Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես կոնսերվատորիայում հղացան սիմֆոնիկ նվագախումբ ունենալու գաղափարը

Մարտ 20,2015 13:00

90 տարի առաջ՝ 1925թ. մարտի 20-ին Երեւանում կայացավ Հայաստանի նորաստեղծ սիմֆոնիկ նվագախմբի անդրանիկ համերգը՝ Արշակ Ադամյանի ղեկավարությամբ: Երեւանի պետական կոնսերվատորիայի դասախոսներից եւ ուսանողներից կազմված այս նվագախումբը հետագայում հիմք հանդիսացավ Հայաստանում գործող բոլոր սիմֆոնիկ, կամերային եւ օպերային նվագախմբերի համար:

«Առավոտի» հետ զրույցում Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Շահեն Շահինյանն (լուսանկարում) ասաց, որ 1920-ականներին՝ Հայաստանի համար ծանր պայմաններում, սիմֆոնիկ նվագախումբ ստեղծելու՝ անիրագործելի թվացող գաղափարի հեղինակն էր Երեւանի կոնսերվատորիայի ռեկտոր, դիրիժոր Արշակ Ադամյանը: «Նվագախմբի հիմնական երաժիշտները դարձան կոնսերվատորիայի լարային բաժնի 5 դասախոսները՝ Հովհաննես Հովհաննիսյանը, Դավիթ Սողոմոնյանը, Անդրեյ Կոտլյարեւսկին, Արտեմի Այվազյանը, Վիլհելմ Շպերլինգը եւ նրանց ուսանողները: Փաստորեն, դասախոսները կրկնակի աշխատանք էին կատարում՝ մասնագիտական գիտելիքները զուգահեռելով նվագախմբայինի հետ»,- հայտնեց մեր զրուցակիցը:

Շահեն Շահինյանին խնդրեցինք ներկայացնել վերջին շրջանում կոնսերվատորիայի ուսանողական նվագախմբի գործունեությունը: Հետաքրքրվեցինք նաեւ՝ բացի ուսանողական գործընթացից, նվագախումբը ի՞նչ դերակատարում ունի մեր մշակութային կյանքում: «2000-ականների սկզբից նվագախումբը ղեկավարում է դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանը՝ նվագախմբային վարպետություն առարկայի շրջանակներում: Կարծում եմ՝ խոսուն փաստ է, որ նվագախումբն անդրադառնում է համաշխարհային դասական նվագախմբային երաժշտության այնպիսի նմուշների, ինչպիսիք են, ասենք, Դվորժակի, Բեթհովենի ստեղծագործությունները, երկու տարի առաջ էլ համարձակ քայլ էր, բայց նվագախումբն իր ղեկավարի հետ պատվով դուրս եկավ, հանդես գալով Տերտերյանի 3-րդ սիմֆոնիայի մեկնաբանմամբ: Նվագացանկում մշտական տեղ ունեն նաեւ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ Սպենդիարյանից մինչեւ Խաչատրյան ու մերօրյա հեղինակներ»,- հայտնեց ռեկտորը: Փաստեց նաեւ, որ նվագախումբը վերջին տարիներին հաճախ է հանդես գալիս Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության կազմակերպած փառատոներին, հնչեցնելով միության անդամների երկերը, այդ թվում՝ Էդվարդ Սադոյանի, Արթուր Ահարոնյանի, Էդուարդ Բեյլերյանի: Նվագախմբի հետ ելույթներ են ունենում նաեւ հայաստանյան երաժշտական դպրոցների շնորհալի աշակերտներ:

Պարոն Շահինյանը հավաստիացրեց, որ նվագախմբային վարպետություն առարկայի շրջանակներում դիրիժորը նվագախմբի հետ «ընթերցում» է նաեւ ուսանող կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ հետագայում դրանք առիթի դեպքում հանդիսատեսին ներկայացնելու համար: Նշեց, որ ուսանողական նվագախումբը հաճախ հրավիրվում է նաեւ պետական միջոցառումների: Ռեկտորը հիշեց ժամանակին Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հրավիրած հայաստանյան կլոր սեղանի ավարտին մատուցած ներկայացումը՝ կոնսերվատորիայի նվագախմբի, երգչախմբի եւ Երեւանի կինոյի ու թատրոնի պետական ինստիտուտի ուսանողների մասնակցությամբ, որը մեծ ոգեւորությամբ ընդունվեց բարձրաստիճան հոգեւորականների կողմից:
Շահեն Շահինյանը հայտնեց, որ օրերս Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայում Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ ուսանողական նվագախումբը, վոկալիստներն ու փոքր կազմով երգչախումբը հանդես կգան Ռոսինիի «Սեւիլյան սափրիչ» օպերային ներկայացմամբ:

Իմիջիայլոց, Ազգային օպերային թատրոնում մարտի 20-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ կայանալիք համերգը նվիրվում է նվագախմբի առաջին ելույթի 90-ամյակին:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031