Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք դեռ սպասում ենք թուրք դեսպանի խոստացած ցուցահանդեսին». Հայկ Դեմոյան

Մարտ 19,2015 16:46

Մարտի 18-ից 20-ը Երևանում անց է կացվում «Արարատի ստորոտին» 5-րդ միջազային մեդիա համաժողովը, որի ուշադրության կենտրոնում Հայոց ցեղասպանությունն է:

Եռօրյա համաժողովին մասնակցում են տարածաշրջանային և միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, գիտնականներ, հասարակական և քաղաքական գործիչներ:

«Հայոց ցեղասպանության հարցը ժողովրդի պատմության մի մասն է, այն յուրաքանչյուր հայի գենի մեջ է»,- այսօր՝ «Արարատի ստորոտին» 5-րդ միջազային մեդիա համաժողովի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ, ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը՝ ընդգծելով, որ Ցեղասպանության հարցը հայ ժողովրդի համար միայն հուշ և ոգեկոչում չէ, այն նաև ազգային անվտանգության խնդիր է:

Պատասխանելով ղազախստանցի լրագրողի հարցին, թե արդյո՞ք հայերն ունեն վիճակագրական տվյալներ Ցեղասպանության զոհերի մասին, Հ. Դեմոյանը նկատեց, որ որևէ ցեղասպանություն, պատերազմ կամ մեկ այլ արհավիրք այդպիսի կոնկրետ թվեր չունի, և զոհերի թիվը հիմնականում կլորացվում է: «Հայոց ցեղասպանության զոհերի վիճակագրության առումով Հայաստանի կառավարությունը հենվում է հայկական և թուրքական արխիվների այդ ժամանակվա մարդահամարի տվյալների վրա»,- ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը և հավելեց, որ թանգարան-ինստիտուտում պահվում են Թալեաթ փաշայի գաղտնի նյութերն ու 1916 թվականին արված այն քարտեզը, որտեղ Թալեաթը գրում է, որ արդեն ութ հարյուր հազար հայեր են սպանվել Արևմտյան Հայաստանի տարածքում: «Թալեաթը նաև գրում է, որ այն բնակավայրերում, որտեղ հայերի թիվը գերազանցում է հինգ տոկոսը, պետք է իրականացնել էթնիկ բնաջնջում: Քեմալականների ներխուժման հետևանքով մինչև 1923 թվականը ևս 180 հազար հայ է սպանվել»,- ասաց Հ. Դեմոյանը:

Նա նաև նշեց, որ թանգարանն ունի մարդկության դեմ կատարված հանցագործությանն առնչվող բազմաթիվ փաստեր, լուսանկարներ, ինչպես նաև արտասահմանցի դիվանագետների վկայություններ, որոնք, ի թիվս թանգարանի այլ ցուցանմուշների, այս տարի կցուցադրվեն մոտ հիսուն երկրներում:

Անդրադառնալով թուրքական ժխտողականությանը՝ Հ. Դեմոյանն ասաց, որ երբեմն թուրքական, այսպես կոչված, պատասխաններն ավելի շատ նպաստում են Ցեղասպանության միջազգային ճանաչմանը, քան խոչընդոտում: Որպես օրինակ՝ նա հիշեց Դանիայի թագավորական գրադարանում մի քանի տարի առաջ բացված ցուցահանդեսը, որի համար Դանիայում Թուրքիայի դեսպանը բացատրություն էր պահանջել: «Դրանից հետո դանիական մոտ երեք հարյուր լրատվամիջոցներ անդրադարձան Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսին և իրենց վրդովմունքն արտահայտեցին այն մասին, թե թուրք դեսպանն ինչ իրավունք ունի հրամաններ արձակելու իրենց երկրում: Դեսպանն էլ իր հերթին խոստացավ, որ Թուրքիան նույնպես նմանատիպ ցուցահանդես կկազմակերպի՝ «Այսպես կոչված՝ Հայոց ցեղասպանություն» խորագրով:

Այդ օրվանից արդեն երեք տարի է անցել, և մենք դեռ սպասում ենք, թե երբ է խոստացված այդ ցուցահանդեսը բացվելու: Չէ՞ որ մենք ուզում ենք իմանալ, թե թուրքական կողմն ինչպիսի փաստեր ունի, որոնք կարող են ժխտել Հայոց ցեղասպանությունը»,- ասաց Հ. Դեմոյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031