարգեր,  վերակառուցել ջրանցքներ, ինչպես նաև ներդնել ջրաչափման և կառավարման ժամանակակից համակարգեր:

Հանդիպման ընթացքում նախարարն առաջարկել է Համաշխարհային բանկի հետ համատեղ մշակել երկարաժամկետ հայեցակարգ, որը կներառի ոլորտի զարգացմանն ուղղված համալիր, այդ թվում` ջրամբարների կառուցման, դրանց հզորությունների մեծացման, նոր ջրատարների անցկացման և այլ միջոցառումներ, անխտիր ներառելով ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը նաև շահառուների մոտ:

Հյուրերը նախարարին են հանձնել նաև «Հայաստանի գյուղատնտեսական համակարգերի խոցելիության նվազեցումը կլիմայական փոփոխությունների նկատմամբ» և «Հայաստանի Հանրապետության դեպի ջրային ռեսուրսների համալիր կառավարում» լայնածավալ ուսումնասիրությունները:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031