Լրահոս
Օրվա լրահոսը

«Սևանի պահպանմամբ և նրա էկոլոգիական հավասարակշռության վերականգնմամբ է պայմանավորված հայ ժողովրդի բարոյական, ինչու չէ, նաև ֆիզիկական գոյությունը». «Իրատես de facto»

Մարտ 20,2015 12:38

«Ջրի սակավության վտանգը սպառնո՞ւմ է Հայաստանին»։ Մեր այս և մյուս հարցերին պատասխանում է ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի գլխավոր մասնագետ, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր ՀՐԱՉՅԱ ԱՎԱԳՅԱՆԸ։

– Այո։ Տարեցտարի ահագնացող հանքարդյունաբերությունը, բնական պաշարների սխալ կառավարումը, շրջակա միջավայրի աղտոտումը, ինչպես նաև գլոբալ տաքացումները (2030– 2040 թվականներին) սպառնում են Հայաստանի ոչ միայն ջրի որակի փոփոխմանը, այլև նվազելուն։

– Ի՞նչ դեր է կատարում ջուրը մարդկային օրգանիզմում։

– Հասուն մարդու օրգանիզմի 65-70 և նորածնի մարմնի 90 տոկոսը բաղկացած է ջրից։ Մարդն ամեն օր (նաև սննդի միջոցով) ընդունում է 2-2,5 լիտր ջուր, 1,5 լիտր էլ՝ լոգանքի կամ ցնցուղի միջոցով։ Առանց սննդի մարդը կարող է գոյատևել մինչև երկու ամիս, իսկ առանց ջրի՝ հինգ օրից ոչ ավելի։

Ուժանյութերը տարբեր օրգաններ մղելուց և վնասակար նյութերը օրգանիզմից հեռացնելուց բացի, ջուրը կատարում է նաև հոդերի, մկանների մեխանիկական շարժումների ապահովիչի դեր։ Հաստատվել է, որ ընկճվածությունն ու հոգնածությունը օրգանիզմում ջրի քանակի անբավարարության հետևանք են, և այդ վիճակը կարելի է կարգավորել մի քանի բաժակ ջրով։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդու օրգանիզմում ջրի համեմատաբար ոչ մեծ դեֆիցիտը, ինչպես նաև ջրամատակարարման սանիտարահիգիենիկ կանոնների խախտումները կարող են ինֆեկցիոն հիվանդությունների (օրինակ՝ խոլերա, որովայնային տիֆ, պարատիֆեր և այլն) առաջացման և դրանց տարածման պատճառ դառնալ։ Ջրում եղած աղտոտ նյութերի բարձր կոնցենտրացիաները (միացությունները), աղեստամոքսային տարբեր հիվանդությունների պատճառ դառնալուց բացի, ոտնաթաթերի վրա կարող են ի հայտ գալ և արտահայտվել կոշտուկների ձևով՝ դիտվելով նաև որպես մկնդեղով քրոնիկական թունավորում։

– Քանի՞ բնական աղբյուր ունի Հայաստանը, և ինչպիսի՞ն է դրանց որակը։

– ՀՀ-ի 29,74 հազար քառ. կմ տարածքում ներկայումս կան ավելի քան 6000 փոքր և մեծ (մինչև 20 լ/վրկ և դրանից ավելի դեբիտով) բնական աղբյուրներ և աղբյուրների խմբեր։ Մանրազնին հետազոտված 52 մեծ աղբյուրների քաղցրահամ ջրերի տարեկան պաշարները կազմում են 3 մլրդ 258 մլն 259,4 հազար խմ, իսկ ռեսուրսները՝ 6 մլրդ 623 մլն 705 հազար խմ։ Նշվածներից բացի, առավել մեծ պաշարներ են հայտնաբերվել Արարատյան, Շիրակի, Փամբակի և Աևանի միջլեռնային գոգահովիտներում, որոնց քաղցրահամ ջրերի պաշարները կազմում են 20 մլրդ 454 մլն 729 հազար խմ։

Շնորհիվ դրա, Հայաստանի բնակչությունը, ի տարբերություն բազմաթիվ այլ երկրների, խմում է ինչպես լեռնային անապական ձյուներից սկզբնավորվող, այնպես էլ ընդերքից բխող աղբյուրների բարձրորակ ջուր։

– Հանքային քանի՞ աղբյուր կա Հայաստանի տարածքում։

– Հայաստանի ընդերքը հարուստ է նաև հանքային ջրի բնական ռեսուրսներով, ինչը պայմանավորված է տարածքի երկրակեղևի հրաբխային ծագմամբ։ Ներկա դրությամբ ՀՀ-ի տարածքում բխում է 800-ից ավելի հանքային աղբյուր։ Դրանցից (հետախուզված) 625-ի ընդհանուր պաշարները կազմում են 700 լ/վրկ (մոտ 22 մլն խմ մեկ տարում), իսկ պաշարների պետական հանձնաժողովի հաստատած 17 աղբյուրների պաշարները՝ 251,6 լ/վրկ, կամ (մոտ 8 մլն խմ մեկ տարում):

Հետազոտությունների արդյունքում ՀՀ-ում հայտնաբերվել են Գերմանիայի, Ֆրանսիայի, Վրաստանի, Հունգարիայի և Չեխիայի՝ աշխարհում հայտնի և մեծ ճանաչում գտած լավագույն ջրերի  («Նաուգեյմ», «Վիշի», «Բորժոմ», «Եսենտուկի», «Նարզան», «Կառլովի վարի» և այլն) համարյա բոլոր նմանակները։ Նշված հանքային ջրերից շատերը, բացի կորզելի քանակով ածխաթթու գազից, պարունակում են հազվադեպ հանդիպող և արժեքավոր տարրեր (բոր, ռուբիդիում, լիթիում, ցեզիում):

– Քանի՞ գետ ունի մեր հանրապետությունը։

– ՀՀ-ն համարվում է նաև գետերով հարուստ երկիր։ Երկրի տարածքով հոսող 9479 մեծ ու փոքր գետերի ու գետակների ընդհանուր ցանցը, որի երկարությունը կազմում Է 180 հազար կիլոմետր, մեծ մասամբ թաքնված է գողտրիկ լեռնային բնության մեջ։ Ամենաերկար գետը Ախուրյանն է՝ 186 կմ, իսկ ամենակարճը՝ Արգիճին՝ 51 կմ:

Զրուցեց Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031