Սերժ Սարգսյանն հայ հասարակության ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ ոչ միայն իր քնելու տեսարաններով, այլեւ արտահայտած անզուգական մտքերով եւս։ Երեք օր առաջ Սերժ Սարգսյանը դարձյալ քնեց «Եվրանեսթի» նիստի ժամանակ, իսկ երեկ ու նախօրեին այնպիսի մտքեր է հայտնել, որոնք արթուն կամ նորմալ տրամաբանություն ունեցող մարդը չէր կարող ունենալ։
Օտարերկրյա տասնյակ լրագրողների հետ ասուլիսում Սերժ Սարգսյանը, օրինակ, պնդել է, որ սահմանադրական բարեփոխումների քննարկումն իրականացվում է առավելագույնս թափանցիկ՝ հիշեցնելով, որ ինքը այս հարցի շուրջ հանդիպել է ավելի քան մեկ տասնյակ կուսակցությունների հետ։ «Ես հրավերներ եմ ուղարկել՝ ընդգծելու նաեւ նրանց քաղաքական կարեւորությունը», հայտարարել է Սարգսյանը։ «Ազատություն» ռադիոկայանի ճշգրտող հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ չի հրավիրել խորհրդարանում ներկայացված Հայ Ազգային Կոնգրեսին, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Եթե մի կուսակցություն ամեն օր, որպեսզի չմոռանա, եւ միգուցե շատ դեպքերում օրը երկու անգամ հայտարարում է, որ ինքը ցանկություն չունի ինձ հետ հանդիպելու, առավել եւս այդ թեման քննարկելու, ի՞նչ անհրաժեշտություն կար այստեղ հրավիրելու։ Ես կարծում եմ, որ բոլոր դեպքերում, կամա թե ակամա ՀԱԿ-ը մասնակցելու է քննարկումներին։ Դեմ խոսելն էլ է քննարկում։ Բոլորը չեն կարող կողմ լինել», ասել է նա։ Սերժ Սարգսյանը մի նախադասության մեջ հակասել է ինքն իրեն։ Տեսեք՝ սկզբում նա ասում է, թե հրավիրել է քաղաքական ուժերին, որովհետեւ ցանկանում է ընդգծել այդ ուժերի քաղաքական կարեւորությունը, հետո ՀԱԿ-ին անդրադառնալով՝ հայտարարում է, թե այս ուժը օրը մի քանի անգամ հայտարարում է, որ իր հետ հանդիպելու ցանկություն չունի։ Ստացվում է, որ Սարգսյանը հրավիրել է բացառապես այն ուժերին, որոնց ոչ թե քաղաքական
կարեւորությունն է ցանկացել ընդգծել, այլ նրանց, որոնք նախօրոք իրեն «իշմար» են տվել, որ ցանկություն ունեն հանդիպել-զրուցելու սահմանադրական բարեփոխումների (եւ ոչ միայն) շուրջ։ Այսինքն, Սերժ Սարգսյանի՝ քաղաքական ուժերին հրավիրելու մոտիվացիան հիմա էլ ոչ թե Վենետիկի հանձնաժողովի պահանջի իրականացումն է «քաղաքական լայն կոնսոլիդացիայի» մասով, այլ այն, թե որ ուժն է իրեն «ֆոտոսեսիայի» «իշմար» տվել։
Պակաս տարօրինակ չէ Սերժ Սարգսյանի հաջորդ ձեւակերպումը այն մասին, որ կամա թե ակամա ՀՄԿ-ը մասնակցելու է քննարկումներին, որովհետեւ դեմ խոսելն էլ է քննարկում։ Եթե այդպես է, ուրեմն՝ Սաշիկ Սարգսյանն էլ է մասնակցում սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումներին, որովհետեւ լռությունն էլ կամա թե ակամա մասնակցության ձեւ է:
Կարդացեք նաև
Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում