Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարը պատրաստ է  սատարելու իրավապահների դիմումը. «Ժողովուրդ»

Մարտ 20,2015 12:26

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, անդրադառնալով Գեղարքունիքի մարզի Սեւանի բժշկական ուսումնարանի փակման եւ այնտեղ տարիներ շարունակ գրանցված խաբեբայությանը, ասաց, որ առողջապահության նախարարությունը պատրաստ է սատարելու այն դիմումը, որը կուղարկվի իրավապահ մարմիններին։

Հիշեցնենք՝ մարտի 17-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Գեղարքունիքի մարզի Սեւանի բժշկական  ուսումնարանը փակվել էր, եւ, բնականաբար, փակվել էր նաեւ Վարդենիսի մասնաճյուղը, ինչի արդյունքում ուսանողները հայտնվել էին անելանելի վիճակում։ Պարզել էինք, որ մինչ 2013թ ուսումնական հաստատությունները գտնվել էին ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ, իսկ, ահա, 2014 ընթացքում օրենքի փոփոխության արդյունքում վերջիններս հանձնվել էին կրթության եւ գիտության նախարարության ենթակայությանը։ ԿԳՆ-ն էլ ստուգումներ էր իրականացրել եւ պարզել էր, որ լիցենզիան չի համապատասխանում նախանշված նորմերին, եւ ուսումնական հաստատությունները տարիներ շարունակ զբաղվել են խաբեբայությամբ, ծնողներից գումարներ են շորթել՝ իրականում կրթություն չապահովելով ուսանողների համար։ Հիմա այնտեղ ընդունված ուսանողները մնացել են դրսում, իսկ շրջանավարտների դիպլոմները պարզ չէ, թե ինչ արժեք ունեն։

«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ։

– Պարոն Մուրադյան, չնայած մինչ Ձեր նախարար նշանակվելը ուսումնական հաստատությունները հանձնված են եղել կրթության եւ գիտության նախարարությանը, այնուամենայնիվ, ինչպես եք վերաբերում այն փաստին, որ ապագա բժիշկների մասնագիտացված ուսումնարանում նման խաբեբայություն են թույլ տվել։

– Եթե Դուք խաբեբայության խնդիր եք գրանցել, ապա կարծում եմ, որ պետք է դիմեք իրավապահ մարմիններին։ Ինչ վերաբերում է կադրային քաղաքականությանը, ապա սա հատուկ ուշադրության կենտրոնում գտնվող հարց է, եւ այսօր օրենքում փոփոխությունների նախաձեռնությամբ հանդես է եկել Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահը, որտեղ կրեդիտային համակարգ ներդնելու մասին քննարկումներ են սկսվել։ Մենք մեր հավանությունը տվել ենք այդ մոտեցմանը։ Իսկ ինչ վերաբերվում է այսօր համակարգում գործող բժիշկներին, ապա կարծում եմ, որ մենք որակավորման մեկ ընդհանուր միասնական ձեւ պետք է ունենանք, որով կրեդիտային համակարգը ներդնելուց հետո կարողանանք թույլատրել բժշկական գործունեության իրավունքը։

– Դուք խոսում եք ապագայի գեղեցիկ պլաններից, իմ հարցը վերաբերում է կոնկրետ մի բժշկական ուսումնարանի, 16 տարի է՝ գործել է, եւ ոչ մեկի հայտնի չէ, թե ինչ մասնագետներ է պատրաստել։ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Մովսես Մովսիսյանն էլ ասել էր, որ այնտեղ խաբեությամբ են զբաղվել, կրթություն չի եղել։ Եթե Դուք Ձեզ համարում եք մտահոգ նախարար, չե՞ք պատրաստվում մարզերում գոնե մասնագետների վերապատրաստման գործընթաց սկսել։

– Կրկնում եմ՝ եթե խաբեբայության կամ որեւիցե իրավախախտ փաստ եք արձանագրել եւ տվյալներ ունեք, Դուք կարող եք դիմել իրավապահ մարմիններին։ Իսկ ես Ձեզ կարող եմ հավաստիացնել, որ մենք անպայման կսատարենք այդ դիմումը։

Զրուցեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031