Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը թերահավատորեն է մոտենում շրջանառվող վարկածին, թե ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքական դաշտից հեռանալուն նպաստել են ՀՀ երեք նախագահները:
Հիշեցնենք, որ քաղաքական վերլուծաբանները կարծիքներ էին շրջանառում, թե Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին դրեց զոհասեղանին, իսկ Ռոբերտ Քոչարյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը իրենց համաձայնությունը տվեցին «Այդպիսի խորամանկությունների մեջ մտնելը դժվար է, ճիզվիտությունը շատ տարածված է: Նման պարագայում կպաշտպանեմ նույնիսկ Քոչարյանին, որովհետեւ ինքը մի ոգի է, որ մարմնի կարիք ունի, որ մարմնավորվի քաղաքական կյանքում: Ինքը սեփական քաղաքական մարմին չունի: Իմ կարծիքով, Ծառուկյանի դուրս բերումը նրա համար վերջին մարմնավորման հնարավորությունից զրկումն էր: Հիմա ինքը պետք է մարմնավորման հնարավորություններ փնտրի քաղաքական դաշտից դուրս: Չեմ կարծում, որ նրա համար նպաստավոր էր Ծառուկյանի դուրս բերումը, որ դրան էլ նպաստեր: Նույնը Լեւոն Տեր-Պետրոսյանի պարագայում, ԲՀԿ-ն ՀԱԿ-ի համար դաշնակից ուժ էր, որի հետ միասին կոնկրետ ծրագրեր ունեին»,- ասաց Աշոտ Մանուչարյանը:
Ընդդիմադիր դաշտում նոր միավորումներ հնարավո՞ր են հարցին, պարոն Մանուչարյանը շարունակեց. «Անկասկած, հույս ունեմ, որ քաղաքական ուժերի մեջ նույնիսկ կոնսեսուս կլինի, նույնիսկ ՀՀԿ-ն պետք է գիտակցի դրա անհրաժեշտություն: Այսօր չի հասկանում, վաղը, վաղը չէ մյուս օրը կհասկանա, որ հանրապետությունում ոչ մի հարց չի կարողանում լուծել: Նա մեկուսացված է եւ ներսում եւ դրսում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ