Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը եվրոպացիներին պատմեց Գագիկ Ծառուկյանին չեզոքացնելու պատմությունը

Մարտ 20,2015 10:41

«Սերժ Սարգսյանը «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ-ի մասին խոսում էր այնպես, ինչպես ընդունված է խոսել ժողովրդավարական երկրների մասին»,- Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստի ժամանակ, խոսելով Հայաստանում իրավունքների գերակայության թեմայի շուրջ, նկատեց ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը`հարցադրում հնչեցնելով առ այն`կա՞ն սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներ, որոնք թույլ են տալիս ՀՀ-ն ժողովրդավարական կամ ոչ ժողովրդավարական անվանել: Ինքն էլ փորձեց պատասխանել իր հնչեցրած հարցադրմանը`փաստարկված:

Նա հիշեց նորանկախ Հայաստանի ընտրական պատմությունը, որի ընթացքում ՀՀ-ում ընտրություններում բացառապես գործող իշխանություններն են հաղթել: Ոչ խորհրդարանական, ոչ էլ տեղական ընտրություններում ընդդիմությունը չի հաղթել: Հիշեց տակավին վերջերս Սերժ Սարգսյանի կողմից ՀՀԿ խորհրդի նիստում նախկին կոալիցիոն գործընկերոջը`ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին չեզոքացնելու պատմությունը: Ասաց, որ ահաբեկված Գագիկ Ծառուկյանը, տիրոջը հնազանդվելով, չեղյալ հայտարարեց ամսի 12-ի հանրահավաքը, որը կարող էր Հայաստանի ժողովրդավարացման առումով մեծ նպաստ լինել: Պատմեց, թե ինչպես են դրանից հետո հարկային, մաքսային ու իրավապահ մարմինները մոռացել  Ծառուկյանին ուղղված հրեշավոր մեղադրանքները:

«Մենք ունենք հավաքների ազատություն»,- «Եվրանեսթի» լիագումար նիստում նաեւ հայտարարել էր նախագահ Սերժ Սարգսյանը: Այս դրույթի հետ  պատգամավորը նույնպես համաձայն չէ: «Հենց այսօր քաղաքացիական տասնյակ ակտիվիստներ հետապնդման են ենթարկվում իրենց այդ իրավունքից օգտվելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը`մասնավորաբար, օրինակ բերելով Վոլոդյա Ավետիսյանին, Շանթ Հարությունյանի եւ նրա համակիրների գործերը: Ընդդիմադիր պատգամավորը հայտարարեց, որ ինքն էլ ՀՀ հազարավոր քաղաքացիների նման վերջիններիս քաղբանտարկյալներ է համարում եւ գտնում է, որ նրանց գործերը պիտի տեղավորվեն եվրոպական այդ եզրույթի տրամաբանության մեջ:

Հայաստանում հավաքների ազատության սահմանափակումների աղաղակող դեպքերի օրինակների շարքում նա անդրադարձավ նաեւ հունվարի 12-ին, Գյումրիում Ավետիսյանների սպանությանը հետեւած ցույցին, ոստիկանության եւ հասարակության բախումներին: Հիշեցնենք, խոսքը Պերմյակովին` հայկական կողմին հանձնելու մասին հայտնի ցույցին է վերաբերվում: Չմոռացավ նաեւ 2008-ի ընտրություններին հետեւած դեպքերը, երբ տասը մարդ սպանվեց:

Ի հեճուկս իշխանությունների պնդումների՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը ժողովրդավարական չէ: Ասաց`այդպիսին կլինի, եթե ընտրություններում բացառապես իշխանությունները չհաղթեն, քաղբանտարկյալներ չլինեն, հավաքների համար մարդիկ չհետապնդվեն, տասը զոհերի մեղավորները պատժվեն: Ըստ Փաշինյանի՝ սրանք են ընդդիմության գլխավոր խնդիրները:

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ իր ելույթում նկատեց, որ Հայաստանում բարեփոխումները սկսվել են 2001 թվականից`Հայաստանի ԵԽ-ին անդամակցելուց հետո եւ միջազգային պարտավորությունների բեռի տակ: Ըստ պատգամավորի՝ եթե չլինեին միջազգային պարտավորությունները՝ նաեւ ֆինանսական աջակցությամբ, բարեփոխումներ Հայաստանում չէին լինի, համենայնդեպս, այնպիսի ջանադրությամբ, ինչպես որ եղան:

Նա նկատեց, որ ԵՏՄ-ին անդամակցությունն արդեն իսկ իր բացասական ազդեցությունը ունենում է: Ապա, անդրադառնալով ընտրական բարեփոխումներին, նկատեց, որ միայն լավ ընտրական օրենսդրություն ունենալը ազատ ընտրությունների գրավականը չէ. «Նաեւ քաղաքական կամք է պետք»: Տեղ-տեղ դա դրսեւորվել է, եւ իր` ԱԺ-ում լինելը, Էդմոն Մարուքյանը այդ երկուսի սինթեզի արդյունքն է համարում:

Բանախոսն ասաց, որ հանրության վստահությունը դատաիրավական համակարգի  հանդեպ շարունակում է շատ ցածր մնալ: Խոսեց կոռուպցիայի բարձր մակարդակից, օրինակ բերելով բարձրաստիճան պաշտոնյաների`միլիոնավոր դոլարների հայտարարագրերի անհետեւանք մնալու փաստը: Այնուհանդերձ, ըստ պատգամավորի, ԵՏՄ գործընկերների հետ համեմատած, Հայաստանը ժողովրդավարության կղզյակ է: Էդմոն Մարուքյանը նաեւ տեսնում է Հայաստանի եվրոպական ինտեգրման տեսլականը: Նա կոչ արեց եվրոպացի գործընկերներին լինել հետեւողական եւ  մարդու իրավունքների, իրավունքի գերակայության, ժողովրդավարական սկզբունքների ամրագրման, արդյունավետ կառավարման հարցերը գլխավոր տեղում լինեն Հայաստան-ԵՄ նախապատրաստվող փաստաթղթում:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031