Լրահոս
Օրվա լրահոսը

«Բաց նամակ» Եռաբլուրից

Մարտ 20,2015 15:00

Օրերս լրատվամիջոցներից մեկում կարդացի լրագրող Մարինե Մարտիրոսյանի «Կարող է խնդալիք լինի, բայց խրամատի մեջ իրար հետ կերած չոր հացով տուշոնկեն եմ կարոտում» հարցազրույցը՝ Շուշիի հատուկ նշանակության գումարտակի մարտիկ Հարմիկ Հովսեփյանի հետ։ Ու չեմ կարող անտարբեր մնալ, հարկ եմ համարում՝ գուցե լրագրողի համար աննշան, բայց պատերազմի իրական մասնակիցներիս անչափ կարեւոր ճշտումներ կատարել։ Որ խղճիս պարտ չմնամ։

Հարմիկը պատմում է. «Շահեն Մեղրյանը, դա զգալով, օգնության էր դիմել մի քանի ուժերի, որոնցից, սակայն, մերժում էր ստացել: Այնուհետ Մեղրյանը դիմել էր Դաշնակցությանը, որն էլ երկու խումբ էր ուղարկել, որոնք հետո բազավորվել էին Գյուլիստանում…»։
Պարզաբանեմ։ Շահեն Մեղրյանը ՀՅԴ-ին նման հարցով չի դիմել: Գյուլիստանի Մելիք Շահեն Մեղրյանը, ինչպես նրան անվանում էին ընկերները, Շահումյանի շրջկոմի քարտուղար Վլադիմիր Աղաջանյանը համագործակցել են բացառապես Իգոր Մուրադյանի հետ: ՀՅԴ ԿԿ-ն (այժմ ԳՄ) եւ կուսակցության մարզական կառույցի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն այդ համագործակցությունից համարյա տեղյակ չեն եղել: Իգոր Մուրադյանի նախաձեռնությամբ Շահումյանի ինքնապաշտպանությանն օգնելու ու կազմակերպելու համար Շահումյան մեկնեց Հոկտեմբերյանի, այժմ՝ Արմավիր, ՀՅԴ «Խնուս» կոմիտեության 20 անդամներից բաղկացած ջոկատը՝ Սերոբ Սերոբյանի գլխավորությամբ: Այդ մեկնումի մասին ԿԿ-ն տեղյակ չի եղել: Այնուհետեւ ջոկատին միացան եւս 12 դաշնակցականներ: ՀՅԴ Հոկտեմբերյանի «Խնուս» կոմիտեն իր վրա վերցրեց Շահումյանի շրջանի Մանաշիդ, Էրքեջ եւ Բուզլուխ գյուղերի պաշտպանության խնդիրները: Կոմիտեն ու Իգոր Մուրադյանը դիմեցին ՀԱԲ-ին ու «Տիգրան Մեծ» ջոկատին։ Հենց նրանք էլ պատրաստակամորեն Շահումյան մեկնեցին ու սկսեցին իրականացնել Հայ Բարիս եւ Ռուսի Բարիս, Գյուլիստան ու Վերիշեն գյուղերի ինքնապաշտպանական ջոկատների կազմակերպումը: Մի փոքր ավելի ուշ, նրանց միացան Հրազդանի ու Պռոշյանի ջոկատները։ ՀՅԴ «Խնուս» կոմիտեի անմիջական միջնորդությամբ Շահումյանի ինքնապաշտպանության գործի ֆինանսավորումը իրենց վրա վերցրին Հոկտեմբերյանի պահածոների գործարանը, նավթամթերքների հաստոցաշինական գործարանը:

Անմասն չմնացին նաեւ Հոկտեմբերյանի կոլխոզ-սովխոզային տնտեսությունները: Որպեսզի պատկերն ամբողջական լինի, ասեմ նաեւ, որ կոմիտեն կարողացել էր Շահումյանի ինքնապաշտպանության աշխատանքներին ու ամբողջ ֆինանսավորմանը մասնակից դարձնել Հոկտեմբերյանի շրջանի իշխանության մարմիններին, կոմկուսի եւ գործադիր կոմիտեներին, որոնց օգնությունը ուղղակի փրկություն էր: Փառք նրանց: ՀՅԴ «Խնուս» կոմիտեի նախաձեռնությամբ Շահումյանի շրջկոմի քարտուղար Վլադիմիր Աղաջանյանն ու գործկոմի նախագահ Շահեն Մեղրյանը բազմաթիվ անգամներ հանդիպել են այդ կառույցների ղեկավարների հետ՝ աշխատանքները կոորդինացնելու համար:

Էլ չասեմ, որ այդ կառույցները վճարում էին ուղղաթիռների թռիչքները Շահումյան։ Ինչպես եւ որտեղ էին որոշ ուղեբեռներ դատարկվում, չեմ մանրամասնում, քանի որ Շահումյանը հսկում էր ԽՍՀՄ զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատը։ Իսկ լրագրողին լուսավորելու համար ասեմ, որ ՀՅԴ ջոկատները չեն տեղավորվել ու մնացել միայն Գյուլիստանում: Ավելի ուշ, «Խնուս» կոմիտեի (շեշտում եմ՝ կոմիտեի) բոլոր անդամները հեռացվեցին կուսակցությունից, քանի որ գործել էին ՀՅԴ կանոնադրության ապակենտրոն կառույց լինելու սկզբունքով ու չէին համաձայնեցրել իրենց քայլերը ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի հետ: Հարմիկը ասում է. «Մենք մնում էինք անտառների մեջ, քիչ շփում ունեինք գյուղացիների հետ, բայց երբ ձմեռը եկավ, Շահենի առաջարկով տեղափոխվեցինք գյուղ, քանի որ անտառում գտնվելը օդից նշմարելի էր, բացի այդ՝ Շահենն ասաց, որ ժողովուրդը թող տեսնի մեզ, հասկանա, որ երկնքից իջած մարդիկ չենք, նույն բանը, որ մենք ենք անում, իրենք էլ կարող են անել»։

Այս հատվածում էլ շատ են անճշտությունները:

Տղաները Շահումյան էին մեկնում՝ անձնագրերում արդեն իսկ ունենալով Շահումյանի բնակչի գրանցում, ապրում էին գյուղերում, որտեղ շատ էին լքված տները: Մինչ գնալը, նախօրոք Շահենի ու տվյալ գյուղի նախագահի հետ համաձայնեցվում էր, թե որ տներում են կամավոր նվիրյալներն ապրելու: Որպեսզի Շահումյանի բնակչությունն ավելի գոտեպնդվեր ու հավատար, որ Հայրենյաց պաշտպանները «գաստրալյորներ» չեն (ինչպես սիրում է կրկնել Արցախի պաշտոնական կայքերից մեկի պատերազմից անտեղյակ տնօրենուհին՝ մատնացույց անելով մեզ՝ Հայաստանից Արցախ զինվորագրված նվիրյալներիս), ժամանակավոր չեն ու միշտ իրենց կողքին են լինելու, նրանք Շահումյան էին տեղափոխում նաեւ իրենց կանանց ու երեխաներին: Դրանցից առաջինը Սերոբ Սերոբյանն էր (Ջամբուլ)։ Եվ, ամենաանփառունակ, նսեմացուցիչ ու վարկաբեկող նախադասությունն այս հարցազրույցում. «Մենք լինեինք-չլինեինք, արցախցին հաղթելու էր, բայց ինչ-որ չափով մենք օժանդակել ենք նրանց: Մեր ներկայությունն էր գոտեպնդում ժողովրդին, արցախցին տեսնում էր, որ ինքը մենակ չէ, սփյուռքի այսինչ կամ այնինչ շրջանից եկել եւ կանգնել են իր կողքին»։

Մեղմ ասած, սա անմիտ պնդում է: Առանց Հայաստանի, ու հատկապես Հայաստանից մեկնած ջոկատների, Արցախն ու արցախցին դատապարտված էին ոչնչացման: Արցախը չէր կարող միայնակ հաղթել ազերիներին: Արցախը չուներ ո՛չ մարդկային եւ ո՛չ էլ տնտեսական-զինական համապատասխան ռեսուրսներ: Այո, արցախցին քաջ ու անվեհեր մարտիկ է, հայրենասեր զինվոր, սակայն եթե փորձենք ուսումնասիրել Արցախում ստեղծված համարյա բոլոր ջոկատների պատմությունը, ապա պարզ կդառնա, որ նրանք կազմավորվել են հիմնականում Հայաստանից գնացած ազատամարտիկների օգնությամբ եւ նրանց շուրջ: Զենքն ու զինամթերքներն էլ մատակարարվել են Հայաստանից: Եթե կան մարդիկ, ովքեր կարծում են, թե զենքն ու զինամթերքը Արցախի երկնքից ընկած Աստծո պարգեւներ էին, կամ պարզապես աճում էին Արցախի քարուքռա հողի մեջ, ապա առնվազն կարճամիտ կույրեր են: Քանի որ չեն տեսել, հետեւապես չեն գիտակցում այն ահռելի աշխատանքը, որ կատարում էին ազգի քաջարի որդիները՝ ԽՍՀՄ տարբեր ծայրերից զենք ու զինամթերք տեղափոխելու վտանգավոր ճանապարհին։ Այո, նրանցից շատերը զենք չբռնեցին ու չկռվեցին, սակայն այն հզոր ու տարողունակ աշխատանքը, որ կատարում էին նրանք՝ ֆինանսավորման աղբյուրներ գտնելու, զենք ու զինամթերք հայթայթելու ու դրանք Արցախ հասցնելու գործում։ Ինչն, ավաղ, ոչ մեկի կողմից, ո՛չ այսօր, հիմա արդեն համոզված եմ՝ նաեւ ոչ ապագայում, չի՛ հիշվելու ու, առավել եւս, չի գնահատվելու: Կոծկեցին, գնաց։ Կամ վերագրեցին իրենց։ Ճանաչելով նրանց նման շատ նվիրյալների, պնդում եմ, որ նրանք այդ ամենն արեցին ոչ թե փառք ու հարստություն ձեռք բերելու կամ գնահատվելու, այլ հանուն բարձր գաղափարի ու ազգային ազատագրական սրբազան պայքարի: Հիմա արդեն կան պատերազմի թալանը յուրացրած ու բարձր աթոռների տեր կանգնած հացկատակներ ու նրանց սպասարկող կիսագրագետ լրագրողներ, ովքեր համառորեն այն տեսակետն են ուզում տարածել, թե պատերազմի հաղթանակի հիմնական դափնին միայն արցախցունն է:

Մինչդեռ, 1991-1992թթ. ազերիների առաջխաղացումն ու տարածքներ գրավելու հաղթարշավը կասեցվեց գերազանցապես Հայաստանից Արցախ մեկնած ջոկատների ուժերով։ Այս հարցազրույցը տված ազատամարտիկին չեմ մեղադրում, նա մեր պայքարի զինվորներից մեկն է եղել: Փառք իրեն: Սակայն որտեղից նա գիտենար, թե ողջ ազատամարտը ինչ երակներից, կամ որտեղից էր ֆինանսավորվում: Կամ՝ թե ինչ տառապանքի ու հուսահատության անհնարին զիգզագներով էր հասնում զենքն ու զինամթերքը Արցախ։ Որտեղից գիտենար, թե որտեղից էին ահռելի գումարներ հայթայթվում՝ ուղղաթիռները երկինք բարձրացնելու, ռազմաճակատի երկայնքով, ծայրից ծայր վտանգավոր թռիչքներ կատարելու համար, կամ թե այն «տուշոնկան», որն ինքը երանությամբ է հիշում, ո՞վ, որտեղի՞ց ու ո՞նց էին Արցախ հասցնում: Վստահ եղեք՝ ոչ միլիարդների վրա նստած, պալատների բազմաթիվ սենյակներում մոլորված չտես ու հայկական գենի հետ կապ չունեցող ներկա կապկադեմ գեներալների միջոցով. նրանց ձայնը միայն առնում էինք, երբ ազատագրված գյուղեր դիակապտության էին գնացած լինում, ու երբ վերադառնում էին թալանի ավարով։

Եռաբլուրը ազգային սրբավայր է, այստեղ, իմ կողքին հանգչում են արցախյան պատերազմի հերոսները: Իսկ հարցազրույցի հեղինակը գոնե մեկ անգամ ինքն իրեն հարցրել է, թե քանի՞ «Եռաբլուր» է սփռված ողջ Հայաստանի տարածքում: Չկա մեկ գյուղ ու քաղաք, որ ազատամարտի իր պանթեոնը չունենա: Կցանկանայի դիմել նաեւ այն կիսագրագետ, երեք արծաթով պալատին հոգին ծախած արցախի «լրագրողուհուն», ով մի առիթով, ինչպես վերը նշեցինք, Հայաստանից Արցախ կռիվ գնացած կամավորներիս, ոչ առանց իր հովանավորչու գիտությամբ, «գաստրալյորներ» անվանեց։ Ասել՝ կույր ողորմելի, դու ազգի այն աղբն ես, ով տարանջատում է Հայաստան ու Արցախ, ով մարմնավաճառի իր հոգեբանությամբ պատվերով է սպասարկում՝ սեպ խրելով ազգի միասնության մեջ: Շատ եմ ցավում, որ քո նմանին, որպես ազգային ատելության սինդրոմով տառապող հիվանդի, հասարակությունից մեկուսացնելու փոխարեն, դեռ տեղի իշխանության մակարդակով հովանավորում ու ամբիոն են տրամադրում: Վստահ եմ, սակայն, որ մի գեղեցիկ օր, տերերը քեզ դեն են շպրտելու՝ մաշված ու գործածությունից դուրս եկած անպիտան լաթի պես: Քանի որ տերերիդ հիշողությունը որովայնից է սկսվում ու վերջանում որովայնում:

ՀՐԱՅՐ ԲԱԲԱԽԱՆՅԱՆ

ՀՅԴ կամավորական, Հայրենիքի անկեղծ զինվոր: Զոհվել եմ 1992թ. ԼՂՀ Մարտունու շրջանի կռիվների ժամանակ։ Եռաբլուր, 2015թ. մարտ:

Հ.Գ. Հարգելի Մարինե Մարտիրոսյան, ձեր հարցազրույցում տեղադրված նկարների մի մասում Ժիրայր Սեֆիլյանն էլ կա, իսկ ինչու նրա մասին ոչ մի խոսք չկա զրույցում: Կա միայն մեկ տող՝ Ժիրայրն ինձ կանչեց Շուշի։ Հետո՞: Համոզված եմ, որ զինվորն իր անմիջական հրամանատարի մասին չխոսել չէր կարող: Ո՞ւմ, եւ ի՞նչ պատվեր եք կատարում: Խոնարհվում եմ Պետոյի հիշատակի առաջ: Սակայն միայն զոհվածներս չէ, որ հերոսներ ենք, հերոսներից շատերը դեռ կան եւ ապրում են: Ապրելը հանցանք չէ: Հանցանք է կույր ձեւանալն ու նրանց փառավոր գործը անտեսել-ջնջելը: Կարծում եմ, անտեսելն էր ձեր «հարցազրույցի» անտես, աննշմար, սակայն նախկին զինվորներիս դեռ պատերազմից քաջ ծանոթ մեսիջը, որն անգամ շիրիմում հանգիստ չի տալիս մեզ՝ Հայրենիքի համար զոհված, Հայրենիքի կողմից անտեսված, բայց… Հայրենիքի անկեղծ, մշտարթուն ու չզորացրված զինվորներիս հոգուն:

«Առավոտ» օրաթերթ
19.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031