Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ֆարմանյան. Սաջադ Քարիմը ներկայացրել է ոչ թե սեփական, այլ թուրքական կառավարության տեսակետը

Մարտ 20,2015 14:31

«Վերջին անգամ ե՞րբ եք եղել Ադրբեջանում, ի՞նչ եք մտածում այդ երկրի մասին, Ադրբեջանում էլ հնչեցրել ե՞ք այն հարցադրումները, որոնք Երեւանում հնչեցրեցիք»,- այս հարցերն այսօր ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստի ավարտին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ուղղվեցին Հարավային Կովկասի պատվիրակության ղեկավար Սաջադ Քարիմին:

Վերջինս, հիշեցնենք, խոսել էր Հայաստանի կողմից որոշ տարածքների վերադարձի հնարավորության մասին, որպես Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված քայլ :
Մինչ եվրոպացի պարոնի արձագանքը՝ հայաստանյան պատվիրակության ղեկավար Սամվել Ֆարմանյանը հստակեցրեց, որ պարոն Քարիմը մեջբերել էր Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումը, եւ նրա հարցադրումն ուղղված էր նրան, որ հայկական կողմը եվս մեկ անգամ իր դիրքորոշումը ներկայացնի: Ասաց, որ թյուրընկալումը հավանաբար սխալ թարգմանության կամ պարզապես թյուրընկալման արդյունք է:

Սաջադ Քարիմը հավաստեց, որ թերընկալումները թարգմանության կամ մեկնաբանությունների առուով էին: Ապա ասաց, որ երբեւէ որեւէ ուղղակի ներգրավվածություն Հարավային Կովկասում կամ տարածաշրջանի երկրներում չի ունեցել, ու դա է պատճառը, որ մի քանի ամիս առաջ իր կուսակցությունը Հարավային Կովկասի պատվիրակության ղեկավարի պաշտոնում հենց իրեն է առաջարկել: «Հայաստանը տարածաշրջանի առաջին երկիրն է, որ երբեւէ այցելել եմ եւ հեռանում եմ դրական արդյունքներով, ձեր երկրի խորքային ընկալմամբ»,- ասաց նա`հույս հայտնելով, որ դա հնարավորություն կտա Հայաստան-ԵՄ հարաբերությունների արդյունավետ զարգացման առումով:
Լրագրողը նաեւ հետաքրքրվել էր` ի՞նչ ազգություն ունի եվրոպացի չինովնիկը: «Ես՝ որպես բրիտանացի, սովոր չեմ նման հարցի: Չգիտեմ էլ պատասխանե՞մ, թե՞ ոչ: Բրիտանացի եմ, անգլիացի, ընտանիքս ծագումով Հարավային Ասիայից է»,-ասաց նա:  (Նկատենք, որ Վիքիպեդիայում պարոն Քերիմի մասին գրված է, որ նա ծագումով պակիստանցի է եւ Եվրոպական պառլամենտում երկրորդ մահմեդական պատգամավորն է-խմբ.)
Հարցեր հնչեցին նաեւ սահմանային լարվածության ավելացման, Ադրբեջանի սպառազինման եւ ԼՂՀ հարցերի կարգավորման, Մինսկի ձեւաչափով պայմանավորվածություններն Ադրբեջանի կողմից խախտելու եվրոպական մոտեցումների մասին: «Երբ եկա այստեղ, առաջին իսկ հանդիպումս ԵԱՀԿ-ի դեսպանի հետ էր: Մենք հանձնառու ենք մնում սատարելու ԵԱՀԿ-ին եւ Մինսկի գործընթացը: Շատ տխուր է տեսնել անմեղ կյանքերի կորուստը կրկին»,- ասաց եվրոպացի պաշտոնյան`հավելելով, որ հանձնաժողովի նիստի ընդունած բանաձեւում այդ բոլոր մտահոգությունների պատասխանները կան:

Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման հարցի մասով էլ նկատեց. «Թափանցիկ լինելն առողջարար է: Այն բոլոր մտահոգութունները, որոնց մասին խոսվել է Հայաստանի խորհրդարանում, տեղ են գտել մատչելի պաշտոնական փաստաթղթերում»: Նա նկատի ունի այս շաբաթ Հայաստանում կայացած եվրոպական միջոցառումների արդունքում ընդունված բանաձեւերը: «Ի դեմս ԵՄ-ի՝ դուք ունենք գործընկեր, որն անկեղծորեն ուզում է Հայաստանի հետ ձեռք-ձեռքի աշխատել, համատեղ խրախուսել այն արժեքները, որոնք բաց են, ժողովրդավարական են»,- ասաց Սաջադ Քարիմը` հավելելով, որ հայաստանցի գործընկերները միշտ հիշեցրել են իրենց`Հայաստանն էլ է Եվրոպա:

Ասուլիսի ավարտին Սամվել Ֆարմանյանն իր կոստյումին փակցված անմոռուկը նվիրեց Սաջադ Քարիմին: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան էլ իր կրծքանշանը նվիրեց Սամվել Ֆարմանյանին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031