Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցիոլոգ. «Փոքր համայնքների միավորումը իմաստ չունի»

Մարտ 20,2015 14:21

«Զրոները երբ գումարում ես, մնում է զրո, բայց երբ զրոյի կողքը դնում ես մեկ, դառնում է տաս: Ուրեմն՝ համայնքների խոշորացումը պետք է լինի ոչ թե այն ճանապարհով, որ թույլերին միավորեն եւ մեկ համայնք դարձնեն, այլ երբ խոշոր, կենսունակ համայնքն իր շուրջ միավորի փոքրերին, այս դեպքում նրանց կարողությունները կհզորանան»,-համայնքների խոշորացման ծրագրին այսօր «Հայելի» ակումբում այս  գնահատականը տվեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Նշենք, որ Լոռու, Սյունիքի եւ Տավուշի մարզերի մի քանի համայնքներում մայիսի 17-ին հանրաքվե կանցկացվի համայնքների խոշորացման հարցով:

Ըստ սոցիոլոգի՝ երբ երեք հատ 100 բնակիչ ունեցող գյուղ միավորվի, ապա երեք հարյուր բնակիչը պրոբլեմ չի լուծի: Բայց երբ գյուղն ունի 5000 բնակիչ, ապա փոքր գյուղերի՝ դրան միանալու դեպքում, կարող է որակապես դրական հետեւանք լինել. «Այն քաղաքականությունը, որն ուղղված է փոքրերին միավորել եւ դարձնել ավելի խոշոր, իմաստ չունի, դա ոչ մի դրական հետեւանքի չի հանգեցնի»:

Ահարոն Ադիբեկյանի խոսքով՝ եթե գյուղերը միավորվեն, հարցեր են առաջանալու, թե որտե՞ղ է լինելու գյուղապետարանը, ո՞րն է լինելու մանկապարտեզը, որտե՞ղ են երեխաները դպրոց հաճախելու, աշխատատեղերի կորուստներ են լինելու. «Մեր առաջարկը հետեւյալն է՝ ավագանիները պետք է հավաքվեն, քննարկեն, գան մեկ լուծման, նոր հանրաքվեից հետո լուծեն տեխնիկական, ճարտարապետական, ճանապարհաշինարարական խնդիրները»:  Ըստ սոցիոլոգի ներկայացրած տվյալների՝ հեռավոր գյուղերի մեծ մասն արտագաղթի պատճառով բնակաթափվում է: Ներկայումս մոտ 220 համայնք ունի մինչեւ 500 բնակիչ, 133-ը՝ մինչեւ 300 բնակիչ եւ 26 բնակավայր ունի 100 բնակիչ:

Պարոն Ադիբեկյանը վստահ է, որ պետությունը համայնքների խոշորացման ծրագրի համար դեռ շտապում է. «Այն իրագործելու համար լուրջ տնտեսական հենք պետք է լինի»:

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն էլ համայնքների խոշորացման ծրագրի համար որպես առաջնահերթ լուծելի խնդիրներ է առանձնացնում տրանսպորտի եւ միջգյուղական ճանապարհների հարցը: Սովորական տեղեկանք ստանալը նույնպես կարող է խնդիրների հանգեցնել, քանի որ այն ստանալու համար հիմա գյուղացին 30 կմ ճանապարհ պետք է անցնի:
 Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031