Լրահոս
Օրվա լրահոսը

Նյութի դեմ պայքարում ոգի՛ն է հաղթողը

Մարտ 20,2015 12:30

«WEB Ծիրան» համահայկական
առցանց կինոփառատոնը շուտով կամփոփի արդյունքները

Արդեն չորրորդ անգամ անցկացվող «WEB Ծիրան» համահայկական առցանց կինոփառատոնը դրսեւորվելու հրաշալի հնարավորություն է հատկապես ուսանող եւ երիտասարդ ռեժիսորների համար: Փառատոնի կազմակերպիչներ webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսությունը, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը՝ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության շնորհիվ սահմանել է մեկ գլխավոր մրցանակ, որը 400.000 դրամ է եւ 2 խրախուսական մրցանակ: Քանի որ փառատոնն առնցանց է, ամենաշատ դիտումներ ունեցած ֆիլմն էլ կարժանանա «Համակրանք» խրախուսական մրցանակի եւ հատուկ դիպլոմի:

«WEB Ծիրանը» նաեւ հնարավորություն է շնորհալի երիտասարդներին բացահայտելու համար, ուրախալի է, որ փառատոնի ֆիլմերը ստացվել են ո՛չ միայն Հայաստանից: Հավելենք, որ հաղթողների անունները հայտնի կդառնան մարտի վերջին:
«WEB Ծիրանի» ֆիլմերն ամենատարբեր հարցեր են շոշափում՝ սկսած համազգային արժեքներից, Հայոց ցեղասպանության ճանաչումից ու Կոմիտասից՝ վերջացրած պարզ մարդկային հարաբերություններով:

Պրոֆեսիոնալիզմով էր արված ռեժիսոր Արտյոմ Բարկուդրի «Գրկիր ինձ ամուր» ֆիլմը, հետաքրքիր էին Ասպետ Շերմազանյանի «Ջուրը», Էրիկա Բադալյանի «Ֆրանսիական համբույրը», Պողոս Արոյի «Մեծ ծաղրանկարիչը՝ Սարուխանը», հուզիչ էր Տաթեւ Ղազարյանի «Ձեռքդ տուր» աշխատանքը, Սասնուհի Մանուկյանի «Անտեսվածը»:
Ընդհանրապես, բոլոր աշխատանքներից բարություն է կաթում եւ հոգեւորը կարեւորելու միտում է զգացվում (Սասնուհի Մանուկյան՝ «Տատս», Հայկ Բաբայան՝ «Աններդաշնակ տանգո», Արեն Մալաքյան՝ «Աղջիկը լուսնի վրա» եւ այլն):

Իմիջիայլոց, Անի Հակոբյանի «Ուղերձը» ամենադիտված ֆիլմերի թվում է, ինչպես նաեւ «Գրկիր ինձ ամուր»-ը եւ «Ձեռքդ տուր»-ը:

«WEB Ծիրանի» բոլոր ֆիլմերն էլ հաջողված են ու դիտելու արժանի, պարզապես ռեժիսորների մեծ մասը հույզի վրա է շեշտադրում կատարել, իսկ կինոն զուտ հույզ չէ, ոմանք էլ խառնել են կինոն հեռուստատեսային նյութի հետ:

Ամեն դեպքում, կեցցեն այդ ֆիլմերը ստեղծողները՝ ոգու սովին դիմագրավողները, եւ բնականաբար՝ այդ ֆիլմերին առցանց հարթակ տրամադրողներն ու լավագույններին խրախուսողները: Այս ամենը գալիս է փաստելու, որ ի վերջո նյութի դեմ պայքարում ոգին է հաղթողը ու արվեստը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031