Այս տարի Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակը տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման համատեքստում:
Հիշարժան է, որ Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար, Նախագահ Աբդու Դիուֆը 2010թ. ապրիլին Հայաստան կատարած այցի շրջանակներում այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ արտահայտելով ֆրանկոֆոն երկրների համերաշխությունը և անվերապահ նվիրվածությունը մարդու իրավունքների համընդհանուր արժեքներին:
2015թ. Ֆրանկոֆոնիայի երկամսյակի հագեցած ծրագիրը չի զիջում նախորդ տարիների ավանդույթներին. երկու ամիս շարունակ Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում անցկացվելիք շուրջ 550 մշակութային, գեղարվեստական, համալսարանական, հանրակրթական միջոցառումները նվիրված են լինելու Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան և նշանավորելու են կազմակերպության՝ խաղաղության, արդարության, հանդուրժողականության և համերաշխության արժեքները: Այս անգամ ևս Ֆրանկոֆոնիայի ծրագրին իրենց գործուն մասնակցությունն են բերելու երիտասարդությունը, ինչպես նաև՝ Ֆրանկոֆոնիայի հետ համագործակցություն իրականացնող ՀՀ կառույցները և քաղաքացիական հասարակությունը:
Երկամսյակը Հայաստանում Ֆրանկոֆոնիայի մեծ ակտիվության վկայությունն է: Այս տարի դրան առանձնահատուկ կարևորություն է հաղորդում հոկտեմբերի վերջին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովը:
Ֆրանկոֆոնիայի ղեկավար մարմնի այս հերթական հանդիպումը, որին մասնակցելու են նորընտիր գլխավոր քարտուղար տիկին Միկայել Ժանը, ինչպես նաև՝ Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունների նախարարները, բացառիկ միջոցառում է լինելու մեր երկրի համար: Այն առիթ է հանդիսանալու՝ արժևորելու ֆրանկոֆոն մշակույթը և պահպանելու երկամսյակի հանդիսավոր մթնոլորտը ողջ տարվա ընթացքում՝ նպաստելով, որ 2015 թվականը հիրավի նշանակալից լինի Հայաստանում Ֆրանկոֆոնիայի համար:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ