Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես չվնասել երեխային ձեր դաստիարակությամբ

Մարտ 20,2015 12:00

Բոլոր ծնողները ցանկանում են, որ իրենց երեխաները լինեն երջանիկ, բայց նրանցից շատերը` առանց մտածելու, երեխային տանում են դեպի փակուղի:
Որպեսզի ձեր փոքրիկը մանկության տարիներին հոգեբանական տրավմայի չենթարկվի եւ ապագայում չդիմի հոգեբաններին, ապա պետք է ծնողները զգույշ լինեն դաստիարակության հարցերում:

Հոգեբանները ծնողներին առաջարկում են իրենք իրենց հարց տալ, արդյոք նրանք ցանկանում են դաստիարակել լսո՞ղ, թե՞ հաջողակ երեխա, եւ երբ ձեր փոքրիկը ինչ-ինչ հարցերում չլսի ձեզ, հիշեք այս հարցը:

Ըստ հոգեբանների` երեխան մայրիկից լավ է հասկանում` քաղցած է, թե` ոչ, քունն է տանում, թե ուզում է խաղալ, բայց պետք չէ մոռանալ երեխայի ռեժիմի մասին:
Երեխաները ծնողներից հրաշալի կերպով ընդօրինակում են, ուստի ամենեւին կարիք չկա բարկանալ այն թերության վրա, որը ձեզնից է սովորել:

Հոգեբան Սոնա Գալստյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ փոքրիկը պետք է ընտրության հնարավորություն ունենա` ինչը եւ ինչքան ուտել, որտեղ խաղալ, ինչ հագնել, այսկերպ նա սովորում է ինքնուրույն որոշումներ կայացնել:

Հոգեբանը խորհուրդ է տալիս, որ եթե երեխան խաղահրապարակում խաղում է, պետք չէ անընդհատ վախեցնել նրան` թե «հիմա կընկնես, ոտքդ կկոտրես, արյուն կգա», նման մտքերով, սակայն սա չի նշանակում, որ աչքաթող պետք է անեք, ապահովեք փոքրիկի անվտանգությունը, հետեւեք նրա քայլերին, քանի որ ամեն դեպքում ձգտելու է իր հետաքրքրությունները բավարարել: Սոնա Գալստյանը նշեց, որ երեխաներին սովորեցնելու լավագույն մեթոդը` ծնողի հետ միասին որեւէ գործողության կարտարումն է: «Ավելի շատ փոխանակվեք ձեր փորձով երեխայի հետ եւ մի պարտադրեք որեւէ բան, այլ թույլ տվեք, որ նա միշտ ունենա ընտրության հնարավորություն»,- նշեց հոգեբանը:

Լինում է, երբ ձեր բալիկը վատ ինքնազգացողություն ունի եւ ծնողներն այդ պահին սկսում են խրատել կամ պատժել, հոգեբանը խորհուրդ է տալիս, որ նման դեպքերում պետք է երեխային սիրել, գուրգուրել, քանի որ այդ պահին նա դրա կարիքը ավելի շատ ունի: Լինում է, երբ երեխաները ժամերով հեռուստացույց են նայում, որից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս երեխային զբաղեցնել տարբեր խաղերով եւ պարապմունքներով: Հոգեբանը կարեւորեց նաեւ այն, որ ծնողները չպետք է մոռանան իրենց մասին եւ «անձնազոհ» լինեն հանուն երեխայի կապրիզների` հետեւեք ձեր խնամքին, զբաղվեք ձեր հոբիով եւ կյանքի ռիթմից հետ մի ընկեք:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
19.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031