Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ փնովել, ոչ փառաբանել

Մարտ 20,2015 10:20

Վերջերս կյանքից հեռացավ հայտնի պետական գործիչ Վլադիմիր Դարբինյանը: Ինչպես եւ հարկն է, մենք նման դեպքերում գնահատում ենք այդ գործչի դրական ավանդը եւ նախեւառաջ Սարդարապատի հուշահամալիրի կառուցումը: Ընդհանրապես, երբ խոսքը հայ ազգային, պետական եւ քաղաքական գործիչների մասին է, մենք պետք է նախեւառաջ շեշտենք նրանց արած դրական գործերը: Չմոռանալով, իհարկե, բացասականի մասին: Հիշելով, թե ինչ էր իրենից ներկայացնում խորհրդային եւ, մասնավորապես, խորհրդահայկական միլիցիան, ինչպես նաեւ կուսակցության ռայկոմները: Պետք չէ ոչ փնովել, ոչ էլ փառաբանել անցյալը եւ նրա գործիչներին: Անցյալին եւ ներկային անհրաժեշտ է նայել սառը, սթափ հայացքով:

Երեկ հայրս հիշեցրեց, թե ինչպես 90-ականների սկզբի դժնդակ ձմեռներից մեկի ժամանակ մահացավ իր գործընկերներից մեկը՝ նա ընկավ փողոցում եւ սառեց՝ ժամեր անց նրան մահացած գտան: Բայց խոսքը կոնկրետ մարդու ողբերգական ճակատագրի մասին էր, ոչ թե քաղաքական ընդհանրացումների: Որովհետեւ այդ տարիներին եղել են նաեւ լավ, լուսավոր իրադարձություններ: Կա հայաստանցիների մի շերտ, որը նման պատմություններ լսելիս սեղմում է բռունցքները եւ սկսում հայհոյել ՀՀՇ-ին: Իզուր. դա մեր ժողովրդի պատմությունն է` կոմունիստական, ՀՀՇ-ական եւ հաջորդ իշխանություններով:
Երբ մարդիկ որեւէ պատմական ժամանակաշրջանի մասին ասում են՝ սա մեր պատմության ամենապայծառ (կամ ամենամռյալ) էջն էր, նրանք, որպես կանոն, ելնում են իրենց սուբյեկտիվ ընկալումներից, այսինքն՝ նրանից, թե ինչպես էին այդ ժամանակահատվածում դասավորվում իրենց կամ իրենց հարազատների գործերը: Իսկ երբ խոսքն ավելի վաղ անցյալի մասին է, մենք հիմնվում ենք տասնամյակների, գուցե դարերի ընթացքում ձեւավորված կարծրատիպերի վրա: Դա, իհարկե, ծանր, «դժվարամարս» թեմա է, այստեղ կարող են վիրավորվել մարդկանց զգացմունքները, բայց Հայոց ցեղասպանության 100-ամյակի առթիվ հատկապես արժե մտածել անցյալի սթափ, ոչ էմոցիոնալ գնահատման մասին:

Հոլանդացի պատմաբան եւ փիլիսոփա Յոհան Հոյզինգան գրում էր, որ պատմությունը պետք է ուսումնասիրել ոչ թե «դասեր քաղելու» պարզունակ ցանկությամբ, այլ տեսնելու այն, ինչ անցողիկ չէ: Իսկ դրա համար նա առաջարկում է հրաժարվել մեկ «շարժիչ ուժի» գաղափարից: Ամեն մի իրադարձություն ունի մի քանի պատճառ, եւ երբ առանձնացնում ենք մեկը, ապա սովորաբար անձերի եւ երեւույթների մեր գնահատականը հարմարեցնում ենք մեր գաղափարախոսական նախասիրություններին եւ անձնական ճաշակին, իսկ ավելի հաճախ՝ նախապաշարումներին: Նույնն, իհարկե, կարելի է ասել ցանկացած, նաեւ՝ ոչ պատմական իրադարձության կամ դեմքի մասին: Ամենադժվարն, իհարկե, նախասիրություններից եւ առավել եւս՝ նախապաշարումներից հրաժարվելն է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Անցեալի (որեւէ) ղեկավարութեան նկատմամբ խիստ ու դառն կարծիքները, լուրջ մակարդակի վրայ, առաջին հերթին՝ չեն հիմնուած անոնց ղեկավարութեան օրերին տիրող դժուար ու դժնդակ պայմաններին վրայ, այդ օրերին՝ ժողովուրդի վիճակուած տառապանքին կամ դժբախտութիւններին վրայ: Այլ, անոր ուղղուած այդ վատաբանութեան, կարծր քննադատութեան ու պախարակման հիմնական պատճառները հետեւեալներն են՝

    ա. սոյն ղեկավարութիւնը բնաւ, երբեք եւ ոչ մի ձեւով չի ընդունում իր պատասխանատվութեան բաժինը, ժողովուրդի այդ դժուարութիւնների եւ տառապանքի նկատմամբ, երկրի կրած ծանր վնասների համար,

    բ. աւելին եւ ընդհակառակը՝ ան բացարձակ հաւակնութիւնը ունի բոլոր բեմերից յոխորտալու թէ, իր ղեկավարութեան ժամանակ, ամեն բան աւելի լաւն էր, քան թէ յաջորդող ղեկավարութեան ներքոյ. մինչ՝ ոչ միայն առարկայականօրէն սխալ ու անհիմն են այդ ինքնահաճ յայտարարութիւնները, այլ, յաջորդող ժամանակների հիմնական թերութիւնների աղբիւրն ու պատճառը՝ այդ նախորդ ղեկավարութիւնն է:

    գ. այս ամէնին վրայ, տակաւին ան ինքզինք ներկայացնում է որպէս օրուայ գերագոյն ու միակ փրկիչը, ի բացառութիւն ոեւէ այլ անձերի կամ որեւէ այլ կազմակերպութեան:

    Այս դիտողութիւնը կարող է վերաբերիլ բոլորին, սակայն պարզ է թէ, անցեալ մի քանի տարիների հաստատ իրականութեան մէջ, ան մի քիչ աւելի սազում է յատկապէս ՀՀՇ-ին եւ իր անլռելի ու շողշողուն հիմնադրին: Որի պարագային կայ նաեւ մի այլ, շատ հիմնական տուեալ՝ այո, ճիշտ է որ անոր վարչակարգի օրերին, «այդ տարիներին եղել են նաեւ լավ, լուսավոր իրադարձություններ », շատ ճիշտ: Սակայն ահա, շնորհիւ այդ սկզբնական խանդավառութեան, լաւատեսութեան եւ լուսաւորութեան, այդ ժամանակամիջոցը յարմարագոյն առիթն էր լաւ հիմունքների վրայ տեղաւորելու վերանկախացած Հայրենիքի արդի վերականգնումը, հոլովոյթը, գալիք ընթացքն ու վերելքը: Եւ այդ – աննախընթացօրէն – լուսաւոր ու բարենպաստ պայմաններն է որ մսխեց, վատնվեց, «պարապի տարաւ» ՀՀՇ/ԼՏՊ-ն: Եւ այդ բացառիկ պայմանները մէյ մըն ալ չեն գոյանալու դարձեալ:

    Ճիշտ է որ ոեւէ հաշվեյարդար, ունի դրական եւ բացասական տուեալներ, փլուս եւ մինուս սիւնակներ, եւ հարկաւոր ու արդար է նշել այդ բոլորը, եւ ոչ միայն անոնցմէ մի բաժինը:

    Սակայն որպէսզի այդպէս լինի, պիտի որ, նախ եւ առաջ, խնդրոյ առարկայ անձը կամ կազմակերպութիւնը, ինք, համեստութիւնը, պարկեշտութիւնն եւ քաջութիւնը ունենայ ընդունելու իր սխալները, եւ ստանձնելու անոնց հետեւանքների նկատմամբ իր առաջնահերթ պատասխանատվութիւնը: Իսկ յետոյ, նամանաւանդ եթէ ան ուզում է դարձեալ վերադառնալ իշխանութեան, պիտի որ յստակօրէն բացատրէ թէ ճիշտ ինչպէ՞ս է սրբագրելու իր գործած հիմնական սխալների հետեւանքները:

    Մնացեալը՝ անձնական համակրանքի կամ հակակրանքի հարց է, մէկ ուղղութեամբ կամ միւս՝ զգացական արժեւորում, «էմոցիոնալ գնահատում»: Այդ ել իրաւունք է…

    Հայդուկ Շամլեան, Գանատա

    https://www.shoushisummercamp.org/

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031