Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարություն» ֆիլմի առաջին ցուցադրությունը կայացավ (Ֆոտոշարք)

Մարտ 19,2015 17:09

Մարտի 18-ին Նարեկացի արվեստի միությունում կայացավ webtv.am հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսության «Հարություն» ֆիլմի պրեմիերան՝ նվիրված հայ մեծ կոմպոզիտոր Հարություն Դելլալյանին: 25 տարի առաջ Հարություն Դելլալյանը անժամանակ հեռացավ կյանքից՝ իր ստեղծագործական կարճ ժամանակահատվածում թողնելով ստեղծագործություններ, որոնք հայ երաժշտական արվեստի գանձարանում իրենց ուրույն տեղն ունեն:

Սերված լինելով Հայոց Մեծ Եղեռնը վերապրած գերդաստանից, Մեծ ներգաղթի տարիներին վերաբնակվելով Հայաստանում, Հարություն Դելլալյանը համառորեն իր քայլերն արեց դեպի հայ երաժշտություն և իր ստեղծագործություններով ճանաչելի դարձրեց մաքրամաքուր հայ երաժշտությունը՝ լինելով հայ դասական հնչողության մեջ նորարարության կնքահայրերից: Նրա «Նվիրում Կոմիտասին», «Հաղթական Ռեքվիեմ», «Topophono» և այլ ստեղծագործություններ համաշխարհային ճանաչում և հնչողություն ձեռք բերեցին: Նրա ստեղծագործությունները կատարել են աշխարհահռչակ շատ երաժիշտներ և ստեղծագործողներ՝ այդ թվում և հայազգի երգեհոնահար Պերճ Ժամկոչյանը, Հասմիկ Պապյանը, Արամ Ղարաբեկյանը, դաշնակահար Արթուր Փափազյանը և այլոք:

arayik3 arayik2 arayik1 arayik5

Դրանք հնչել են Քարնեգի Հոլում, աշխարհի շատ հայտնի բեմերում: Ֆիլմում Հարություն Դելլալյան մարդու անցած ճանապարհի արժևորումն էր, անդրադարձը Դելլալյան կոմպոզիտորին՝ նրա ընտանիքի անդամների, գործընկերների, մտերիմների զգացմունքային պատումներով և Հարություն Դելլալյանի երաժշտությամբ: «Հայ նորագույն երաժշտության համատեղության մեջ իր ուրույն տեղն ունի, իր մնայուն տեղը, որը կարծում եմ, որ այլևս ընթացքի մեջ է, որը նրան տանում է դեպի դասականություն». Սա կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի՝ Հարություն Դելլալյանի մասին ֆիլմում հնչած խոսքից է, իսկ Հասմիկ Պապյանի գնահատմամբ Հարությունն այն մարդկանցից էր, որոնք ձևավորում են միջավայր: «Նրա երաժշտությունը, երբ այսօր լսում ենք, կարծես դա երեկ է գրվել: Այնքան արդիական, այնքան թարմ, այնքան ժամանակակից է: Այնքան նոր է մտածելակերպը, երաժշտական մտածողությունը»: Ցուցադրության ավարտին Հարություն Դելլալյանի մասին խոսք ասացին ֆիլմի հեղինակը՝ webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսության տնօրեն Արայիկ Մանուկյանը, հայ երաժշտության վարպետներ Սեդրակ Երկանյանը, Դանիել Երաժիշտը, Հարություն Դելլալյանի երիտասարդության տարիների ընկերները: Ցուցադրությանը ներկա էր և խոսք ասաց նաև Հարություն Դելլալյանի դուստրը՝ «Դելլալյան տրիո»-ի և Պորտուգալիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի ջութակահարուհի Նարինե Դելլալյանը: Ֆիլմի համացանցային պրեմիերան առաջիկա օրերին՝ webtv.am հայկական մշակութային ինտերնետ հեռուստատեսությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031