«Հարավային Կովկասում չի ձեւավորվել, միտում էլ չկա, որ կձեւավորվի ընդհանուր շահ: Միջազգային կառույցներն էլ առանձին են աշխատում երկրների հետ: Տարածաշրջանը միասնական չի ձեւավորվում, մնում է զուտ աշխարհագրական տարածք»,- այսօր Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստի ժամանակ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը`խոսելով տարածաշրջանային խնդիրների մասին:
Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ տեսանելի ապագայում էլ է այդպես լինելու: Դիմելով եվրոպացի գործընկերներին՝ նա ասաց, որ անհրաժեշտ է գտնել տարածաշրջանային տնտեսական հարաբերություններ ձեւավորելու եզրեր: «Ադրբեջանը մերժում է թեկուզ սահմանամերձ շրջանների բնակավայրերի հարցերով կենցաղային համագործակցությունը»,- ասաց Ստեփան Մարգարյանը,հավելելով, Հայաստանն այլ միության անդամ է, Վրաստանն՝ այլ, ու հանկարծ չստացվի այնպես, որ դա առիթ տա նոր բաժանարար գծեր գծելու: Ընդդիմադիր պատգամավորը բարձրացրեց հաղորդակցության միջոցների անբավարարության հարցերը, ինչի արդյունքում Հայաստանը մեկուսացման մեջ է հայտնվել տարբեր միջազգային ծրագրերից: Հիշեցրեց Թուրքիայի կողմից սահմանի փակման փաստը ու մտահոգություն հայտնեց, որ ԵՄ-ն՝ իրեն անդամակցության հավակնություններ ունեցող Թուրքիայի առաջ սահմանը բացելու պայման չի դնում:
Ստեփան Մարգարյանը նաեւ հավելեց, որ Ղարս-Ախալքալակ երկաթուղու շահագործումն է՛լ ավելի կբարդացնի Հայաստանի վիճակը, քանզի Ադրբեջանը հավակնում է իր ձեռքը վերցնել դրա կառավարումը`հերթական անգամ փակելով Հայաստանի ճանապարհը:
Թեմայի շրջանակներում, արդեն ԼՂՀ հակամարտության համատեքստում իր մտահոգությունները բարձրաձայնեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: Ընդդիմադիր պատգամավորը խոսեց Բաքվի մերժողական քաղաքականության մասին: Նկատեց, որ հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում սահմանային սրացումներն ավելացել են, ինչը բերում է աննախադեպ մեծ կորուստների`հակամարտության երեք կողմերի համար: Մտահոգություններ հայտնեց, որ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության արդյունքում անտեսվում են համանախագահողների զգուշացումները, շարունակվում է Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը, հակահայկական քարոզը:
Կարդացեք նաև
Նա նկատեց, որ վերջին տարիներին Ադրբեջանը 30 անգամ ավելացրել է իր սպառազինումը եւ սպառնում է ռազմական ճանապարհով ԼՂՀ խնդիրը լուծել: Նա հատկապես մտահոգիչ համարեց, որ այդ սպառազինության 85 տոկոսը Ադրբեջանը ՌԴ-ից է ձեռք բերել, որը որպես Մինսկի խմբի անդամ, պարտավորված է որեւէ կողմին զենք չվաճառել: Ու հավելեց, որ Հայաստանը կողմ է եղել եւ մնում է հավատարիմ` համանախագահների առաջարկած հարցի խաղաղ կարգավորման սկզբունքներին:
Քննարկմանը ներկա քաղաքացիական հասարակության տարբեր ներկայացուցիչներ մեղադրանքներ հնչեցրեցին եվրոպական կառույցներին` խնդրով շատ դեկլարատիվ, սիրողական մակարդակով հետաքրքրվելու համար: Ասացին, որ նման մոտեցումները հաճախ բխում են սեփական շահերի կարեւորումից:
Թեման զարգացրեցին նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ու ընդդիմադիր պատգամավոր Թեւան Պողոսյանը: Թեւան Պողոսյանը նկատեց, որ ԵՄ-ի կողմից ընտրված չորս կազմակերպությունները, որոնք աշխատում են այդ խնդրի շուրջ, շատ մակերեսային են ներկայացնում իրավիճակը: «Ինքներդ գնացեք ԼՂՀ, Ադրբեջան, Հայաստան, խոսեք այդ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ու իրականությունը ստուգեք»,- ասաց պատգամավորը` նկատելով, որ իրենց ադրբեջանցի գործընկերներից ոմանք գուցե բանտում կլինեն եւ չեն կարողանա անմիջական շփվել: Նա խորհուրդ տվեց եվրոչինովնիկներին ստուգել`եվրոպացի հարկատուներից ստացած գումարները, որոնք ուղղորդվում են տարածաշրջանային ծրագրերի իրականացմանը, արդյո՞ք իրենց նպատակին ծառայում են:
Թեւան Պողոսյանը նկատեց նաեւ, որ ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները պետք է հավասար մասնակցեն բոլոր բանակցային գործընթացներին: Մինչդեռ Ադրբեջանը հաճախ մանիպուլացնում է եւ հարցն ուղղորդում Հայաստան-Ադրբեջան հարթություն: Նկատեց նաեւ, որ ԼՂՀ հարցը համայնքային եւ միջհամայնքային պատերազմի արդյունք չէ, ինչպես հաճախ ներկայացնում է Ադրբեջանը:
ԼՂՀ հարցի վերաբերյալ հնչած դիտարկումներն ու եվրոպացիներին ուղղված կոնկրետ հարցադրումներն այդպես էլ անարձագանք մնացին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ