Սյունիքի, Լոռու եւ Տավուշի մարզերի մի շարք համայնքներում տեղական հանրաքվեներ կանցկացվեն, որի համար կառավարությունն, այսօրվա նիստում ֆինանսավորում հատկացրեց: Կառավարությունն այս երեք մարզերում՝ համայնքների խոշորացման երեք պիլոտային ծրագիր կիրականացնի:
Կառավարության նիստից հետո տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը լրագրողներին ասաց, որ խոշորացման արդյունքում համայնքները լինելու են որպես բնակավայրեր, բայց լինելու է մեկ համայնքի ղեկավար: Նախարարն ասաց, որ խոշորացման նպատակը միջոցների խնայումն է: Ըստ հաշվարկների, խոշորացման դեպքում մոտավորապես 50-60 տոկոս դրամական խնայողություն է լինելու:
Արմեն Երիցյանի խոսքերով, բացի խնայողությունը նաեւ համայնքի կենտրրոնում աշխատատեղ են ստեղծելու, որպեսզի մարդիկ աշխատանք ունենան. «Ընդհանուր ես գտնում եմ, որ պիլիտային ծրագրի շնորհիվ մենք կտեսնենք, թե ինչ արդյունք կլինի»: Նախարարի խոսքերով՝ կառավարությունն աշխատանք է տանում միջազգային կազմակերպությունների հետ, ներդրումներ ներգրավելու համար. «Մենք գտնում ենք, որ դա դրական է, եկեք այս պիլոտային ծրագրով միասին գնանք առաջ, տեսնենք` ինչ է լինում: Մենք ունենք քաղաք՝ Դաստակերտը, որը 200 բնակիչ ունի, քաղաքներ ունենք, որոնք ունեն մինչեւ 900, 1500 բնակիչ: Մենք պետք է խոշորացնենք եւ կարողանանք տեսնել, որ այդ համայնքները, որոնք խոշորացնում ենք, կառավարելը հեշտ կլինի»: Հարցին, թե պատճառը նաեւ արտագա՞ղթն է, որ կառավարությունը գնում է նման որոշման, որովհետեւ մարդիկ լքել են իրենց բնակավայրերը, պարոն Երիցյանն ասաց. «Չէ: Մենք պետք է մտածենք, որ, եթե խոշորացնում ենք համայնքները, պետք է հաշվի առնենք ամենը՝ արտագաղթը, մյուսը-մյուսը: Խոշորացվող համայնքներում ներդրումներ են լինելու, մենք տրանսպորտային միջոցներ ենք հատկացնելու, ասֆալտապատում ենք անելու»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ