Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ ցույց տվեց «Պուտինի անհետանալու» 10-օրյակը

Մարտ 20,2015 17:30

Առցանց «Առավոտի» եթերում թեման քննարկում են Գերագույն խորհրդի նախկին
պատգամավոր Ազատ Արշակյանը եւ Ազգային ժողովի պատգամավոր Թեւան Պողոսյանը:

Արամ Աբրահամյան.– Մարտի 5-15-ը, երբ Ռուսաստանի նախագահ Պուտինը փաստորեն չէր երեւում հեռուստաէկրանին, բազմաթիվ խոսակցություններ եւ ենթադրություններ հնչեցին: Դրանք բոլորը սո՞ւտ էին:

Ազատ Արշակյան.- Խոսակցությունները ճիշտ էին, ենթադրությունները` սխալ:

Ա. Ա.– Ո՞ր խոսակցություններն էին ճիշտ եւ ո՞ր ենթադրությունները՝ սխալ:

Ազ.Ա.– Ծանր, անբուժելի հիվանդություն` ինսուլտ, ինֆարկտ կամ ողնաշարի վնասվածք, քաղաքական մեկուսացում՝ դրանցից ոչ մեկը փաստորեն ճիշտ դուրս չեկավ: Նշանակում է՝ մենք վերադարձել ենք մի շրջան` ենթադրությունների, ասեկոսեների եւ տողատակերի ընթերցանության շրջան, որ հատուկ է եղել Ռուսաստանին դեռ 19-րդ դարում, հետո արդեն մեզ հայտնի` Սովետական Միության ժամանակ: Ամեն ինչի հետեւում ինչ-որ բաներ փնտրել, այսինքն՝ խորհրդանշաններով կռահել, թե ինչ է կատարվում Կրեմլի պատերից այն կողմ: Այդ իմաստով բնական էր, դա աշխուժություն բերեց, որովհետեւ քննարկելու այլ քաղաքական թեմաներ գրեթե չկային Ռուսաստանի հետ կապված, հիմա հետաքրքիր էր դա, մենք ընթերցում էինք:

Ա. Ա.- Նույն հարցը Ձեզ, Թեւան: Ամեն ինչ ծայրից ծայր հնարա՞ծ էր:
Թեւան Պողոսյան.- Խնդիրը այստեղ, ըստ իս, ոչ թե հնարած-չհնարածի մեջ է, այլ նրանում, որ ուսումնասիրելով պատմությունը՝ վերջին 200 տարիների ընթացքում Ռուսաստանում կարծես թե մեկ կամ երկու դեպք կարող ենք նկարագրել, որ իշխանությունը փոխանցվել է ինչ-որ հասկանալի գործընթացով, մնացած ժամանակները կամ թունավորել են, կամ սպանել են, կամ հեղափոխություն են արել, կամ պալատական հեղաշրջում են արել: 200 տարվա մեջ միայն 2 դեպք է եղել նորմալ՝ երբ մի անգամ Պուտինը փոխանցեց Մեդվեդեւին իշխանությունը, մի անգամ էլ Մեդվեդեւը փոխանցեց Պուտինին:

Ա. Ա.– Իսկ որ Ելցինը փոխանցեց Պուտինին, դա ի՞նչ եք համարում:

Թ. Պ.- Ելցինը հասկանում էր միգուցե, որ եթե մնա իր պաշտոնում՝ գործընթացը նորմալ փոխանցմամբ չի ստացվի, դրա համար որոշեց ներքին ձեւով փոխանցել՝ ինչ-որ չափով, կարելի է ասել, որոշակի ուժերի ազդեցության տակ: Դարձյալ իշխանափոխության նորմալ գործընթաց չէր՝ ժամկետը չլրանալով, գիտակցելով, որ ավելի վատ պրոբլեմներ են լինելու: Չմոռանանք, որ Ելցինը երկար փնտրտուքների մեջ էր, մի 4-5 հոգու անուն էր տալիս իր հետնորդի, վերջում եկավ մի մարդ, որին լավ չէին ճանաչում: Մի խոսքով՝ այս կարծրատիպային ընկալումների մեջ մարդիկ իրենց դատողություններն էին անում: Բայց կյանքը ցույց տվեց, որ եթե նույնիսկ եղել էլ է ինչ-որ բան, ապա ոչ թե հարթվել է, այլ կանխատեսումները միանգամից չեն իրականացել, թե հետո ինչ կլինի՝ Աստված գիտի: Բայց այստեղ ինձ թվում է` մեզ ոչ թե պետք է հետաքրքրի՝ հնարավոր է կամ հնարավոր չէ, այլ` ինչքանով ենք մենք պատրաստ տարբեր սցենարների զարգացմանը:

Ա. Ա.- Սցենարներից մեկը, այսպես ասած՝ Կադիրովի հեղափոխությունն է Նեմցովի սպանությունից հետո:

Ազ. Ա.– Ռուսաստանում ինչքան որ իշխանությունը ձգտում է կենտրոնացնել իշխանության ուղղահայացը, ճիշտ այդքան, ուղիղ համեմատական, անկառավարելիությունը մեծանում է: Ձգտելով կառավարելիության մեծացմանը՝ Ռուսաստանը փաստորեն կորցնում է կառավարելիությունը, այսինքն` տեղերում իշխանությունը անցնում է բոյարների ձեռքը: Օրինակ՝ վերջերս Սախալինի նահանգապետին կալանքի վերցրեցին խոշոր չափի չարաշահումների համար, ասում են՝ պատճառը այն էր, որ սա «անտեր» նահանգապետ էր, այսինքն` նահանգները դարձել են տեղական իշխանների, բոյարների համար սեփականություն: Ասենք, Կադիրովի տարածքը, դա Ռուսաստան պետության հետ, կարելի է ասել, կապ չունի, պայմանական Ռուսաստանի Սահմանադրությունը, Ռուսաստանի ֆեդերալ օրենքները այնտեղ, կարելի է ասել, չեն գործում, ու այդպես է նաեւ Մոսկվայում, այդպես է նաեւ մյուս նահանգներում:

Քննարկումն` ամբողջությամբ

Պատրաստեց
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
19.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031