Լրահոս
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ է գիտակցել Հայաստանի արժեքն ու կարեւորությունը Ռուսաստանի համար

Մարտ 20,2015 16:30

Հարցազրույց Ժողովրդավարության, անվտանգության
եւ զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանի հետ

– Մայիսին Ռիգայում կայանալու է ԵՄ գագաթնաժողովը, եվրոպացի պաշտոնյաները նշում են, թե Ռիգայի գագաթնաժողովից անհրաժեշտ է իրատեսական ակնկալիքներ ունենալ: Եվրոպացիների վերջին շրջանի ակտիվությունն ու հետաքրքրության մեծացումը մեր երկրի նկատմամբ ինչո՞վ եք բացատրում:

– Նախ եւ առաջ մեծացել է եվրոպացիների եւ ընդհանրապես արեւմտյան պետությունների մտահոգությունը եւ ուշադրությունը մեր տարածաշրջանում ընթացող զարգացումների նկատմամբ: Եվ սա տեղի է ունեցել Արեւմուտք-Ռուսաստան, Արեւմուտք-Իրան, Ռուսաստան-Թուրքիա եւ Հարավային Կովկասի պետություններ հարաբերություններում ներկայումս ընթացող զարգացումների, իսլամական ծայրահեղականության, մասնավորապես՝ «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետության» գործողությունների տարածման եւ բազմաթիվ այլ գործոնների ենթատեքստում: ԵՄ-ն, ելնելով իր քաղաքական, տնտեսական, էներգետիկ եւ ռազմական անվտանգության շահերից, շարունակաբար ձգտում է Հարավային Կովկասում խաղաղության եւ անվտանգության հաստատմանը, տարածաշրջանում կայուն եւ միասնական տնտեսական զարգացման հնարավորության ապահովմանը: Այս տեսակետից ՀՀ շահերը միանշանակորեն համընկնում են ԵՄ-ի շահերի հետ:

Ռուսաստանը, որի դիրքերը միջազգային հարթակում վերջին տարվա ընթացքում զգալիորեն թուլացել են, բնականաբար՝ նույնպես առաջնորդվում է իր շահերով, սակայն, ցավոք, չունենալով այլ միջոց պահպանելու եւ ամրապնդելու իր ներկայությունը եւ ազդեցությունը մեր տարածաշրջանում՝ գործում է անկայունության, կոռումպացված եւ այդ պատճառով կառավարելի իշխանությունների աջակցության, առկա հակամարտությունների, մեր դեպքում՝ ԼՂ հակամարտության պահպանման եւ ըստ նպատակահարմարության՝ լարվածության խորացման եւ ռազմական գործողությունների հրահրման սկզբունքի հիման վրա: Մեր տարածաշրջանում իր նպատակներին հասնելու համար Ռուսաստանն օգտագործում է հենց Հայաստանը, որը ծառայելով վերջինիս աշխարհաքաղաքական շահերին՝ վերածվել է Հարավային Կովկասում անկայունության եւ նաեւ հնարավոր ռազմական սպառնալիքի աղբյուրի: ԼՂ հակամարտության շփման գծում, ՀՀ սահմանների վրա լարվածության աճը, միջադեպերի թվի կտրուկ ավելացումը վերջին տարվա ընթացքում, իմ կարծիքով՝ պետք է դիտարկել հենց այս ենթատեքստում:

Այս ամենն, ինչպես նաեւ ՌԴ ագրեսիվ միջամտությունը եւ դերակատարումն ուկրաինական ճգնաժամում, Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին պատճառ են եվրոպացիների մտահոգության եւ որոշակի ակտիվացման նաեւ մեր տարածաշրջանում եւ, մասնավորապես, Հայաստանում: ԵՄ-ն, որին Հայաստանը փաստորեն խաբեց՝ կտրուկ շրջադարձ կատարելով դեպի ԵՏՄ, եւ որի քաղաքականությունը հիմնված է երկարաժամկետ ծրագրավորման վրա, այնուամենայնիվ՝ երբեք երես չի թեքել Հայաստանից: Ստեղծված իրավիճակում եւ առաջնորդվելով իր ներգրավման քաղաքականության սկզբունքով՝ ԵՄ-ն անհրաժեշտ ու հնարավոր է համարում շարունակել քաղաքական, ինչպես նաեւ որոշ տնտեսական համագործակցության խորացումը եւ համապատասխան փաստաթղթի ստորագրումը ՀՀ հետ: Միեւնույն ժամանակ հատկանշական է «իրատեսական ակնկալիքներ» ձեւակերպումը, որը, թերեւս, հղում է ՌԴ գործոնի վրա եւ այս տեսանկյունից պարունակում է որոշակի սահմանափակումներ եւ անվստահության արտահայտում է ՀՀ իշխանությունների եւ Հայաստանում ներկայումս գործող այլ քաղաքական ուժերի նկատմամբ:

– Հայաստանը կնախընտրեր, որ Ռուսաստանն Ադրբեջանին զենք չվաճառեր՝ սլովենական «Dnevnik» օրաթերթին տված հարցազրույցում նշեց օրերս Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Պաշտոնական Երեւանի կողմից այս մակարդակով վերաբերմունքի արտահայտումը կարո՞ղ է հետեւանքներ ունենալ, եւ Հայաստանն ինչպե՞ս կարող է արդյունքի հասնել այս հարցում, ի՞նչ աշխատանք է անհրաժեշտ տանել այս ուղղությամբ:

– Չեմ կարծում, որ վերաբերմունքի նման արտահայտումը կարող է հետեւանքներ ունենալ, առավել եւս, որ նշված հարցազրույցն ամբողջությամբ վերցրած բացառում է որեւէ գործնական շարունակություն եւ նույնիսկ որոշ չափով փաստում է ՌԴ շահի գերակայությունը ՀՀ շահերի նկատմամբ: Ավելին՝ այն շատ յուրովի մեկնաբանելով դաշնակից հասկացողության բովանդակությունը՝ մեկ անգամ եւս հաստատում է, որ Հայաստանը կամ ավելի ճիշտ՝ Հայաստանի այսօրվա իշխանությունները ներկայիս պայմաններում որեւէ դեպքում չեն վիճարկի Ռուսաստանի գործողությունները՝ անկախ դրանց էությունից, դրդապատճառներից եւ հնարավոր հետեւանքներից Հայաստանի համար:

Ընդհանրապես Ադրբեջանին զենք վաճառելն ընդամենը մեկ դրվագ է Հայաստանի նկատմամբ ՌԴ վերաբերմունքի եւ վարվող քաղաքականության ամբողջական պատկերի: Նույնիսկ ամենավերջին օրինակները շատ են եւ վերաբերում են տարբեր ոլորտների՝ սկսած նույն զենքի վաճառքից եւ մեր պետական շահին հակառակ՝ Հայաստանին պարտադրված անդամակցությունից ԵՏՄ-ին, մինչեւ Գյումրիի ՌԴ ռազմակայանի զինծառայողի կամ զինծառայողների կողմից իրականացված Ավետիսյանների ընտանիքի գնդակահարության հանգամանքների եւ, մասնավորապես, դրա հետաքննության հետ կապված իր միջազգային պայմանագրային պարտավորությունների կոպիտ ոտնահարումը ՌԴ-ի կողմից: Եվ հիմնական խնդիրը նախ եւ առաջ մեր մեջ է, մեր շահերը պաշտպանելու մեր անկարողության մեջ:

Մինչդեռ Հայաստանն ունի մի շարք լծակներ եւ հնարավորություններ տարբեր հարթություններում, երկկողմ եւ միջազգային համագործակցության շրջանակներում Ռուսաստանի վրա ներգործելու եւ իր շահերը պաշտպանելու: Այդ լծակները կան եւ քաղաքական, եւ տնտեսական, եւ ռազմական համագործակցության ոլորտներում՝ Հայաստանի համար շահավետ պայմաններով Իրանից գազի ներկրումից, Գյումրիի ռազմակայանի տեղակայման ֆինանսական պայմանների վերանայումից ու ռազմական, մասնավորապես՝ սահմանային անվտանգության ապահովման ուղղությամբ միջազգային համագործակցությունը այլ պետությունների հետ ակտիվացնելուց, միջազգային ատյաններում ՌԴ-ի կողմից ՀՀ նկատմամբ իր միջազգային պարտավորությունների կատարման խնդրի բարձրացումից սկսած՝ ընդհուպ մինչեւ ԵՏՄ-ի կազմից դուրս գալը:

Մեր հարավային սահմանի եւ, մասնավորապես, միջազգային օդանավակայանի պաշտպանության ձեւաչափի փոփոխությունը ես, անկախ ամեն ինչից, համարում եմ անհրաժեշտ քայլ՝ ինչպե՞ս կարելի է սահմանները եւ ընդհանրապես անվտանգության ապահովումը ամբողջովին վստահել նրան, ով երբեք չի եղել վստահելի գործընկեր, եւ ում համար քո անվտանգության սպառնալիքի աղբյուրը պատմականորեն ավելի կարեւոր եւ արժեքավոր է, քան դու: Սակայն այս ամենը հնարավոր կլինի միայն բազմաթիվ անգամ հնչեցված համակարգային փոփոխությունների, Հայաստանում լեգիտիմ՝ ՌԴ-ի իշխանական եւ օլիգարխիկ համակարգի հետ կոռուպցիոն սխեմաներով եւ անձնական շահերով չշաղկապված իշխանության եւ համարժեք ընդդիմության ձեւավորման դեպքում: Անհրաժեշտ պայման է նաեւ, վերջապես, գիտակցել Հայաստանի արժեքն ու կարեւորությունը Ռուսաստանի համար, չգերագնահատել վերջինիս նշանակությունը ՀՀ-ի համար եւ սերմանել այս գիտակցությունը մեր հասարակության մեջ:

– ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը վերջերս գրառում էր արել Ֆեյսբուքում, պատմել էր, որ Սփյուռքի հայաշատ համայնքներից մեկում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով կազմակերպված միջոցառմանը ելույթ ունենալու հրավեր էր ստացել, սակայն Հայաստանի դեսպանությունը առարկել է նրա մասնակցությունը: «Ասեմ, որ սա բացարձակապես անհասկանալի եւ անընդունելի է: Ցավում եմ այս ճղճիմ վարքագծի համար»,- նշել էր նա: Դուք եւ ձեր գործընկերները 2008-ի նախագահական ընտրությունները օրինական անցկացնելու մասին հայտարարության համար զրկվեցիք ԱԳՆ-ում աշխատանքից Օսկանյանի՝ ԱԳ նախարար եղած ժամանակ: Ինչպե՞ս եք վերաբերվում վերջին տարիներին «ժողովրդավար» Օսկանյանի այս եւ այլ հայտարարություններին:

Oskanyan

– Ինձ համար որեւէ սկզբունքային տարբերություն չկա Վարդան Օսկանյանի եւ, ասենք, նույն Գագիկ Ծառուկյանի միջեւ՝ երկուսն էլ, ամենքն իր հարթությունում եւ իր ունակությունների շրջանակում, հանդիսանում են այլ խաղացողների կամ ուժերի շահերը սպասարկող միջոց կամ գործիք: Բավական է հիշել, թե ինչպիսի եռանդով էր Օսկանյանը պաշտպանում 2008թ. Մարտի 1-ի սպանդը կազմակերպած իշխանությունների գործողությունները՝ դրա դիմաց ակնկալելով ստանձնել ՀՀ վարչապետի պաշտոնը, ինչը, սակայն, այդպես ել չդարձավ իրականություն: Ուստի եւ ես որեւէ կերպ չեմ վերաբերվում վերջին տարիներին Օսկանյանի կողմից արված հայտարարություններին կամ նրա գործունեությանը: Իսկ ինչ վերաբերում է այլոց «ճղճիմ վարքագծին», ապա Օսկանյանի այս գնահատականը միայն հեգնանքի է արժանի:

– Ձեր կարծիքով՝ ի՞նչ տեղի ունեցավ փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից հետո Հայաստանի քաղաքական դաշտում: Այդ ելույթին հաջորդած իրադարձությունները` ԲՀԿ-ի կազմաքանդումը կարելի՞ է անակնկալ համարել:

– ԲՀԿ-ի կազմաքանդումն, իսկ ավելի ճիշտ՝ Գագիկ Ծառուկյանի գահավիժումն անակնկալ չէր, ինչպես նաեւ ԲՀԿ-ի շարքերի ընթացող նոսրացումը, ինչը Ծառուկյանի անկման տրամաբանական շարունակությունն է: Հայաստանի քաղաքական դաշտում տեղի ունեցավ այն, որ այդ «հայաստանածին ուժի» միջոցով բուրժուադեմոկրատական հեղափոխություն իրականացնելու ծրագիրը, որը մի կողմից՝ գործնականում նպատակաուղղված էր 2008-ին Հայաստանում ձեւավորված ուժեղ եւ իրական ընդդիմադիր շարժման չեզոքացմանը, ինչն իր հերթին ակնհայտորեն թելադրված էր Մոսկվայից, եւ մյուս կողմից՝ ըստ էության, հիմնականում պայմանավորված էր Մոսկվայի վստահության եւ աջակցության համար Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան մրցակցությամբ, ավարտվեց կամ, ավելի ճիշտ, ծառայեց իր նպատակին եւ սպառեց իրեն: Այս ընթացքում ինչ գործոնների ազդեցության տակ ինչպիսի համաձայնությունների եկան հիմնական խաղացողները՝ տեսանելի կդառնա ժամանակի ընթացքում: Սակայն արդյունքում այսօր Հայաստանի քաղաքական դաշտում մնացել է բավական հզոր իշխանական բուրգ՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, որը հիմնված է անձնական տնտեսական շահերի վրա, կախված է ՌԴ իշխանություններից, բացարձակապես բալանսավորված չէ որեւէ համարժեք ընդդիմադիր ուժով եւ դրանով իսկ խոցելի է եւ պարունակում է բազմաթիվ վտանգներ Հայաստանի համար:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031