Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպացի պատվիրակն առաջարկում է, որ Հայաստանը տարածքներ զիջի

Մարտ 20,2015 12:54

«Մենք համաձայն ենք, որ սահմանը պետք է բացվի առանց նախապայմաների, պարզապես մեկ տարի առաջ թուրք դեսպանն ասաց, որ արձանագրությունները սառեցված են, թեև դա էլ վախճան չէ: Ուզում ենք իմանալ ձեր տեսակետը դրա վերաբերյալ, մենք հասկանում ենք, որ որոշ դիվանագիտական աշխատանք է տեղի ունեցել, ես չեմ վիճարկի բարի կամքի դրսևորումը, բայց չե՞ք կարծում, որ հայկական կողմից, օրինակ, քայլ արվի եւ, ասենք, ոչ ԼՂՀ-ն, ինչ- որ ուրիշ տարածքների զիջումը հարցին օգնի»,- այսօր խորհրդարանում ընթացող Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստի ժամանակ ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանին դիմեց նիստը նախագահող, բրիտանացի պառլամենտական Սաջադ Քարիմը:

Մինչ այդ իր ելույթում ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանը, խոսելով Հայաստան -Թուրքիա հարաբերությունների մասին, ասել էր, որ Թուրքիան պետք է սահմանը բացի առանց նախապայմանների: Հայաստան-Եվրոպա Հարավային Կովկասի պատվիրակության ղեկավարն անդրադաձավ նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունների համար հիմնական խնդիր հանդիսացող Հայոց Ցեղասպանության հարցին` հետաքրքրվելով`Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները արդյո՞ք բացասական ազդեցություն չեն ունենա Թուրքայի գործողությունների վրա:

Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Մենք միշտ ասել ենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների: Ի՞նչ է նշանակում երրորդ պետության՝ Ադրբեջանի հետ հարաբերությունները դնել Հայաստան-Թուրքիա հարաբերություների համար նախապայման, սա անընդունելի է նաև միջազգային դիվանագիտության կանոներով: Բնականաբար, որևէ խոսք չի կարող լինել որևէ տարածք զիջելու մասին: Օբյեկտիվ տեսնողները կգնահատեն, թե ինչ է այսօր կատարվում ՀՀ-Ադրբեջան սահմանային գծում և ԼՂՀ-Ադրբեջան գծում: Այն հարձակումները, որ ձեռնարկում է Ադրբեջանը, և որի ընթացքում լինում են տասնյակ զոհեր, այն սպառազինությունը, որ իրականացնում է Ադրբեջանը, ուղղակի որևէ շանս չեն թողնում որևէ զիջման համար: Զիջել որևէ շրջան, դա նշանակում է ավելի մոտեցնել այդ հարձակումները Լեռնային Ղարաբաղին, և այս առումով մենք բացառում ենք, որ որևէ բան կզիջենք, մենք նախապայմանով չենք գնա որևէ զիջման»:
Ինչ վերաբերում է Ցեղասպանության հարցին, ապա Աղվան Վարդանյանը նկատեց, որ Թուրքիան իր ժխտողականության քաղաքականությունը շարունակում է հարյուր տարի. «Տեսեք, այդ օրը նրանք կազմակերպել են մի միջոցառում, որ ստվերեն Երևանում տեղի ունեցող հիշատակը, և որպեսզի աշխարհի տարբեր երկների ղեկավարները չգան Հայաստան: Սա ինչի՞ մասին է վկայում, որ Թուրքիան իր պատմության առերեսումից խուսափում է: Հայերը թշնամանքի ու ատելության ժողովուրդ չեն, քանի որ գիտակցում են, որ թշնամանքը թշվառություն է անձի ու պետության համար: Մենք ուղղակի հարգում ենք մեզ ու պաշտպանում ենք մեր իրավունքները՝ պարտադրելով ուրիշներին հարգել նաև մեզ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031