«Ես կարծում եմ, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում, եւ տնտեսական տարբեր գործընթացներում Հայաստանի ներգրավվածությունը չէի ցանկանա դիտարկել որպես Հայաստանի հետընթաց»,- Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստի ժամանակ հայտարարեց նիստի համանախագահող, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը`հակադարձելով մինչ այդ ընդդիմադիր գործընկերների հնչեցրած կարծիքներին : Պատգամավորը, խոսելով ժողովրդավարացման գործընթացի մասին առհասարակ, հիշեց երեկ երեկոյան, ընթրիքի ժամանակ եվրոպացիների գործընկերների հետ զրույցը եւ բազմանշանակ ժպիտով բարձրաձայնեց լավատեսի եւ վատատեսի մասին հայտնի պատմությունը: Ընդդիմադիր պատգամավորների`Հայաստանի ժողովրդավարացման առումով դիտարկումներին էլ այսպես հակադարձեց. «Նայած, թե որ տեսանկյունից ենք նայում Հայաստանի ժողովրդավարացմանը»:
Իշխանական կուսակցության պատգամավորը նաեւ նկատեց, որ Հայաստան-ԵՄ համագործակցության հայաստանյան պատվիրակությունը բազմակուսակցական պատվիրակություն է, եւ ընդդիմությունն ընդգծված մեծամասնություն ունի: «Ես ուրախ եմ դրա համար, բայց դա չի նշանակում, որ քաղաքական մեծամասնությունը ասելիք չունի, չի կարող հակափաստարկներ բերել: Մենք մտածում ենք, որ քննադատությունը, անգամ չափազանցված, անգամ ֆանտաստիկայի ժանրից, օգտակար է իշխանության համար»,- ասաց Սամվել Ֆարմանյանը:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին դիտարկումներին՝ իշխանական պատգամավորը նկատեց, որ Եվրոպական կառույցներում կան մասնագիտացված կառույցներ, որոնք եվրոպական տարբեր կոնվենցիաների հիման վրա տալիս են քաղբանտարկյալների առկայության գնահատականը: Հայաստանի մասով նման գնահատականներ չեն հնչել. «Բարեբախտաբար, առայժմ դրանք միայն պարոն Նիկոլ Փաշինյանի դիտարկումներն են»:
Սամվել Ֆարմանյանը նաեւ բարեբախտություն համարեց այն իրողությունը, որ Հայաստանը այլեւս չի գնում այն ճանապարհով, որ մարդիկ իրենց հայացքների համար բանտերում են հայտնվում:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի մեկ այլ դիտարկմանն այն մասին, որ հայաստանյան բոլոր ընտրություններում բացառապես իշխանությունն է հաղթում, Սամվել Ֆարմանյանը նկատեց. «Հայաստանը բացառիկ է նաեւ այն առումով, որ ընտրություններում երբեք պարտված կողմ չի լինում, բոլորը հաղթում են միաժամանակ»: Նա դա էլ էվոլյուցիայի, քաղաքական մշակույթի ձեւավորման որոշակի ճանապարհ է համարում`նկատելով, որ ընտրությունների ճանապարհով իշխանության կողմից զիջումը նոր էջ կբացի մեր երկրի ժողովրդավարացման առումով, ճիշտ այնպես, ինչպես ընդդիմադիր թեկնածուների`սեփական պարտության ամրագրումը: «Դրանք մեր խնդիրներն են եւ ոչ ոք մեր փոխարեն դրանք չեն լուծելու»,- ասաց իշխանական պատգամավորը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ